Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐ ԻՄ ՍՈՒՐԲ ՈՒ ԲԱՐԻ…



Դավիթաշեն գյուղի տներից մեկի բակում մի մեծ վրան է խփված։ Դրկից-հարեւանները, գյուղացիները, հարազատներն ու ընտանիքի մտերիմ մարդիկ ծաղիկներով, ծաղկեպսակներով ներս են մտնում Խաչատրյան գերդաստանի այդ օջախը, ցավակցում են հարազատներին, ապա դուրս գալիս խումբ-խումբ հավաքվում են, եւ հիմնական զրույցը ննջեցյալի մասին է: «Ափսոս էր, դեռ ինչքան երազանք ուներ, ոնց էր երազում այն օրվան, երբ հարս պիտի բերի, իր թոռներին գրկի, սիրի»,- ասում է հարազատներից մեկը։

«Ավանդապահ, հայրենասեր օջախի դուստր էր մեր հարսը։ Երեք զինվոր պարգեւեց մեր գերդաստանին, մեր ազգին։ Երբ տղաները ծառայության մեջ էին, ինքն արդեն անբուժելի, ծանր հիվանդ էր, սակայն ոչ մի անգամ չբողոքեց։ Երբ տղաները կարճատեւ արձակուրդով տուն էին գալիս, տեսնել էր պետք այն ուրախությունը, ջերմությունը, որով ընդունում ու ճամփում էր իր տղաներին։ Կարծես մոռանում էր իր ցավը։ Իսկ ճանապարհելուց հետո անքուն գիշերներ էր անցկացնում»,- ասում է Գրիգոր պապը։
Հիշողություններն ինձ տանում են աշնան մի երեկո, երբ եղա այս հյուրընկալ օջախում։

…Աշնանամուտ էր, զգացվում էր ձմռան շունչը։ Աշնան անձրեւը իջնում էր ծառերի դեղնած տերեւներին, լվանում-մաքրում էր փողոց ու կտուր։ Օրերը կարճացել էին, եւ երկար ձգվող գիշերային ժամերին հետաքրքիր զրույցը տաքուկ այդ հարկի տակ, որտեղ հպարտության հետ կարոտ կա ու սեր, հիշողություն կա ու սպասում, եւ այդ ամենը ողողված է աշնան սարսռուն գույներով ու ձմռան ճերմակությամբ, գարնան կապույտով ու ամռան ջերմությամբ։ Արշակ եւ Սոնա Խաչատրյանների օջախն էր դա՝ հայոց ավանդական մի տուն, որտեղ այդ երեկո, սեղանին իրենց որդիների՝ Ահարոնի, Էմինի, Վլադիմիրի լուսանկարներն էին, նամակները։ Երեք որդիներն էլ ծառայության մեջ էին։ Տիկին Սոնան պատմում է. «Ահարոնս այս տարի կավարտի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ սպա կդառնա։ Էմինս ու Վլադիմիրս իրենց ծառայությունն են տանում սահմանային տարբեր զորամասերում։ Եթե Արշակին էլ հաշվեմ, միայն մեր օջախից 4 զինվոր է ծառայում հայոց բանակում»: Արշակը՝ տիկին Սոնայի ամուսինը, ազատագրական պայքարի առաջին իսկ օրից զինվորագրվել է «Սասունցի Դավիթ» ջոկատին ու ջոկատի տղաների հետ անցել փառավոր ուղի,-«Ավագ որդիս` Ահարոնը, հետս գալիս էր Քարվաճառ,- պատմում է հայրը,- սիրեց զինվորականի գործը, դարձավ զինվորական»։

Հետո մայրը գուրգուրանքով ցույց է տալիս իրենց ընտանեկան լուսանկարը, որն արվել է Վլադիմիրի` դպրոցն ավարտելու վերջին օրը։ Հուզված կարդում է որդու` բանակից ուղարկած բանաստեղծությունը.
Մայր իմ, նոր եմ ես հասկանում քաղցրությունը ծնողի,
Եվ հավատա, որ այսուհետ՝ ինչ էլ կյանքում որ լինի,
Խորհուրդները քո մայրական սուրբ կլինեն մեզ համար։

Եվ աշնանամուտի այդ երկար, անվերջանալի գիշերը խոսք ու զրույցի թեման հայոց բանակն էր, այնտեղ ծառայող որդիները՝ Ահարոնը, Էմինը, Վլադիմիրը, որոնց անունները օրհնանքով եւ, մայրական ջերմությամբ ու ժպիտով էր տալիս մայրը։ Եվ հավատում ես, որ այդ օրհնությունը, այդ սերն ու կարոտը հավերժ մնալու է այս օջախում, որպես հիշողություն, որպես մի հուշ Սոնա մայրիկի մասին…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #33 (898) 24.08.2011 - 31.08.2011, Հոգևոր-մշակութային


31/08/2011