Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎ ՍՊԱՆ ԶԻՆՎՈՐԻՆ ՀԱՐԳՈՂ ՍՊԱՆ Է



Օրերս օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում մեկնարկեց ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաների համաբանակային առաջին կոնֆերանսը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ եւ ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում ծառայող երիտասարդ սպաներ։ Քննարկման թեման երիտասարդ սպայի տեղի ու դերի հստակեցումն էր, նրան ներկայացվող պահանջների սահմանումն ու հայ զինվորականի հավաքական նկարագրի ուրվագծումը։
Համաժողովի նյութերին հնարավորություն ունեցան ծանոթանալու նաեւ ազգային բանակի ժամկետային զինծառայողները։ «Հայ զինվորի» էջերում նրանք կարդացին կոնֆերանսում հնչած ելույթները, մասնավորապես՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համակողմանի ընդգրկուն խոսքը։ Իսկ ինչպիսի՞ն կուզենային տեսնել իրենց հրամանատարներին ազգային բանակի զինվորները, նրանց պատկերացմամբ՝ ինչպիսի բնութագիր ունի լավ հրամանատարը, որքանով են համատեղվում լավ հրամանատարի մասին պաշտպանության նախարարի եւ շարքային զինվորի պատկերացումները՝ այս հարցերին են վերաբերում մի խումբ զինվորների մտորումներն ու խորհրդածությունները։

Երիտասարդ սպաների համաբանակային առաջին կոնֆերանսում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» կարգախոսի տրամաբանական շարունակությունն էր։ Մեր նախարարը դասակի հրամանատարից է սկսել իր ծառայությունը ու դարձել է գեներալ, այդ պատճառով էլ շատ լավ է հասկանում զինվորի հոգեբանությունը եւ շեշտը դնում է սպա-զինվոր հարաբերությունների վրա, կարեւորում է սպայի բարեհաճ, հոգատար, հարգալից վերաբերմունքը զինվորի հանդեպ, որովհետեւ զինվորի ուժը, ծառայելու եռանդը, նվիրումը կախված է նրա տրամադրությունից, ինքնազգացողությունից, ոգեւորությունից։ Սպայի վերաբերմունքը՝ խրախուսանքը, ջերմ խոսքը, բարյացկամությունը կարող է թեւեր տալ զինվորին, բազմապատկել նրա ուժը, չեմ չափազանցնում՝ կարող է մղել սխրանքի եւ, հակառակը, սպան իր անտարբերությամբ կամ քամահրալից վերաբերմունքով կարող է թեւաթափ անել անգամ ամենաքաջ ու ամենահայրենասեր զինվորին, կոտրել ծառայելու եռանդը։
Սպան պետք է հասկանա զինվորի հոգեբանությունը, պետք է մոտ լինի զինվորին։ Խստապահանջությունն ու հոգատարությունը բոլորովին էլ չեն խանգարում միմյանց։ Ես կբերեմ մեր վաշտի օրինակը։ Մենք ավելի շատ ենք հարգում այն սպաներին, ովքեր ե՛ւ պահանջկոտ են, ե՛ւ ընկերական են։ Մենք նրանց հրամանները կատարելիս ջանում ենք, որ ամեն ինչ անթերի լինի։ Ուրիշ կերպ չենք կարող, որովհետեւ հրամանները կատարում ենք ե՛ւ որպես պարտականություն, ե՛ւ հարգանքից դրդված։ Այսինքն՝ սրտով ենք կատարում իմ պատկերացմամբ՝ լավ հրամանատարը զինվորին հարգող հրամանատարն է։
ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ
շարքային

Բանակում ծառայելիս դու պետք է զգաս, որ հրամանատարդ թիկունքիդ է։ Միայն զինվոր եղած մարդը կհասկանա զինվորի հոգին՝ ապրումները, հույզերը, զգացողությունները։ Երբ դու միանգամից կտրվում ես քո կյանքից, ընտանիքից, ընկերներից, հարազատներից եւ ընկնում ես բոլորովին ուրիշ միջավայր, երբ անգամ արտաքին տեսքդ է քեզ օտար, օտար է մահճակալը, որտեղ քնում ես, ճաշերը, որ ուտում ես, մարդիկ, որ քեզ շրջապատում են, այդ ժամանակ կարիք ունես մեկի, որը կհետաքրքրվի քեզնով, որը կհարցնի՝ զինվոր, ո՞նց ես, կխոսի հետդ։ Մեկը, որ կլսի քեզ, կհասկանա ու կօգնի։ Դու հենարանի կարիք ունես, թիկունքիդ ամուր ու ուժեղ մեկի շնչառությունը զգալու կարիք։ Եվ այդ մեկը պիտի քո անմիջական հրամանատարը լինի՝ դասակի, վաշտի հրամանատարը, երիտասարդ սպան։ Զորամասի հրամանատարը չի կարող ամեն պահի կողքիդ լինել, ոչ էլ հրամանատարի անձնակազմի գծով տեղակալը կարող է հետաքրքրվել յուրաքանչյուր զինվորի հոգսուցավով։ Եվ հետո տարիքային տարբերությունը, ավագ հրամանատարների պատկառելի կենսագրությունը, այն ակնածանքը, որ զգում ես նրանց հանդեպ, թույլ չեն տալիս անմիջականորեն շփվել եւ սիրտդ բացել նրանց առաջ։ Դրա համար կա կրտսեր հրամանատար, որը ամեն պահի կողքիդ է։ Նա քեզ համար ավագ եղբայր է դառնում, ընկեր, թիկունք, հենարան։ Իհարկե, եթե լավ հրամանատար է։
Ես մի քիչ բարդ բնավորություն ունեմ, ինքս հասկանում եմ դա, բայց դժվարությամբ եմ հաղթահարում ներքին խնդիրներս։ Քաղաքացիական կյանքում (ե՛ւ դպրոցում, ե՛ւ բուհում) հաճախ էի պատմությունների մեջ ընկնում, չէի համակերպվում ուսուցիչների եւ դասախոսների հետ, կոնֆլիկտներ էին լինում։ Ես, հաստատ, չէի կարողանա հանգիստ ծառայել, եթե բախտս չբերեր ու լավ հրամանատարներ չունենայի։ Նրանք զինվորի վրիպումները, սխալները պատժելով չեն վերացնում, այլ փորձում են հասկանալ քեզ, քո մտածելակերպը, հոգեվիճակը ու բացատրել, օգնել, ուժ տալ։ Ես աշնանը կզորացրվեմ։ Շնորհակալ եմ իմ հրամանատարներին, որ օգնեցին ինձ նման դժվար ու անհանգիստ բնավորությամբ տղային լավ զինվորի համարում ձեռք բերել ու պատվով տանել ծառայությունը։
ՍԵՐԳԵՅ ԴԱՎԹՅԱՆ
շարքային

Ամեն մեկը չի կարող սպա դառնալ։ Ռազմական ինստիտուտը գերազանց գնահատականներով ավարտելը դեռ լավ սպա դառնալու երաշխիք չէ, որովհետեւ լավ սպան առաջին հերթին լավ մարդ է՝ կարեկից, հոգատար անձնավորություն։ Ես կարծում եմ, որ ռազմական բուհ ընդունվելիս պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել ոչ թե առարկայական գիտելիքներին, այլ մարդկային նկարագրին։
Ես զինվոր եմ, ամեն որ անմիջականորեն շփվում եմ սպաների հետ եւ գիտեմ, թե ինչ ծանր աշխատանք են կատարում նրանք։ Հեշտ չէ յուրաքանչյուր զինվորի հետ լեզու գտնելը։ Չմոռանանք, որ զինվորներն էլ շատ տարբեր են մեկը մյուսից։ Բայց մի բան հաստատ է, որ զինվորի սիրտը տանող միակ ճանապարհը սերն է նրա հանդեպ, ներողամտությունը, համբերատարությունը։ Ես վստահ եմ, որ խստությամբ, պատիժներով ոչ մի սպա հաջողության չի հասել։
Ես նոր էի զորակոչվել, երբ իմացա, որ քրոջս միակ երեխան ծանր հիվանդ է։ Քրոջս ամուսինը մահացել է եւ նրան ու փոքրիկին մենք ենք խնամում։ Մայրս աշխատանք չուներ, իսկ երեխային բուժօգնություն էր պետք։ Մտադրվել էի բանակից փախչել, գնալ Ռուսաստան եւ փող աշխատել, որ հոգամ ընտանիքիս հոգսերը ու փոքրիկ Արսենի բուժման ծախսերը։ Հրամանատարս ինչ-որ բան հասկացավ, զգաց, որ առաջվանը չեմ, մտահոգ եմ։ Ես նրան պատմեցի ընտանիքիս վիճակի մասին։ Հրամանատարս (անունը չեմ գրում, որովհետեւ ինքը թույլ չտվեց) գնաց մեր տուն, քրոջս ու երեխային տեղափոխեց Երեւան՝ հիվանդանոց, վճարեց բուժման ծախսերը։ Ես հիմա իմ հրամանատարի համար եմ ծառայում (գիտեմ՝ սխալ բան եմ ասում, բայց այդպես է)։ Ես ամեն ինչ անում եմ, որ գոհացնեմ նրան։ Նա իմ հարազատն է, իմ ամենասրտակից մարդկանցից մեկը։ Երբ զորացրվեմ, սկսեմ աշխատել, փոքրիկ Արսենին կմկրտեմ ու կնքահայրը անպայման հրամանատարս կլինի։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան՝ այս աշխարհում կան հրամանատարիս նման մարդիկ, բանակում նրանց քանակը ավելի շատ է։ Նրանք մեծ հոգու տեր մարդիկ են։
ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
շարքային

Հրամանատարը պետք է օրինակ լինի զինվորի համար, զինվորը հրամանատարից է սովորում։ Հրամանատարը պետք է առաջին հերթին ինքը կատարի իր պահանջները, հետո պահանջի իր զինվորներից։ Եթե պահանջում է կարգապահություն, ինքը պետք է կարգապահ լինի, եթե պահանջում է կոկիկություն, ինքը պետք է կոկիկ լինի, եթե պահանջում է նվիրումով ծառայություն, ինքը պետք է նվիրված ծառայի։ Գիտեք՝ զինվորը շատ լավ զգում է՝ հրամանատարը հոգո՞վ է ծառայում, թե պարզապես պարտականություն է կատարում։ Այդպես էր նաեւ դպրոցում. մեր աչքից չէր վրիպում, թե որ ուսուցիչն է ցանկանում գիտելիք տալ աշակերտին, եւ ով է ժամանակ սպանում։
Եթե սպան հետաքրքրված է իր ծառայության արդյունքներով, եթե իրոք ցանկանում է դաստիարակել մարտունակ, խիզախ, հայրենասեր ու արժանավոր զինվոր, եթե միտք ունի ձեւավորել ամուր եւ համերաշխ ստորաբաժանում, ապա կգտնի զինվորի ծառայական ակտիվությունը խթանելու միջոցներ։
Մի օր, երբ հերթական անգամ տուն զանգեցի, մայրս սկսեց գովասանքի խոսքեր ասել ինձ, օրհնել.
-Ապրես բալա ջան, որ մեզ երեսպարզ արեցիր։ Չես պատկերացնի՝ հերդ ոնց էր ուրախացել, էդ թուղթը ձեռքին իջել էր գյուղամեջ։ Բա ախպե՞րդ… դպրոցում բարձրախոսով նամակը կարդացել էին։ Ախպերդ ասեց՝ հպարտությունից ուռել էի…
Պարզվեց՝ զորամասի հրամանատարը շնորհակալական նամակ էր ուղարկել ծնողներիս։ Ես հասկացա, որ իմ վաշտի հրամանատարի մատը խառն է այդ գործում, որ նա էդ շնորհակալական նամակը ինձ «ավանսով» է տվել, որովհետեւ ես առանձնապես աչքի չէի ընկնում ծառայության արդյունքներով, պարզապես վերջին շրջանում մի քիչ առաջխաղացում էի ունեցել։ Այնպես ոգեւորվեցի այդ նամակից, որ հավաքեցի ամբողջ ուժերս ու ցույց տվեցի, թե ինչի եմ ընդունակ։ Հիմա ես ամենաբարձր արդյունքներն ունեմ մեր վաշտում։ Հրամանատարս գտավ ինձ լավ զինվոր դարձնելու ճանապարհը։ Հայտնի խոսք կա. «Մարդուն ասա լավն ես, ու նա լավը կդառնա»։ Այս խոսքերը իսկը զինվորի համար են։ Ինձ համար։
ԳԱՐԵԳԻՆ ՄԻՐԶՈՅԱՆ
շարքային

Իմ եղբայրը զինվորական է։ Նա ծառայում է սահմանային զորամասերից մեկում, կտրված մայրաքաղաքային կյանքից, հաճույքներից, զվարճանքներից։ Նրա դասընկերները Երեւանում են, կինո են գնում, թատրոն, աղջիկների հետ՝ սրճարան, Սեւան, հանգստյան տուն։ Տանը նրանց խնամում են, հոգում են կենցաղային հոգսերը։ Իսկ իմ եղբայրը 8-րդ դասարանից զինվորական ռեժիմով է ապրել՝ սկզբից սովորեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, հիմա էլ ծառայում է՝ սարերում սահման է պահում։ Ով ինչ ուզում է ասի՝ ես մտածում եմ, որ իմ եղբայրը հերոս է, որ ավելի հեշտ է պատերազմում սխրանք գործել, քան երիտասարդ տարիքում տարիներ շարունակ այդքան զրկանքների դիմանալ, այդքան զոհողությունների գնալը՝ հանուն հայրենիքի պաշտպանության։ Եղբայրս ամիսներ շարունակ քաղաքացիական հագուստով մարդ չի տեսնում (մոտակա բնակավայրը մի քանի տասնյակ կիլոմետր հեռու է), կին չի տեսնում։ Արդեն 29 տարեկան է, այսինքն՝ կյանքի լավագույն տարիները նվիրեց բանակին, անցկացրեց սարերում՝ սահմանին։
Մենք պիտի գնահատենք, շատ բարձր գնահատենք մեր սպաներին։ Հիմա ես իմ հրամանատարներից յուրաքանչյուրի մեջ եղբորս եմ տեսնում ու խորին ակնածանք ունեմ նրանց հանդեպ։ Մեր ժողովուրդը պիտի սիրի ու մեծարի հայ սպային՝ իր անվտանգությունը պաշտպանող հայորդուն։ Զինվորը երկու տարի ծառայում, զորացրվում է ու գնում տուն, իսկ սպայի ծառայությունը չի ավարտվում։ Նա միշտ համազգեստով է, սահմանին է, զինվորի հոգսուցավի հետ է։
Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ։ Երբ զորացրվեմ, ֆիլմ եմ նկարելու հայ սպայի մասին, շատ ֆիլմեր՝ գեղարվեստական, փաստագրական։ Զարմանում եմ՝ ի՞նչ են մտածում մեր սցենարիստները, ռեժիսորները. մեր կողքին, մեզ հետ ապրում են իսկական հայրենասերներ, սխրագործներ, նվիրյալներ՝ հայ սպաները։ Ժողովուրդը պիտի իմանա նրանց մասին ու պիտի պաշտի նրանց։
ԼԵՎՈՆ ԱՄԻՐՅԱՆ
շարքային

Խորագիր՝ #31 (896) 10.08.2011 - 17.08.2011, Բանակ և հասարակություն


17/08/2011