Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՈՑՎԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ
ԽՈՑՎԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ

ԽՈՑՎԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸԾովի մակերեւույթից երկու հազար մետր բարձրության վրա, լեռնային ու բարդ օդերեւութաբանական պայմաններում զինված ուժերի ՀՕՊ զորքերի զենիթահրթիռային ստորաբաժանումների հաշվարկները նախապատրաստվում են մարտական հրաձգության: Հակաօդային ընդհանուր խմբավորումը, որում ընդգրկված են բանակային զորամիավորումներն ու համագործակցության շրջանակում պաշտպանության բանակը, պայմանական հակառակորդի դեմ պետք է վարի հակաօդային մարտ՝  դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով, «Ստրելա-10» եւ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաներով:

 

ԽՈՑՎԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները ժամանում են զորավարժարան՝ հետեւելու ընդհանուր մտահղացման իրագործմանը, խնդիրների կատարմանը, հրամանատարների գործողություններին, սպառազինության կիրառմանը: Համահավաք ստորաբաժանումների կրակի կառավարումն իրականացնելու համար ծավալված է շարժական երկու կետ: Այստեղից են ՀՕՊ զորքերի պետ, գնդապետ Արմեն Վարդանյանն ու ՀՕՊ զորքերի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը ղեկավարելու հրաձգությունը:

Ըստ մտահղացման՝ հրաձգությունը իրականացվելու է երկու փուլով: Զենիթային հրթիռային ստորաբաժանումները զբաղեցնում են իրենց մարտակարգերը երկու գծով: Առաջին գծում դյուրակիր զենիթահրթիռային համալիրներն են, երկրորդ գծում՝ «Ստրելա-10» եւ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները: Յուրաքանչյուր թիրախի ոչնչացման համար նշանակվում է երկու հրթիռ: Ազդարարվում է զորավարժությունների առաջին փուլի մեկնարկը: Իրականացվում է օդային իրադրության նմանակում լուսածրող արկերի կրակոցով: Ստեղծված օդային իրադրությունը երկրորդ կարգի բարդության է՝ միջին հզորության խանգարումներով:

-Մարտական աշխատանքը թույլատրում եմ,- գնդապետ Պողոսյանի ձայնն է:

Դյուրակիր զենիթահրթիռային համալիրների երկու ջոկերը՝ ավագ սերժանտ Թովմասյանի ու սերժանտ Սարգսյանի հրամանատարությամբ, ոչնչացնում են առաջին թիրախները: Իրականացվում է ջոկերի հերթափոխ: Մարտական հաշվարկները զբաղեցնում են մեկնարկային դիրքերը եւ բերվում համար մեկ պատրաստականության: Արձակվում են նոր թիրախներ: Կրակային խնդիրը կատարում են ավագ սերժանտ Նուրիջանյանի եւ սերժանտ Մկրտչյանի ջոկերը: «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրով անվրեպ խոցվում են նշանակետերը:

«Իգլա» համալիրը նախատեսված է ռեակտիվ, գազատուրբինային եւ մխոցավոր ինքնաթիռները, ինչպես նաեւ ուղղաթիռները հանդիպակաց եւ հասանելի կուրսերում, բնական եւ ջերմային խանգարումների պայմաններում ոչնչացնելու համար: Համալիրից հրթիռի արձակումը իրականացվում է զենիթային հրաձիգի ուսից՝ կանգնած կամ ծնկած վիճակում: Այսօր առաջնագծի ամբողջ երկայնքով ստեղծված է հզոր հակաուղղաթիռային պաշտպանության համակարգ՝ ժամանակակից «Իգլա-Ս» տիպի համալիրներով:

Երրորդ դրվագում ԴԶՀՀ ջոկերը՝ ավագ սերժանտ Ղազարյանի եւ սերժանտ Բաբայանի գլխավորությամբ, իրենց խնդիրը կատարում են գերազանց: Այնուհետեւ, անվտանգության նկատառումներից ելնելով, դուրս գալիս զբաղեցրած դիրքերից:

Հովհաննես Սարգսյանը պայմանագրային է: Չորս տարվա ծառայության փորձ ունեցող զինծառայողն առաջին անգամ էր կրակում «Իգլա» համալիրից. «Աննկարագրելի զգացողություն է այս զորավարժության մի մասնիկը լինելը: Այսօր վստահությունս կրկնապատկվեց, հասկացա, թե ինչու են օդաչուները սարսափում այս համալիրից»:

Այժմ կրակ է վարում «Ստրելա-10» մարտական մեքենաների դասակը՝ ավագ լեյտենանտներ Հարությունյանի եւ Բավեյանի հրամանատարությամբ: Թիրախների ոչնչացումն իրականացվում է կենտրոնացված կրակով: Կրակային խնդիրը կատարվում է փայլուն: Մարտական հրաձգության առաջին փուլն ավարտված է:

«Ստրելա-10» մոտակա գործողության զենիթահրթիռային համալիրն ունակ է նշանակետերը խոցելու 5000 մետր հեռավորության վրա, 25-3500 մերտ բարձրությունում:

Հրաձգության երկրորդ փուլի ընթացքում օդային իրադրության նմանակումն իրականացվում է ՄԻ-8 տիպի ուղղաթիռից նետվող թիրախներով, որոնք նմանակում են սահասավառնող ավիացիոն ռումբեր: Ուղղաթիռը դուրս է գալիս թիրախների նետման բնագծից: Եվ «Ստրելա-10» մարտական մեքենաների դասակին թույլատրվում է կրակ վարել: Թիրախները ոչնչացվում են մեկ հրթիռով:

ԽՈՑՎԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸԱվագ լեյտենանատ Արայիկ Հարությունյանը «Ստրելա-10» մարտական մեքենայով չորս թիրախ է խոցել. «Այսօր առաջին անգամ այս համալիրից մարտական կրակ վարվեց: Ուրախ եմ, որ խնդիրը պատշաճ կատարեցինք՝ ապացուցելով, որ համալիրը հուսալի է եւ հզոր: Մեր տեղանքի համար այն շատ հարմար է, անցողունակ»:

Կրակային փուլը շարունակում են «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները՝ ավագ լեյտենանտներ Խաչատրյանի եւ Ժամկոչյանի հրամանատարությամբ: Հրաձգությանը մասնակցում են Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի ինքնաթիռներն ու ուղղաթիռները ոչնչացրած համալիրները, որոնք, սակայն, արդիականացվել են: Ուղղաթիռը նետում է թիրախներն ու դուրս գալիս բնագծից: Խոցումը կատարվում է անվրեպ: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Քամալյանը, որ շունչը պահած հետեւում էր իր ենթակաների գործողություններին, վերջապես ժպտում է. «Նման ներդաշնակության հիմքում ուսումնական վարժվածությունն է ու կարգապահությունը»:

Ժամկետային զինծառայող Դավիթ Բաղրյանն էլ ասում է. «Ուզում եմ մյուս ընկերներս էլ զգան այն ուժը, որ ես եմ զգացել: Հպարտ եմ, ասես՝ իրական մարտում հաղթած լինեմ»:

«Օսա-ԱԿ» մարտական մեքենան փոքր հեռահարության, ավտոնոմ, շարժունակ, տարեղանակային զենիթահրթիռային համալիր է, որ նախատեսված է հակառակորդի օդային հարձակման միջոցների ոչնչացման համար: Այն նախագծվել է 1960-ականներին, սպառազինության է ընդունվել 1971-ին: Համակարգը երեք անգամ արդիականացվել է: Ունի թիրախների հայտնաբերման սարքավորումներ, առավելագույն խոցման հեռավորությունը 10 կմ է: Անձնակազմը՝ 5 հոգի:

Հերթը ավագ լեյտենանտներ Միքայելյանի եւ Հագոյանի հրամանատարությամբ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաներինն է: Նրանք էլ ոչնչացնում են վերջին թիրախները:

-Մարտական հրաձգությունն ավարտված է, բոլոր քսան թիրախները` խոցված,- զեկուցում է հրաձգության ղեկավարի տեղակալ, գնդապետ Պողոսյանը, ապա մեզ հետ զրույցում ավելացնում,- սա մարտական պայմաններում ՀՕՊ-ի կիրառման արդյունավետ փորձ էր: Առաջին անգամ «Իգլա», «Օսա-ԱԿ» եւ «Ստրելա-10» համալիրները մարտական կրակ են վարել համագործակցելով: Նման բան նախկինում երբեք չէր եղել: Մեր հաջողության գրավականներից մեկն էլ կապի ժամանակակից միջոցների օգտագործումն էր:

-Գերազանց,-հրաձգության ղեկավար, գնդապետ Արմեն Վարդանյանի նախնական գնահատականն է. -աչքի են ընկել հատկապես 3-րդ բանակային զորամիավորումն ու պաշտպանության բանակը: Նշանակետերը հիմնականում խոցվել են մեկ հրթիռով, արդյունքում՝ զինամթերք է տնտեսվել: Այս հրաձգությունը եռափուլ զորավարժության երկրորդ փուլն էր: Առաջինն անցկացվել էր Աշուլուկ զորավարժարանում` «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժության շրջանակում: Երրորդ փուլում ստորաբաժանումները զենիթային հրետանային միջոցներից մարտական կրակ կվարեն արդեն մշտական տեղակայման վայրերում: Մարտական հաշվարկները պատրաստ են եւ անհրաժեշտության դեպքում հակառակորդին արժանի հակահարված կտան:

Հնչում է «հավսար-զգաստ» հրահանգը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խրախուսական նվերներ է հանձնում զորավարժությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին եւ շնորհավորում ուսումնամարտական խնդիրը հաջող կատարելու կապակցությամբ:

 ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ