Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸՍկիզբը՝ նախորդ համարում

 Չնայած եղանակի անտանելի դժվարություններին, գումարտակի մարտիկներին հաջողվում է խուսափել սառչելուց ու հիվանդանալուց շնորհիվ լիցքային վարժությունների: Նրանք կարողանում են պահպանել իրենց մարտունակությունը, իսկ ադրբեջանցիներից շատերը, ինչպես պարզվեց հետագայում, ցրտահարվել էին ու մնացել բարձունքներում:

Երկրորդ, անհրաժեշտ էր պարզել տեղանքի ընդհանուր յուրահատկությունները, բարձունքում տեղաբաշխված հակառակորդի դիրքերի և այնտեղ եղած ուժերի իրական դասավորվածությունն ու մանրամասները: Երկաթյա օրենք էր՝ մինչեւ որեւէ գործողություն ձեռնարկելը Պետոն ինքը պետք է գնար հետախուզության և անձամբ ուսումնասիրեր բոլոր այն նրբությունները, որոնց համակողմանի վերլուծությունն ու իմացությունը անհրաժեշտ էր մարտական գործողությունները հաջողությամբ մշակելու և իրականացնելու համար:

Տեղանքը  շատ բարդ կառուցվածք ուներ: Լեռնագագաթներին բուք էր, իսկ ներքևում լեռնալանջերը պատված էին մինչև կես մետր հաստության ձյան շերտով: Լեռնաշղթայի վրա, մեկը մյուսին հաջորդող ու լրացնող բազմաթիվ բլուրները վերածելով պաշտպանական հարմարավետ հենակետերի, ադրբեջանցի հրամանատարությունը փաստորեն նաև բնական ամրակուռ պարիսպներով էր կասեցնում արցախյան ուժերի առաջխաղացումը: Ճիշտ է, մասնակիցների վկայությամբ՝ թշնամու ուժերն այնքան էլ բազմաքանակ չէին, բայց տիրելով տեղանքի իշխող բարձունքներին՝ նրանք ձեռք էին բերել դիրքային շատ մեծ առավելություն: Արցախյան զորամասերի արդյունավետ գործողություններին զգալի չափով խոչընդոտում էր նաև այն, որ նրանց հարձակման գոտում, մինչեւ հակառակորդի գրաված դիրքերը, ընդհատվում էր անտառային շերտը, իսկ բաց դաշտում, բարձունքների վրա հարձակում գործելն անհամեմատ դժվարին խնդիր է: Պաշտպանության նման հզոր համակարգը խորտակելու համար անհրաժեշտ էր ուժերի հարաբերակցության ճշգրիտ հաշվարկ, մարտավարական ճկունություն, անսպասելի հարվածներ և,  իհարկե, ֆիզիկական ահռելի ուժերի ներդրում: Թվում էր` դիրքային անվիճելի առավելություն ունեցող հակառակորդի պաշտպանական դիրքերի խորտակումը անիրականանալի խնդիր է, բայց Պետոն պատրաստ էր հաղթահարելու նաեւ այդ դժվարությունները, եւ իզուր չէ, որ նա հաղթանակող հրամանատարի անուն էր վաստակել:

«Սարերը չափչփելու ժամանակ,- վերհիշում է երգիչ-ազատամարտիկ Մակիչը,- Պետոն նայեց, նայեց հակառակորդի դիրքերին և ասաց. «Մկո՛, ի՞նչ ենք անելու, այստեղ անելու գործ չկա»:

Պարզվում է, որ ադրբեջանցիները, հիմնական ուշադրությունը բեւեռելով Չիչագլիի բարձունքներին, անընդհատ նորանոր ուժերով համալրում ու ուժեղացնում էին այդ հենակետերը: Տվյալ իրավիճակում դա շատ կարեւոր և նուրբ հարց էր, որի նշանակությունը Պետոն անմիջականորեն նկատում է ու պատշաճ գնահատում: Բազմակողմանիորեն հաշվարկելով ստեղծված կացության նրբությունները՝ նա, ըստ Մակիչի, որոշում է. «Բոլորը սպասում են, որ մենք առաջին հերթին այդ բարձունքները (նկատի ունի Չիչագլիի երեք բարձունքները – Հ.Գ.) կվերցնենք, որ տիրենք ու նոր առաջանանք: Բայց մենք ուրիշ բան կանենք. կկտրենք դեպի սարը ձգվող ճանապարհը, և նրանք կորցնելով թիկունքի հետ կապող հաղորդակցության ուղին՝ կհայտնվեն շրջափակման մեջ»:

Խնդրի լուծման գաղտնիքը հայտնի էր: Պետոն գումարտակի սպայակազմի պետ Ռոմիկի ուղեկցությամբ մեկնում է Վանք գյուղ, որտեղ Վիտալի Բալասանյանի գլխավորած Ասկերանի գնդի կենտրոնն էր, ռազմական խորհրդում ներկայացնելու հենց այդ տարբերակը:

«Առաջարկեցինք,- նշում է Ռոմիկը,- որ սարը թողնենք մեր թիկունքում, հենակետեր դնենք, որ նրանք չիջնեն սարից ու մեր ճանապարհը փակեն: Առաջարկեցինք այդտեղ պաշտպանություն դնել, որ նրանք չիջնեն եւ աշխատենք մյուս բարձունքների, մասնավորապես՝ 2071-ի վրա: Եթե գրավեինք այդ բարձունքը, ապա կփակվեր դեպի Չիչագլի սար տանող ճանապարհը, և այնտեղ այլև ոչ մի մեքենա ու տեխնիկա չէր կարող գնալ: Օգնության ճանապարհը փակում էինք, ու եթե կարողանայինք գոնե մի երկու օր պահել, ապա նրանք ստիպված կլինեին սարից իջնել: Ձմեռ էր, ցուրտ, եթե նրանց փոխարինելու, սննդի հարցը չկազմակերպվեր, ապա նրանք բնականաբար չէին կարողանա այնտեղ մնալ»:

Փաստարկը միանգամայն տրամաբանական էր ու հիմնավորված, և ռազմական խորհուրդը, հուրախություն Պետոյի և Ռոմիկի, ընդունում է հենց այդ առաջարկությունը:

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸԽորհրդակցելով իր  գումարտակի ջոկատների հրամանատարների հետ՝ Պետոն վճռում է գործողությունն իրականացնել հետևյալ ուղղվածությամբ. ամենից առաջ անհրաժեշտ էր օգտագործել  2071 բարձունքի դիմացի հենակետում տեղաբաշխված Մամիկոնի  (Կալոյան Մամիկոն, Թիֆլիսից) զինաջոկատի տղաներին: Նա, մինչ այդ, իր գլխավորած մարտիկներով մի քանի անգամ այդ հենակետում լավ ջարդ էր տվել թշնամուն, ու այդ պատճառով զինվորներն այդ բարձունքը կոչել էին նրա անունով՝ «Մամիկոնի բարձունք»):

Մամիկոնը հետախուզել ու ուսումնասիրել էր տեղանքը և շատ լավ ծանոթ էր նրա յուրահատկություններին: Նրան հանձնարարվում է իր հենակետից առաջանալ ու աջ կողմից հարձակվելով հակառակորդի դիրքերի վրա՝ գրավել դրանք և շարժվել դեպի բարձունքի կենտրոնը:

Հարկ է նշել, որ Մամիկոնի գլխավորած ջոկատի տղաներն առանց բացառության ընտրագույն ռազմիկներ էին՝ մարտական հարուստ կենսագրությամբ, ֆիզիկապես հրաշալի կոփված, իրենց ուժերին ու կարողություններին վստահ, հոգով՝ ուժեղ, վճռական եւ, ինչպես ընդունված է ասել, կես խոսքից իրար հասկացող:

Պետոն քաջատեղյակ էր ջոկատում ընդգրկված տղաների մարտական կարողություններին և ավելի քան համոզված, որ նրանք այս անգամ էլ լավագույնս կկատարեն առաջադրանքը:

Մամիկոնի ջոկատի շարժմանը զուգընթաց՝ Պետոն գրոհի համար նախատեսված երկրորդ խումբը պիտի առաջնորդեր ներքևում գտնվող երկու մեծ բլուրների միջև ձգվող ձորերով ու աննկատ առաջանալով՝ մոտենար 2071 բարձունքին:

Տեղանքի ու հակառակորդի դիրքերի մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ Պետոն որոշում է, որ առավել արդյունավետ գործելու համար պետք է համեմատաբար փոքրաքանակ ուժերով ծավալել հարձակումը: Նման որոշումը շատ կարեւոր էր ու խորապես կշռադատված: Քանի որ հակառակորդի դիրքերից, մասամբ նաև անտառաշերտերի ընդհատվելու պատճառով, տեսադաշտը բաց էր, եւ ամեն մի շարժում շատ լավ տեսանելի, ուստի մեծաքանակ ուժերով գրոհը կարող էր ավելորդ և անհարկի  խառնաշփոթ ու բարդություններ առաջացնել, և որ ամենաանցանկալին է, զոհերն ավելի շատ կարող էին լինել: Իսկ նվազագույն կորուստներով որևէ գործողություն իրականացնելը նրա համար առաջնահերթ նշանակություն ուներ:

Նրա մտահղացմամբ՝ մարտական ուժերի փոքրաթիվ լինելը պիտի փոխհատուցվեր ի հաշիվ արագ տեղաշարժերի, անսպասելի հարվածների և հակառակորդի ապակողմնորոշվածությամբ ու նրանց շարքերում առաջացած խուճապի:

Մարտական գործողություններին մասնակցելու համար նա ընտրում ու կազմում է երկու ջոկատ: Առաջին ջոկատում Մամիկոնի մարտիկներն էին, իսկ երկրորդում՝ հրազդանցի Սմբատի (Մանուկյան Ռազմիկ) գլխավորած վաշտի 25 – 30 զինվորները:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Ճակատագրեր


01/03/2018