Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԸ՝ ՔԱՋ, ՍԱՀՄԱՆԸ՝ ՀՈՒՍԱԼԻ



ԶԻՆՎՈՐԸ՝ ՔԱՋ, ՍԱՀՄԱՆԸ՝ ՀՈՒՍԱԼԻՄարտական դիրքում մեզ դիմավորեց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արտակ Ավալյանը և ուղեկցեց գետնատնակ: Բայց մինչ գետնատնակ հասնելը,  մենք հարկադրված էինք հաղթահարել հենակետի չորքոտանի պահապանների «արգելքը», որոնք, մեքենայից իջնելուն պես, շրջապատեցին ու մի լավ «զննեցին» բոլորիս:

-Հավատարիմ ու խելացի կենդանիներ են,- շներին մեզանից հեռացնելով՝ ասաց դիրքի ավագը:- Մեզ  շատ են օգնում: Անմիջապես կռահեցին, որ դուք թեպետ անծանոթ, սակայն յուրային եք: Նրանք իրենց գործը լավ գիտեն: Դրա համար լավ «տնտղեցին» ձեզ:

Նկատեցի, որ շներից մեկի ոտքը թաթից կտրված էր: Արտակն ասաց, որ ականի վրա է պայթել:

– Ականներից մեր չորքոտանի բարեկամներն էլ են տուժում:- Հոգոց հանելով հավելեց դիրքապահներից մեկը, որը կենդանիների կերակրողն ու վարժեցնողն էր.  նրա մոտենալուց հետո միայն շները մեզ հանգիստ թողեցին:

Այս անգամ առաջնագիծ էինք այցելել նաև հատուկ առաքելությամբ. առաջնագծում դժվարին ծառայություն իրականացնող մեր դիրքապահներին պաշտպանության նախարարի ամանորյա ուղերձն ու նվերներն  էինք բերել: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը անձնակազմի համար բարձրաձայն կարդաց հենակետի ավագը:

ԶԻՆՎՈՐԸ՝ ՔԱՋ, ՍԱՀՄԱՆԸ՝ ՀՈՒՍԱԼԻԳետնատնակի հենց շեմից երևաց, որ այստեղ հոգատար ու սրտացավ ձեռք  է դիպել: Կացարանը իսկական ամրաշինական կառույց էր հիշեցնում, ներսն էլ նորոգ ու կոկիկ կահավորված էր: Ամեն ինչ իր տեղում էր. զենք-զինամթերքը՝ հատուկ պահոցում, սննդամթերքը՝  սառնարանում, պարենը՝ պահարանում, պտուղ- բանջարեղենն էլ՝ հատուկ առանձնացված վայրում: Հենակետն ուներ նաև բաղնիք, փոքրիկ մարզավան, որտեղ ազատ ժամերին մարզվում, իրենց մարմինն են կոփում դիրքապահները:

Դիրքի ավագի ուղեկցությամբ խրամուղիով շարժվում ենք առաջնագիծ: Մարդաբոյ խորությամբ խրամատը բառիս բուն իմաստով ժայռերի մեջ է փորված: Մտածում եմ՝ ինչքան խելացի, կամքով արի ու քաջ են մեր դիրքապահները, որ հաղթահարելով ամեն տեսակ դժվարություն ու վտանգ՝ հենց թշնամու քթի տակ այսպիսի հուսալի և ապահով խրամուղիներ են կառուցել: Այս ամենը տեսնելով՝ հոգեպես գոտեպնդվում ես նաև դու:

Խրամատը շատ երկար է: Կատարված մեծ ծավալի ամրաշինական աշխատանքները այն դարձրել են ապահով և անվտանգ: Աջ ու ձախ վստահություն ներշնչող կրակակետեր ու ռմբապաստարաններ, խրամախորշեր ու խրամաբջիջներ են: Դիտորդ, շարքային Սամվել Ադյանի դիտակետից մոտավորապես 200 մետր հեռավորության վրա հակառակորդի դիրքն է, ներքևում՝ գյուղը, որը կարծես ափիդ մեջ լինի:

Այս մարտական դիրքի մյուս դիտորդը պայմանագրային զինծառայող Կոլյա Չոփուրյանն է, որն արդեն ինը տարի է, ինչ սահման է պահում: Դիրքի ավագը գովեստի խոսքեր ասաց նրա հասցեին. «Կարգապահ, պատասխանատվության բարձր զգացումով օժտված, մարտական հերթապահությունը գերազանց կատարող զինվոր է մեր Կոլյան»:

ԶԻՆՎՈՐԸ՝ ՔԱՋ, ՍԱՀՄԱՆԸ՝ ՀՈՒՍԱԼԻՇարքային Չոփուրյանը զեկուցեց առաջնագծում տիրող իրավիճակի մասին: Նրա դիտակետի դիմաց՝ շատ մոտ հեռավորության վրա, հակառակորդի հենակետն է: Շուրջբոլորն այնքան հանգիստ է, որ մտքովդ չի էլ անցնում, որ թշնամին դեմ-դիմաց է, որ հանդիպակաց սարալանջին թշնամու կրակակետերն են: Բացարձակապես շարժ չի նկատվում:

-Խաբուսիկ է անդորրը, պարոն փոխգնդապետ,- կարծես կարդալով մտքերս՝ ասաց փորձառու պայմանագրայինը:

– Մեր պահպանության հատվածում ամենամոտ տարածությունն է,- խոսակցությանն է միանում դիրքի ավագը:

– Առաջնագծի մյուս դիտորդը Ավագյան Ռոմանն է,- խրամաբջիջին մոտենալիս ասաց դիրքի ավագը: Մոտեցող ոտնաձայները գրավեցին դիրքապահի ուշադրությունը: Զինվորի պարթև հասակն ու ատլետիկ կազմվածքը  մեզ հիացրեց:

– Ռոմանը պատվո պահակային վաշտում է ծառայել, հավասարակշռված, կազմակերպված, խոսքի արժեքը հասկացող զինվոր է,- հընթացս իր ենթակային է ներկայացնում կրտսեր սերժանտ Ավալյանը:

Բարևում եմ ու հետաքրքրվում զինվորի ծառայությամբ, մարտական հերթապահությամբ:

– Հերթապահությունս կատարում եմ զգոն, աչալրջորեն: Ոչ մի շեղում: Աչքս բացել՝ սահման ու զինվորական եմ տեսել… Ես ծննունդով Ներքին Կարմիրաղբյուրից եմ, ծննդավայրս  հենց սահմանի պռնկին է: Երկուսուկես տարի է, ինչ ծառայում եմ, սակայն արդեն հասցրել  եմ տիրապետել սահմանային ծառայության նրբություններին,- անկեղծանում է շարքային Ավագյանը:

Գոռը հպարտանում է պատվո պահակային վաշտում իր ծառայությամբ եւ դրվագ առ դրվագ վերհիշում, թե ինչպես է դիմավորել ՌԴ նախագահ Վ. Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդին, Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլուն:

Վերցնում եմ հեռադիտակը և փորձում մի քանի րոպե ինձ զգալ դիրքապահի դերում: Պետք է խոստովանեմ, որ չկարողացա կատարյալ դիտարկում իրականացնել՝ ոչ միայն տեղանքին անծանոթ լինելու, այլև իմ ապահովությամբ մտահոգ դիրքապահ զինվորի անհանգստության պատճառով, որ հանկարծ թշնամու դիպուկահարը չթիրախավորի ինձ:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #3 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/01/2018