Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ



ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՀոկտեմբերի 24-ին, Քաշաթաղի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման 7-րդ կոնֆերանսը, որին ներկա էին ԱԱՄ վարչության աշխատակազմի ղեկավար Էդիկ Խաչատրյանը, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք: Մինչ օրակարգին անցնելը՝ հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե: 2014-2017թթ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ԱԱՄ Քաշաթաղի տարածքային միավորման խորհրդի նախագահ Քերոբ Մովսեսյանը:  Նա տեղեկացրեց, որ ԱԱՄ միավորման ներկայացմամբ՝ շատ ազատամարտիկներ և պատերազմական իրադարձությունների ժամանակ մարտական հենակետեր մեկնած կամավորականներ արժանացել են կառավարական, գերատեսչական և այլ պարգևների: Այժմ միավորումն ունի 320-ից ավելի անդամ: Անցած ապրիլի սկզբներին, արձագանքելով ԱԱՄ վարչության նախագահ Սամվել Կարապետյանի կոչին, շրջանից 1200-ից ավելի կամավորականներ մեկնեցին առաջնագիծ: Ցավոք, շրջանից զոհվել է Աղավնատուն համայնքի բնակիչ Համլետ Հաջոյանը: Եղել են նաև վիրավորներ: Ք. Մովսեսյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի Ամանորից առաջ, շրջվարչակազմի ղեկավարի աջակցությամբ, միավորման խորհուրդը կազմակերպում է այցելություններ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաճախ` արիության դասեր շրջանի հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև՝ այցելություններ շրջանին հարակից պաշտպանական շրջաններ:

Օրակարգի երկրորդ հարցը ԱԱՄ շրջանային միության նոր խորհրդի ընտրությունն էր: Բաց քվեարկությամբ խորհրդի անդամներ ընտրվեցին Սուրեն Խաչատրյանը, Քերոբ Մովսեսյանը, Արտուշ Մխիթարյանը, Սիրակ Սողոմոնյանը, Վահե Դավթյանը, Նվեր Հարությունյանը և Վիտալի Բեդյանը: Ք. Մովսեսյանի առաջարկով շրջանային միավորման խորհրդի նախագահ ընտրվեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Օրակարգի երրորդ հարցով ընտրվեց ԱԱՄ 7-րդ խորհրդաժողովի՝ շրջանի 31 հոգուց կազմված պատվիրակությունը: Եղավ նաև պարգևատրում. Հարություն Բերբերյանը և Գրիգոր Մուսայելյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևները հանձնեց Ս. Խաչատրյանը: Արցախի օրհներգով ԱԱՄ Քաշաթաղի շրջանային միավորման 7-րդ կոնֆերանսը փակվեց:

Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Բանակ և հասարակություն


02/11/2017