Հայերեն | На русском | In English
Հանրապետական հավաքակայանի դարպասների առաջ հավաքվել են հարազատ-բարեկամ, ընկեր ու ծանոթ՝ բանակ ճանապարհելու իրենց զինվորներին…
Զորակոչ է…
Հայերիս համար արու զավակը պաշտամունքի առարկա է՝ տան ծուխը ծխացնողը, օջախի սյունը: Մեր օջախի սյուները գնում են ծառայության, ու հիմա նրանք հայրենիքի սյուներն են …
Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից են եկել տղերքը, ամեն մեկն իր տարածաշրջանին բնորոշ խոսակցականով զրուցում են, հումորներ անում, ջանում թաքցնել ներքին հուզմունքն ու անհանգստությունը:
Մոտենում եմ անկյունում խմբված տղաներին, ծանոթանում-զրուցում, փորձում հասկանալ՝ ինչ ապրումներով, ինչ մտահոգություններով են բանակ գնում:
Ռուբեն Յարոյանը Հրազդանի Ջրառատ գյուղից է:
-Հինգ երեխա ենք՝ 2 եղբայր, 3 քույր: Եղբայրս՝ Սաշիկը, արդեն մեկ տարվա ծառայող է, գնալու եմ Արցախ, եղբորս հետ ծառայեմ:
-Մենք էլ երեք եղբայր ենք,-ներկայանում է Նաիրիի շրջանի Նոր Գեղիից Արամ Եղիազարյանը,- ավագ եղբորս՝ Վահագի ծառայության ավարտին հաշված օրեր են մնացել, հունվարի 24-ին զորացրվում է, ինքը գալիս է, ես գնում եմ, փոքր եղբայրս էլ՝ Էդգարը, դեռ չորս տարեկան է , ասում է՝ շուտ մեծանամ, ձեզ նման զինվոր դառնամ, ու թշնամու հախից մի լավ գամ:
Արամուսցի Սարգիս Ավագյանը միանում է մեր զրույցին, Սարգիսն ապագա բանասեր է:
-Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է, 16 տարեկանում տնից փախել- գնացել է, որ ազատամարտին մասնակցի: Մոնթեի ջոկատում է կռվել: Մոնթեն հորս շատ էր սիրում, հայրս այնքան բան է պատմել անվախ հերոսի մասին, նրա քաջագործությունների մասին: Հիմա դուք ինձ ասեք՝ Մոնթեի զինվորի տղան ո՞նց կծառայի…Ես հորս հուսախաբ չեմ անի: Կգաք իմ ծառայավայր ու դուք էլ կհամոզվեք…
– Ուր էլ տանեն, լավ պիտի ծառայենք…ուր էլ գնանք՝ մեր հայրենիքն է, -ասում է առինջցի Հարություն Ղազարյանը ու շտապում հասնել ընկերներին, որոնք արդեն բուժկետ են մտնում:
Բուժզննում անցնելուց հետո տղաները գնում են համազգեստ ստանալու. նախորդ ձմեռային զորակոչից հանդերձավորումն արդեն իրականացվում է հավաքակայանում:
-Էս ինչ նման ենք իրար,- սրամտում է երիտասարդներից մեկը,- արդեն իսկական զինվորներ ենք, հիմա էլ գնանք բանակային առաջին կալորիաները ստանալու:
Ամենավճռորոշ պահն է…Վիճակահանություն սենյակում տղաները մոտենում են համապատասխան թմբուկներին ու հանում թղթերը, որտեղ ծառայավայրն է նշված: Ամեն ինչ տեսանկարահանվում է:
Սպասասրահում ծնողներն հայացքները էկրանից չեն կտրում. դեռ հրաժեշտ չտված՝ արդեն կարոտում են զավակներին…
Հասմիկ Ավետիսյանը եկել է եղբորը՝ Գեղամին ճանապարհելու:
-Եղբայրս ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում է սովորում: Տրամադրված ու պատրաստ մեկնում է ծառայության:
-Բարով գնան, բարով վերադառնան,- ասում է նորակոչիկ Գեղամի մայրը՝ տիկին Քնքուշը՝ արցունքները թաքցնելով:- Ես հիմա զինվորի մայր եմ, ամուր եւ ուժեղ պետք է լինեմ: Ուրախ եմ, որ առողջ որդի ունեմ եւ հպարտ, որ հայոց բանակում պիտի ծառայի…
Ամենահուզառատ պահն է: Զինվոր զավակները հրաժեշտ են տալիս ծնողներին … Հրաժեշտի տաք խոսքեր, հուսադրող, գոտեպնդող ու ոգեւորող բառերի տեղատարափ, խորհուրդներ, գրկախառնություն …
…Դրսում նորակոչիկների նոր խումբ է ժամանել: Հավաքակայանի մատուռի մոտ նկարում եմ նրանց:
Ամենակարող Տեր, պահապան եղիր մեր զավակներին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս՝ հեղինակի