Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի ՆՊԱՍՏ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ



Ի ՆՊԱՍՏ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆՊրակտիկան եւ հետազոտությունները վկայում են, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ, նոր շինարարական տեխնոլոգիական գործընթացների ներդրմամբ, հզոր երկրաշարժի, ռմբակոծությունների եւ հրթիռակոծությունների ժամանակ միանգամայն հնարավոր է էականորեն կրճատել շինություններին, սահմանամերձ զորամասերին հասցվող նյութական վնասը, նաեւ խուսափել մարդկային կորուստներից: 

Պետք է արձանագրել, որ արդեն այս հիմնախնդրի շրջանակներում առաջ քաշված հարցերը ոչ միայն իրենց տեսական հիմնավորումներն են ստացել ԿՇ եւ ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի` «Շինարարական աշխատանքների կազմակերպումը անկանխատեսելի իրավիճակներում» ատենախոսությունում, այլեւ կյանքի են կոչվել առաջնագծի տարբեր օբյեկտներում:

Գործող շինարարական չափանիշներին ու կանոններին համապատասխան իրականացված ուսումնասիրությունները, հետազոտություններն ու փորձարկումները, ատենախոսությունում առաջարկվող շինարարական նոր եղանակները հայցորդի ու իր գիտական ղեկավարի` դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանի ջանքերով արդեն կիրառվել են սահմանամերձ շրջաններում, զորամասերում, զինավաններում` 2016թ. ապրիլյան գործողություններին հաջորդած վերակառուցման, վերականգնման եւ ուժեղացման աշխատանքներում:

Անտարակույս, հեշտ չէ, ինչը արձանագրվեց նաեւ խորհրդի նիստում, հաջողությամբ համատեղել ռազմական շինարարության տեսական ոլորտը պրակտիկ գործընթացների հետ: Ի պատիվ Աշոտ Գրիգորյանի, որն ազգային բանակի ձեւավորման ակունքներից սկսած առ այսօր ակտիվորեն ներգրավված է բանակաշինության գործընթացներում, նա կարողացել է հաջողությամբ համատեղել տեսականն ու գործնականը, գիտնականի եւ պրակտիկ շինարարի վարպետությունը, հմտություններն ու նորարարությունը:

Համոզված ենք, որ թեկնածուական ատենախոսությունը մեծ հաջողությամբ պաշտպանած Աշոտ Գրիգորյանը հետագայում էլ իր ծանրակշիռ ներդրումը կունենա հայոց բանակի ռազմական շինարարության դժվարին ու պատասխանատու ոլորտում:

ՄԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Խորագիր՝ #42 (1213) 25.10.2017 - 31.10.2017, Ազգային բանակ


25/10/2017