ԴՈՒՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԶԱՐՄԻՑ ԵՔ ՍԵՐԵԼ
Զրույց քանդակագործ ԱՐԱ ՇԻՐԱԶԻ հետ
– Պարոն Շիրազ, «Հայ զինվորի» եւ ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ սիրով, խաղաղությամբ, ձեռքբերումներով լի երկար տարիների կյանք, որ իրականանան Ձեր բոլոր երազանքներն ու ստեղծագործական մտահղացումները։ Դեմ չե՞ք լինի, եթե մեր զրույցն սկսենք Ձեր ծնողներից՝ Հովհաննես Շիրազից եւ Սիլվա Կապուտիկյանից։ Ի դեպ,Դուք բանաստեղծություններ չե՞ք գրել, երբեւէ չե՞ք փորձել Ձեր ուժերը պոեզիայի ասպարեզում։
– Շատերն էին մտածում, որ ես ծնողներիցս կժառանգեմ բանաստեղծելու ձիրքը, իսկ հայրս այնքան էր համոզված, որ ծննդականիս վրա գրել էր. «Արա Շիրազ՝ ապագա մեծ բանաստեղծ»։ Բայց ես հուսախաբ արեցի մարդկանց եւ ամբողջ կյանքում գոնե մեկ քառատող չհորինեցի։ Իմ նախասիրությունը ուրիշ էր. տակավին երեխա, տարբեր նյութերից արձանիկներ էի պատրաստում։ Մանկության տարիների հիշողություններից թերեւս ամենատպավորիչը իմ առաջին շփումն էր կավի հետ։ Մայրս ուսանում էր Մոսկվայում եւ ինձ տարել էր հետը։ Այնտեղ առաջին անգամ կավից արձանիկներ պատրաստեցի, մայրս իմ «ստեղծագործությունները» ցույց տվեց տաղանդավոր քանդակագործ Արա Սարգսյանին։ Նա հավանեց, ասաց. «Տղադ շնորհք ունի»։ Երբ 11 տարեկան էի, ինձ տարան պիոներ-պալատում քանդակագործություն սովորելու։ Սակայն, երբ տեսա, թե ինչ վարպետությամբ են քանդակում բարձր խմբերի սովորողները, հուսահատվեցի, մտածեցի, որ երբեք չեմ կարողանա այդպես քանդակել եւ էլ պարապմունքի չգնացի։
– Ինչպես ե՞ք սովորել դպրոցում, ո՞ր առարկաներ եք սիրել։
– Վատ եմ սովորել, սովորել չեմ սիրել, հատկապես՝ մաթեմատիկական առարկաները։ Զոռով-շառով հասա 7-րդ դասարան ու վերջապես ազատվեցի դպրոցից։ Ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան։
– Դուք, հավանաբար, արտասովոր մանկություն եք ունեցել երկու մեծ անհատականությունների՝ Շիրազի եւ Կապուտիկյանի կողքին։
– Ես սովորական մանկություն եմ ունեցել, ապրել եմ բոլոր երեխաների նման, սիրել եմ խաղալ, չափչփել փողոցները, ինքնուրույն հայտնագործել աշխարհը։ Թերեւս ես ավելի հաճախ եմ բանաստեղծություն լսել. հայրս բարձրաձայն ընթերցում էր ինձ համար, մանկուց շփվել եմ մտավորականների հետ, լսել եմ հորս կրակոտ ելույթները հայոց պատմության, փառահեղ անցյալի, մեծերի մասին։ Անհնար էր ապրել Հովհաննես Շիրազի կողքին ու չվարակվել նրա ազգասիրությամբ ու հայրենապաշտությամբ։ Պիտի ասեմ, որ ծնողներիս հեղինակությունը երբեք վճռորոշ դեր չի խաղացել իմ կյանքում, չի փոխել կյանքիս բնականուն հունը, ինձ չի դրել կաղապարների մեջ, ես միշտ ազատ մտածելու ու գործելու հնարավորություն եմ ունեցել։
– Դուք ու՞մ եք նման ավելի շատ, ու՞մ եք շարունակում՝ Սիլվա Կապուտիկյանին, թե Հովհաննես Շիրազին։
– Հարցը շատ միանշանակ է հնչում։ Մարդիկ միշտ էլ ցանկացել են իմ մեջ տեսնել հորս կամ մորս։ Երբ որեւէ արտառոց բան էի անում, ասում էին՝ հոր կտորն է, երբ կարողանում էի ավելի ողջախոհ ու հավասարակշիռ լինել, ասում էին՝ մորն է քաշել։ Ես չեմ կարծում, թե ճիշտ է զավակի մեջ փնտրել ծնողներին։ Զավակները շարունակություն են՝ երբեմն անկանխատեսելի, անօրինաչափ ու չպատճառաբանված։ Սա առեղծված է, որը դժվար է վերծանել։
– Պապս Հովհաննես Շիրազի ընկերն էր ու հաճախ էր խոսում նրա մասին։ Ասում էր՝ Շիրազը նշանակություն չէր տալիս արվեստագետի կրթությանը: Շիրազն ասում էր՝ արվեստագետը պիտի կյանքից սովորի։
– Այո, հայրս ասում էր՝ արվեստագետի ուսուցիչը իր հույզերն ու ապրումներն են։ Եվ նա ճիշտ էր։ Չես կարող մարդուն ստեղծագործել սովորեցնել, սակայն կարող ես նրբորեն ուղղորդել նրան, ինչը անում էին Թերլեմեզյանի ուսումնարանում։ Այնտեղ դասավանդում էին հրաշալի մանկավարժներ, ովքեր ոչ միայն չէին կաշկանդում սկսնակ ստեղծագործողին, այլեւ նրբանկատորեն խթանում էին նրա երեւակայությունն ու միտքը, խրախուսում էին ընկալումների ազատությունն ու դրսեւորվելու ինքնատիպությունը։ Ես շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, օրինակ Սուրեն Նազարյանը։ Նա չէր պարտադրում գաղափարականացված թեմաներ, չէր ստիպում կերպարներ վերցնել մեզ շրջապատող իրականությունից… Ես ցանկանում էի կրթությունս շարունակել Մոսկվայում, սակայն հենց առաջին քննությունից անբավարար ստացա։ Հետո պարզվեց , որ բոլոր տեղերը վաղուց զբաղված են։ Հիմա մտածում եմ՝ բարեբախտություն էր, որ ես չընդունվեցի ու չմնացի Մոսկվայում, շատ բան կկորցնեի առանց հայրենիքի, հողի, պատմության, առանց հայկական ոգու, կոլորիտի։
– Այսօր շատերն են հեռանում հայրենիքից, ապրում եւ ստեղծագործում են արտերկրում։ Ու կարծես թե «հայկական ոգու ու կոլորիտի» բացակայությունը առանձնապես չի խանգարում նրանց։
– Դեռեւս խորհրդային տարիներին, երբ արտագաղթողները հատուկենտ էին, հայրս սրտի ցավով եւ ցասումով էր գրում այդ մասին։ Կարեւոր չէ՝ ով է լքում երկիրը, արվստագե՞տ է, թե հողագո՞րծ, գիտնակա՞ն է, թե՞ բանվոր։ Արտագաղթը մեծ կորուստ է, ողբերգություն։ Երկիրը թուլանում է, երկիրը կորցնում է, երկրի ոգին է կոտրվում։ Արվեստագետը պետք է իր ժողովրդի կողքին լինի, դառնա նրա զրկանքների բաժնեկիցը, նրա հետ կիսի երկիր կառուցելու դժվարությունները։
Այսօր մտածողության սահմանները բաց են, սակայն զուգահեռաբար ուժեղ ու վտանգաշատ են օտար ազդեցությունները։ Այդուհանդերձ, ճշմարիտ արվեստագետը երբեք չի կորցնում իր անհատականութունը, ինքնատիպ ձեռագիրը եւ ստեղծում է մնայուն ու անանց արժեքներ՝ հեռու ժամանակի հողմահարումից ու իրականության պատեհությունից։ Մի օր հայրս Վիլյամ Սարոյանի համար բանաստեղծություն կարդաց։ Ե՞րբ ես գրել՝ հարցրեց Վիլյամ Սարոյանը։ Հազար տարի առաջ՝ պատասխանեց Հովհաննես Շիրազը։ Մեծ գործերը հավերժությանն են հասցեագրվում։ Արվեստագետի հայացքը պետք է մեծ ընդգրկում ունենա՝ միաժամանակ դեպի անցյալ, դեպի ապագա եւ սեփական ներաշխարհի խորքերը։
Գիտենք՝ հեշտ է կորցնել ունեցածը, իսկ ձեռքբերումները կարող են մակերեսային ու վաղանցուկ լինել։ Այսօր ես միանմանություն եմ նկատում արվեստում, կտրվել է կապը հողի հետ, համընդհանուր մեկուսացում է, ինքնապարփակում։ Հատկապես երիտասարդների համար եմ ցավում՝ այն սերնդի, որը ապրելու է Հայաստանում, սահման է պահելու, շենացնելու է երկիրը, պատասխանատու է լինելու ժողովրդի, պետության ճակատագրի համար։ Ճշմարիտ արվեստի ոգեղեն շունչը պիտի հասնի նրանց։ Այսօր չկա բարձր արվեստի պատվիրատու, քանի որ արվեստը փող ունեցողների հետաքրքրությունների ու ձգտումների շրջանակում չէ։
– Դուք կերտել ենք Բաբաջանյանի արձանը, որը այժմ Մոսկվայում է։ Ռազմական ոստիկանության տարածքում Վազգեն Սարգսյանի բրոնզաձույլ արձանն է։ Շատ տպավորիչ է Եղեռնին նվիրված շարքը, որը դեռ կգտնի իր տեղը, իր տարածքը, բայց ես ուզում եմ խոսենք Ձեր ստեղծագործություններից մեկի մասին։ Ի՞նչ է խորհրդանշում երկու ձիերի վրա նստած Անդրանիկի կերպարը։ Ես զանազան մեկնաբնություններ եմ լսել՝ մեկը մյուսից տարբեր։
– Կերպարը ծնվել է տասնամյակներ առաջ։ Խմբաքանդակի էսքիզները կային, ամեն ինչ պատրաստ էր, երբ Զորի Բալայանի հետ արվեստանոց այցելեց Վիլյամ Սարոյանը։ Գաղափարը նրան ոգեշնչեց։ Քերոլայն Քոքսը նույնպես խրախուսեց իմ մտահղացումը։ Մասնակցեցի մրցույթի, սակայն առաջին մրցանակի չարժանացա, հետո իմացա, որ ժամանակի իշխանությունները այնքան էլ չէին խրախուսում Անդրանիկի արձանը կանգնեցնելու նախաձեռնությունը։ Սակայն Զորի Բալայանը չնահանջեց եւ դիմեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Մեծ երախտագիտությամբ պիտի նշեմ, որ Սերժ Սարգսյանի ջանքերով եւ աջակցությամբ` մեր երազանքը իրականութուն դարձավ։ Հովանավոր գտնվեց ԱՄՆ-ից՝ Վահրամ Շիրինյանը, ծախսերի մի մասը իր վրա վերցրեց պաշտպանության նախարարությունն, ու այսօր արձանը կանգնած է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ։ Մեծ խորհուրդ կա այն փաստի մեջ, որ արվեստի գործը հովանավորում է ռազմական գերատեսչությունը, նշանակում է՝ կան արվեստի հզոր ուժը գնահատող մարդիկ, ովքեր ապավինում են ոչ միայն բազկի, այլեւ ոգու ուժին։ Ինչ վերաբերում է խմբաքանդակի բովանդակությանը, երկու ձիերը խորհրդանշում են մեր մասնատված հայրենիքը՝ Արելահայաստանը եւ Արեւմտահայաստանը։ Երկու ձիերին հեծած Անդրանիկը մեր միասնության գաղափարի կրողն է, մեր հավաքական ուժի, մեր ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշը։ Երկու ձիերը կողք կողքի են, ասես միաձույլ, նրանց անհնար է բաժանել, որովհետեւ հեծյալը ամբողջ ուժով, հոգու ամբողջ կարողությամբ պահում է երկուսին էլ։ Ձիերն ըմբոստ են, հզոր, պատրաստ վերսլաց թռիչքի։ Հեծյալը զինավառ է, սուրը երկինք պարզած, հայացքը՝ Մասիսին։ Նա մարմնավորում է մեր հայրենսիրությունը, ոգին, նա մեր ցավի ու ողբերգության խորհրդանիշն է։
– Մեծ բարեբախտություն կլիներ, որ նման հզոր, մոնումենտալ քանդակներ ծնվեին նաեւ Արցախյան պատերազմի հերոսների կերպարներով։
– Սեւակն ասում էր՝ կտրելուց հետո է երեւում ծառի իրական հաստությունը։ Ներքին խտացումները գոյանում են ժամանակի մեջ, ու ես համոզված եմ, որ Արցախյան պատրազմն իր թափով ու հերոսականությամբ, իր պաթոսով ու բարոյական շեշտադրումներով արտացոլվելու է արվեստի բոլոր ճյուղերում։ կանգնելու են քանդակներ, նկարահանվելու են ֆիլմեր, գրվելու են վեպեր ու բանաստեղծություններ։ Պարտությունները, բացթողումները, վրիպումները կանէանան ժամանակի մեջ, կձուլվեն, հետք չեն թողնի, իսկ հաղթանակները ճանապարհ կբացեն մեզ համար, կդառնան հենք, վահան, զենք։
– Ի՞նչ ակունքից է բխում Ձեր լավատեսությունը։
– Նախ՝ ֆիզիկապես պաշտպանված ենք, ու մեզ պաշտպանողը օտարը չէ, մենք ենք, մեր զավակը։ Մենք պիտի հավատանք մեր ուժին, մեր արիությանը, մեր հավաքական կամքին։ Մեր բանակն ամենահզորն է տարածաշրջանում, թեեւ մեր երկիրն ամենափոքրն է տարածքով, թեեւ թուրքական պետությունները երկու կողմից շրջափակել են մեզ։ Նշանակում է մենք ավելի խելոք ենք, ավելի խիզախ, ավելի կենսունակ։ Լավատեսության ավելի հորդաբուխ ակու՞նք ենք փնտրում։
– Անկախության 20-ամյակի շեմին ցանկանում եմ հարցնել՝ ի՞նչ էր անկախությունը Ձեզ համար։
– Երբեմն մտածում եմ՝ ի՞նչ կզգար հայրս, երբ տեսներ անկախությունը, ազգային բանակի ծնունդը, Արցախյան պատերազմի հաղթանակը։ Ես չեմ ուզում որեւէ բառով բնութագրել անկախությունը, այն անքննարկելի արժեք է, ոչինչ չի փոխարինի անկախությանը, այն ոչնչով չի չափվում, վեր է ամեն ինչից։ Ազգիդ անկախությունը բարձրագույն արժեք է։
– Ի՞նչ կասեք սահման պահող զինվորին։
– Դուք հերոսների զարմից եք սերել, յուրաքանչյուրդ հերոսական սկիզբ ունի։ Հաստատ՝ ձեր պապը, պապի պապը, հեռավոր նախնին հերոս է եղել, ու նրա արյունն է ձեր երակներում։ Պարզապես ականջալուր եղեք այդ արյան կանչին ու ձեզ հերոս զգացեք։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր