Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՂԲՈՐՍ ՊԱՏԿԵՐԸ՝ ԳԱՐՆԱՆ ԾԱՂԿՈՒՆՔՈՒՄ…



Անմահությունը ուղեկիցն է բոլոր ժամանակների։
Օտարին Դուշման դարձած, մեզ համար այնքան սիրելի Վարդան Ստեփանյանը ապրեց ընդամենը 26 գարուն, սակայն անվախճան է նրա երկնային ճանապարհը, որն ապրողներս չափում ենք, հաշվում տարիներով։
Վարդան Ստեփանյանի քույրը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմենուհին, մարտի 9-ին, երբ դասարան մտավ, 4-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Երեմյանը ոտքի կանգնեց ու առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հերոսի հիշատակը։
-Շնորհավոր ծնունդդ, Վարդան…

Հերոսի քույրը հուզվել էր։ Աշակերտները խնդրեցին պատմել Վարդանի մասին։ Պատմություն-հիշողությունները շարունակվեցին Եռաբլուրում, Վարդանի անվան գրադարան-թանգարանում, որի առջեւ փոքրիկ հողակտորում տարբեր թփեր, ծառատեսակներ են աճում, որոնք հերոսի Զարուհի մայրը բերել է մեր ազատագրված տարածքներից, այն վայրերից, որտեղ ոտք է դրել իր որդին, հերոսաբար մարտնչել, ազատագրել եւ այդ հողը, քարը, ծառը զգացել են տիրոջ շունչը։

-Այգու ամեն մի թուփ, ամեն մի ծառ երբ ծաղկում է, ես եղբորս պատկերն եմ տեսնում այդ ծաղկունքում, մեղուների միալար ձայնի, թռչունների ծլվլոցի հետ ինձ հարազատ ձայներ եմ լսում։ Որքան էլ հոգնած լինեմ, երբ այգի եմ մտնում, շոշափում ծառերի ճյուղերը, բները՝ անասելի մի խաղաղություն եմ զգում։ Չգիտեմ, դուք հավատո՞ւմ եք հոգու գոյությանը թե ոչ, սակայն ես հավատում եմ։ Հավատում եմ, որ այս ծառերում, թփերում, ծաղիկներում եղբորս շունչը կա, նրա հոգին թեւածում է այգում։ Քանի-քանի անգամ արթուն կամ երազում նա եկել է ու իր խորհուրդներով, իր խոսքերով ինձ օգնել, դուրս է բերել դժվարին կացությունից։ Եվ միշտ մեր հանդիպումներն ու բաժանումները լինում են ժպիտով, անանձնական, անմեկնելի սիրով, եղբայրական սիրով ու քրոջ կարոտով…
Ամեն գարնան հետ եղբորս պատկերն եմ տեսնում այգու ծառերի ծաղկունքում, նրա ձայնն եմ լսում ծառերի տերեւների սոսափ-ծփանքից…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Հոգևոր-մշակութային


24/08/2011