Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՏԵՄՊԸ



Իրանում ավարտվել են 2 նոր տեսակի սպառազինության` հականավային Qader թևավոր հրթիռի և Valfajr տորպեդային համակարգի մշակումները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` նշելով, որ նոր զինատեսակները կոչված են պաշտպանելու երկրի ազգային անվտանգությունը:

Qader թևավոր հրթիռի գործողության շառավիղը 120 ծովային մղոն է (մոտ 222 կմ): Այն կարող է խոցել նաև ցամաքային թիրախներ:

220 կգ-անոց մարտալիցքով տորպեդը կիրառվում է ցանկացած եղանակային պայմաններում, տարբեր խորությունների վրա, կարող է խոցել նաև ծովային մեծ թիրախներ:

Նոր զինատեսակները ցուցադրելիս ներկայացվել է նաև ռազմական նավերի համար նախատեսված շարժիչ, որն Իրանում նմանատիպ առաջին մշակումն է:

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին նշել է, որ այժմ երկրի ռազմական արդյունաբերությունն արտադրում է 223 տեսակի սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Վերջին շրջանում Իրանը զգալիորեն ավելացրել է նոր սպառազինության մշակման տեմպերը: Ավելի վաղ զինվորականները հայտարարել են Khalij-e-Fars և Tondar հականավային հրթիռների, Shahab-1, Shahab-2 և Shahab-3 բալիստիկ հրթիռների, Zelzal-2 չկառավարվող հրթիռների փորձարկումների մասին:

Այժմ մշակվում են երկարատև թռիչքի հնարավորությամբ բարձրաթռիչք անօդաչու ապարատ, հինգերորդ սերնդի կործանիչ, ռուսական Ս-300-ին նման զենիթահրթիռային համալիր, բալիստիկ մի քանի հրթիռներ, ավիացիոն սպառազինություն և այլն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


24/08/2011