Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՎՍ ՄԵԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ



ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՎՍ ՄԵԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՀունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեցին Երևանի Աջափնյակ համայնքի Գ. Հասրաթյանի փողոցում գտնվող նորակառույց շենքի բնակարանները:

Շենքի բակում այդ օրը շատ ցուրտ էր, սակայն հավաքվածներին` զինծառայողներին ու նրանց հարազատներին ջերմացնում էր տաք ու հարմարավետ այս շենքում շուտով իրենց նոր բնակարանների բանալիներն ստանալու միտքը: Շենքի հանդիսավոր բացումն սպասված իրադարձություն էր այն զինվորականների և նրանց ընտանիքների համար, ովքեր ծառայության դժվարությունների հետ մեկտեղ նաև երկար տարիներ բնակարանային խնդիր էին ունեցել:

Շենքը բաղկացած է կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված 1-ից  4 սենյականոց 71 բնակարանից: Բնակարանների բաշխումը ՊՆ բնակարանային հանձնաժողովն իրականացրել է ՀՀ կառավարության սահմանած կարգով` հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները. ա) հրամանատարական կազմին (մինչև զորամասի հրամանատար և տեղակալ ներառյալ), բ) մարտական գործողությունների մասնակիցներին, գ) «Մարտական խաչ» շքանշանակիրներին, դ) հակառակորդի հետ շփման գծում առնվազն 5 տարի ծառայած զինծառայողներին և ե) համաձայն Երևան քաղաքում հաշվառման հերթացուցակի: Իսկ հատկացվող բնակարանների սենյակների թիվը որոշվել է` հաշվի առնելով զինծառայողների ընտանիքների անդամների թվաքանակը, սեռային պատկանելությունը և այլ չափորոշիչներ:

Շենքի բոլոր նոր բնակիչներն, այսպիսով, վաստակաշատ զինվորականներ են, և յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունի բանակաշինության գործում:

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՎՍ ՄԵԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԲնակարանների սեփականության վկայագրերն ու բանալիները զինծառայողներին հանձնեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա իր շնորհավորանքի խոսքում ասաց. «Ես նախ և առաջ ուզում եմ կարճ հանձնարարական տալ բոլոր այն բնակարան ստացածներին, ովքեր դեռ ամուսնացած չեն, և հիշեցնել, որ ժամանակն սկսում է իրենց դեմ աշխատել: Քիչ զավակներ ունեցողներն իրենց հերթին թող մտածեն զավակների թիվն ավելացնելու մասին: Իսկ, ընդհանուր առմամբ, ուզում եմ մաղթել, որ բոլորիդ օջախներում միշտ ուրախությունն ու երջանկությունը, խաղաղությունը թևածեն: Թող ձեր տները լեցուն լինեն մարդկային այն ջերմությամբ, որ օջախը տարբերում է պարզապես կացարանից: Սա այն նվազագույնն է, ինչին դուք իրոք արժանի եք: Այսօր բնակարան ստացողներից յուրաքանչյուրն ունի անցած մարտական ուղի և վաստակ: Պետք է ասել, որ շատ դժվար էր մի քանի հազար սպաների, ենթասպաների, ծառայողների ցուցակից ընտրել յոթանասունմեկ հոգու, որ առաջնահերթության կարգով բնակարան պետք է ստանան: Սա է պատճառը, որ մենք փոխում ենք մոտեցումը, և արդեն այս տարվանից հարյուրավոր սպաներ կկարողանան գերմատչելի հիփոթեքային ծրագրով իրենց խնդիրը լուծել հաշված տարիների ընթացքում. հերթագրվելուց հետո երեք-չորս տարվա ընթացքում ունենալ պատրաստի բնակարան: Դուք չէ, որ ինձ կամ շտաբի պետին պետք է շնորհակալություն հայտնեք, մենք ենք շնորհակալ ձեր ծառայության համար, հայրենիքի հանդեպ ձեր վերաբերմունքի համար, ձեր ընտանիքների համբերատարության համար, որով նրանք դիմանում են ձեր երկար բացակայություններին, մարտական խնդիրներ կատարելիս ձեզ սպառնացող բոլոր վտանգներին: Աստված պահապան ձեզ և բոլորիդ ընտանիքներին»:

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՎՍ ՄԵԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԱյնուհետև զինծառայողներից մի քանիսն իրենց շնորհակալական խոսքն ասացին: Հրետանային ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Արթուր Հարությունյանն ասաց. «Երկար տարիներ ծառայելով մեր ԶՈՒ մարտական ծառայություն իրականացնող զորամասերում՝ միշտ էլ իմ և ծառայակից  ընկերներիս համար բնակարանի խնդիրն առկա է եղել: Ու այսօր մեր  վաղեմի երազանքը կատարվեց: Ես մեր բոլոր սպաների անունից ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին, Ձեզ` պարոն նախարար, և Ձեզ` պարոն գեներալ-գնդապետ՝ այս օրը մեզ և մեր ընտանիքների համար տոն դարձնելու համար: Եվ հուսով եմ, որ այս բնակարանը մեզ նոր շունչ և  ուժ կտա` մեր հետագա ծառայությունը շարունակելու և պետական սահմաններն անառիկ պահելու գործում»:

Այնուհետև բանակի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տնօրհնեքի արարողություն կատարեց, որից հետո սպաների երեխաներից երկուսն ուրախությամբ կտրեցին կարմիր ժապավենը:

Ահա և սպասված պահը. զինծառայողներն առաջին անգամ բացում են իրենց նոր բնակարանի դուռը, շրջում են սենյակներով, ծանոթանում պայմաններին: Նրանց հետ միասին բնակարաններով շրջում են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, շնորհավորում ու բարեմաղթանքներ ուղղում զինծառայողներին: Մտնում են գնդապետ Արմեն Ավթանդիլյանի բնակարանը: Շեմքից նրանց են դիմավորում գնդապետն ու իր երեք զավակները. որդին` Միքայելը և երկու դուստրերը: Նախարարն ու գլխավոր շտաբի պետը բաժակ են բարձրացնում ու շնորհավարում բազմազավակ զինվորականին:

Փոխգնդապետ Արմեն Մովսիսյանի բնակարանում ենք. «1998 թվականից՝ առաջին զինվորական կոչումն ստանալուց հետո, հերթագրված եմ եղել,- ասում է փոխգնդապետը:- Այդ ժամանակվանից սպասում ենք, ու վերջապես այս օրը եկավ: Երևի երեխաներիս տրամադրությունն ու ժպիտը ավելի խոսուն են, քան իմ ու տիկնոջս խոսքերը կլինեին:  Դրսում փոքրիկս` Հովհաննեսը, շենքի ստվերում կանգնած, անտեսելով ցուրտը, համբերությամբ սպասեց մինչև մեր հերթը հասավ, մոտեցավ նախարարին ու իր ձեռքով վերցրեց բանալին»:

Երեխաներն ուրախ ելումուտ են անում իրենց նոր բնակարանի սենյակներով, որոշում` որ սենյակը ումն է լինելու: Եվ իհարկե առաջինը Հովիկն է. «Սա իմ սենյակն է»,- ասում է փոքրիկը ու ավելացնում.- «Կարևորը` Արարատն է երևում պատուհանից»:

Մեկ այլ տանտեր` փոխգնդապետ Արմեն Բարեղամյանը, վստահ է. «Սա շատ կարևոր հարց է զինծառայության մեջ գտնվող սպայի համար: Եթե սպան գիտի, որ իր սեփական տունը, օջախն ունի, ծառայության մեջ, ընտանիքում ամեն ինչ ավելի նորմալ կընթանա»:

Կինը` Քրիստինեն, հուզված է. «Մենք անչափ ուրախ ենք: Ուզում եմ, որ բոլորն զգան այսպիսի ուրախություն: Բնակարանը շատ գեղեցիկ, լուսավոր ու հարմարավետ  է»:

Փոխգնդապետ Տարոն Եղիազարյանը նույնպես չի թաքցնում հուզմունքը. «Թե որքան կարևոր է տունը սպայի համար, հնարավոր չէ խոսքերով արտահայտել: Արդեն 23 տարի է` ծառայում եմ զինված ուժերում, և մոտավորապես կարող եք պատկերացնել, թե ինչ ապրումներ ունեմ հիմա: Մենք շատ հպարտ ենք ու ուրախ, նաև` շատ շնորհակալ մեր նախարարին, որ այս պատվին արժանացրեց մեզ: Պարտավորվում եմ այսուհետ է՛լ ավելի մեծ ջանք ու եռանդ գործադրել հայրենիքի սահմանների պաշտպանության գործում: Ինքներդ էլ տեսնում եք, թե բնակարանային պայմանները որքան լավն են. մեծ, հաճելի, լուսավոր տուն է: Չէինք էլ պատկերացնում, որ հենց այսպիսին կլինի մեր տունը»:

Շենքի միջանցքներում շրջելիս այս ու այն կողմից ուրախ բացականչություններ ենք լսում, բարեմաղթանքներ: Հարևանները շնորհավորում են միմյանց, առաջին այցերն են կատարում մեկը մյուսին: Այս հուզառատ օրը մի մեծ զինվորական ընտանիք ձևավորվեց, իսկ տպավորությունները դեռ երկար կմնան շենքի բոլոր բնակիչների հիշողության մեջ:

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #04 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Ազգային բանակ, Սոցիալ-իրավական


31/01/2018