Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ



ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸՀովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում երդման հանդիսավոր արարողություն է:

Վաղ առավոտից Հայաստանի տարբեր անկյուններից, հեռու-մոտիկ բնակավայրերից, հարազատ-բարեկամ եկել են մասնակցելու իրենց զինվոր զավակների երդման արարողությանը: Որդիների զորակոչվելուց հետո անհամբեր սպասել էին այս պահին, օրերը հաշվել մոտալուտ հանդիպման:

Շարահրապարակում զգաստ, ձիգ ու խրոխտ կանգնած են տղերքը՝ ամեն մեկը հայրենիքի մի սյուն… Ծնողները, բարեկամները փորձում են գտնել իրենց զինվորին, բայց, դե արի զինվորական համազգեստով այսքան իրար նման տղաների միջից գտիր հարազատիդ…

Ծերունազարդ Անուշավան պապը Թալինի Իրինդ գյուղից եկել-հասել է, որ թոռան՝ Տիգրանի երդումը լսի, սիրտը փառավորվի, բայց… տարիքից է դժգոհում, ժամանակի անողոքությունից.

– 86 տարեկան եմ, ջահել լինեի, շարքում կանգնած թոռանս կտեսնեի, առաջին զինվոր թոռս է..

Կոտայքից Օնիկ պապն էլ առիթը բաց չի թողնում հպարտանալու.

-Իմ չորրորդ թոռն է՝ Արգիշտս… Նայում եմ նրան ու իմ ջահել օրերն եմ հիշում, իմ զինվորական երդումը. մերոնցից ոչ ոք էլ ներկա չէր, Գերմանիայում էի ծառայում, ով կկարողանար գալ… Հիմա ասենք՝ ոնց չուրախանամ, ոնց չհպարտանամ, հայրենի հողում են ծառայում, մեր հողի համար…

-Երրորդ տղաս ՝ Արտյոմս է հիմա բանակում, գիտեմ՝ մյուս եղբայրների նման լավ կծառայի, փառքով-պատվով տուն կվերադառնա,- զրույցին միանում է երեւանցի Մարուսյա Աթաբեկյանը:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸՍուսաննա և Մելսիդա տատիկները Եղեգնաձորից եկել էին թոռնիկին՝ Հարութ Գրիգորյանին տեսնելու:

-Տղա երեխան բանակում կոփվում է, էլ ավելի պնդանում, ամրանում.. Բայց, գիտեք, մենակ մեր թոռը չէ հիմա զինվոր, մենք էլ ենք… ամեն զինվոր թոռան հետ զինվորանում ենք,- կատակում են տատիկները:

-Հա, էդպես է,- հաստատում է Ապարանից Վարդուհի Միրզոյանը,- բանակին, զինվորին վերաբերող ամեն լուր մեր սրտի, մեր հոգու միջով է անցնում: Որդուս՝ Անդրանիկ Մակարյանի երդմանն եմ մասնակցում: Մենակ երկրին խաղաղություն լինի, էլ բան չեմ ուզում…

Հիշարժան օրվա առթիվ շնորհավորական խոսք է ասում զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Երոյանը.

-Զինվորական երդումը ամենակարևոր խորհուրդն է ցանկացած զինվորի համար, ինչպես որ երեխան է մկրտվելով դառնում քրիստոնյա, այնպես էլ դուք՝ երդվելով դառնում եք զինվոր, հայրենիքի պաշտպան: Ջանք չխնայենք և՛ մենք, և՛ դուք: Համոզված եմ՝ ուսումնական զորամասում ստացած ձեր գիտելիքներով եւ հմտություններով կնպաստեք զինված ուժերի մարտունակության է՛լ ավելի ամրապնդմանը: Զորամասի հրամանատարության եւ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ՝ բարի երթ, սիրելի՛ նորակոչիկներ, թող ձեր պաշտպանած սահմանները միշտ անառիկ լինեն:

Կուրսանտ Սարգսյանն էլ բոլոր ծառայակից ընկերների անունից վստահեցնում է, որ պատվով կկատարեն հայրենիքի պաշտպանի վեհ, միաժամանակ պատասխանատու առաքելությունը, լավ, բանիմաց մասնագետներ կդառնան եւ բարձր կպահեն հայոց բանակի փառքն ու պատիվը:

 Զինծառայողներին օրհնանքի, քաջալերության խոսքեր է հղում զորամասի հոգևոր սպասավոր տեր Արիս քահանան:

Ներկաներին շնորհավորում է նաեւ ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Եգորյանը. «Այսօր տոն է, յուրահատուկ օր բոլորիս համար, տոն հատկապես այն զինվորների համար, ովքեր այսօր հայրենանվեր մեր քաջերի հետնորդը լինելու երդում տվեցին: Այս պահից սկսած՝ դուք անդամագրվում եք այս մեծ ընտանիքին, այս վայրկյանից սկսած՝ զինվորական ընտանիքի հայր է դառնում զորամասի հրամանատարը, իսկ սպաները՝ ձեր ավագ եղբայրները: Նվիրված ծառայեք եւ մեկընդմիշտ հիշեք՝ մենք ունենք պատմություն, որ շատ ազգեր կերազեին ունենալ: Նժդեհն ասում է. «Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք»: Պահպանեք մեր պատմությունը, արժանի ժառանգորդը եղեք պապերից մեզ վստահված երկրի: Այսօրվանից պատմության շարունակության մաքուր էջը ձեզ է վստահված: Համոզված եմ՝ այդ մաքուր էջի վրա գրելու եք մեր ազգին արժանի պատմություն…»:

 ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸԵրդվում են զինվորները, ու հատու արտասանվող ամեն հատիկ բառը հավատդ, հույսդ ավելի է ամրացնում:

-Վստահ եմ՝ որդիս՝ Աշոտը, պատվով կծառայի` ինձ նման, Մեծ հայրենականին մասնակից Աշոտ պապի նման… Մեզ համար երազանք էր ազգային բանակ ունենալը… այսօր որդիս հայկական բանակի համազգեստ հագած՝ երդվում է… Շնորհավորում եմ բոլորիս,- հուզմունք, հպարտություն խառնած՝ ասում է ազատամարտիկ Կարեն Ներսիսյանը:

…Վերջապես գալիս է հանդիսավոր օրվա ամենասպասված պահը՝ հարազատ- բարեկամ-զինվոր կարոտած գրկախառնվում են..

Ով նկատի-չնկատի, բայց մայրերը հաստատ կնկատեն կտրուկ փոփոխությունը՝ զինվորական կյանքն իր ցայտուն ազդեցությունն է ունեցել զավակների ոչ միայն կեցվածքի վրա՝ ձգվել են, առնականացել, այլ մտածելակերպի ու անգամ բառապաշարի վրա.

-Ամեն ինչ լա՞վ է, տղա՛ս:

-Ճիշտ այդպես, մա՛մ ջան…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/02/2018