Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ



ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՀայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվեցին պատվավոր կոչումներ:

Սեպտեմբերի 29-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպված միջոցառման ընթացքում մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և ազատամարտիկների պետական բարձր պարգևները հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո նախարարն անկախության 26-ամյակի առիթով շնորհավորեց բոլոր ներկաներին և գնահատանքի խոսքեր ուղղեց պետական և գերատեսչական բարձր պարգևների արժանացածներին.

«Պարոնայք գեներալնե՛ր, սպանե՛ր, քաղաքացիական հատուկ ծառայողնե՛ր, հարգելի՛ հրավիրյալներ, այսօրվա միջոցառումը նվիրված է ՀՀ անկախության հռչակման 26-րդ տարեդարձին: Եվ ես ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի առթիվ: Անկախության հռչակումը մեզ համար լոկ իրավաքաղաքական ակտ չեղավ, այն եղավ դժվարին մի ուղի, որը մինչև ազատ ու անկախ զարգացման լայնահուն ճանապարհ դուրս գալը անցավ պատերազմի արհավիրքներով, նահանջների ու հակահարձակումների միջով, թիկունքում վտանգված Ստեփանակերտ ունեցող Ասկերանի ու Մարտակերտի ծանր կռիվներով, հակառակորդի բոլոր հարձակումները ջախջախող Մարտունու սահմաններով, հեռավոր ու մեկուսի Հադրութի բնակավայրերի մաքառումով, դժվարագույն ջանքերով պահվող Լաչինի մարդասիրական միջանցքով ու Հայաստանի Հանրապետության աննահանջ կռվող սահմանամերձ բնակավայրերով և ավարտվեց Արցախի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ձևավորմամբ: Օրեր առաջ, խոսելով Հայաստան-Սփյուռք համաժողովում, ես ասացի, որ չգիտեմ, թե ինչպիսին կլիներ մեր Հայաստանը, եթե անկախությունը գար միայնակ` առանց այդ անկախությանն ուղեկցած հերոսամարտի, որը կոփեց մեր ժողովրդին և տրամադրեց միասնական և կենտրոնացած աշխատանքի, առաջին հերթին, բանակաշինության առումով: Անկախության հանրաքվեից հետո անցած 26 տարիները դարձան պետականաշինության բարդ ու դժվարին, ինչպես նաև այդ պետականության հզոր պատվարի` ազգային բանակի ձևավորման ու կայացման տարիներ: Կարծում եմ, որ այս դահլիճում չէ, որ պիտի խոսենք անկախության նվաճման ճանապարհին հայկական բանակի ունեցած բացառիկ դերակատարության մասին: Այստեղ նստածներիցդ շատերը ոչ միայն այդ իրադարձությունների անմիջական մասնակիցն եք, այլ նաև՝ որոշիչ դերակատարները շատ կարևոր պատմական դրվագներում: Եվ բնական է, որ համապետական այս տոնը դուք առանձնապես ուրախ ու հպարտ եք նշում: Հատուկ շնորհակալություն և երախտիք եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր ներկա են այս դահլիճում և մեր  բացակա ընկերներին, ովքեր զոհողությունների և հերոսացման, ինչպես նաև քրտնաջան աշխատանքի շնորհիվ սկսեցին ճանապարհը դեպի հայրենիքի անկախություն: Վստահ եմ, որ դուք կշարունակեք ձեր փորձով նպաստել մեր բանակի հզորացմանը և հայրենիքի շենացմանը:

Մոտ մեկ ամիս առաջ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների թողարկմանը նվիրված միջոցառմանը ես խոսեցի հայ սպայի համար կարևոր հատկությունների մասին և հորդորեցի, որ սպա դառնալու համար ամենակարևորն այն գիտակցումն է, որ այսուհետ պետությունը նաև իրենք են, առաջին հերթին՝ հենց իրենք՝ մեր ռուհերի շրջանավարտները: Հայ սպան առաջին հերթին պիտի ունենա պետական մտածելակերպ և գործի բացառապես ի շահ պետության բարօրության: Ուստի, ամեն անգամ անկախության տարեդարձի առթիվ միմյանց շնորհավորելուց և տոնական համազգեստ հագնելուց առաջ յուրաքանչյուրս պետք է մտովի մեր խղճի առջև հանրագումարի բերենք Հայաստանի Հանրապետության պատմության ևս մեկ տարվա ընթացքում բանակի հզորացման համար մեր արածն ու չարածը: Վերլուծենք և հասկանանք, թե անկախության ևս մեկ տարին որակական ինչպիսի նոր հատկանիշներ գումարեց մեր բանակին: Եվ եթե այս կամ այն հարցերում չթերանայինք, այլ առավել ստեղծագործաբար ու եռանդով աշխատեինք, ուրիշ ի՞նչ կարող էինք անել զինված ուժերի համար: Ու այդ ամենից պետք է անհրաժեշտ հետևություններ անենք: Կարծում եմ՝ դա է բոլորիս ճանապարհը, և հենց այս գիտակցությամբ ու նշանաբանով պիտի սկսվի բանակի յուրաքանչյուր օրը: Ազգ-բանակ հայեցակարգը հիմք դարձավ պաշտպանական քաղաքականության ուղենիշների խորքային վերանայման: Այսօր պաշտպանական համակարգում ներդրվող բարեփոխումների ընթացքում են հինգ գերակա ուղղությունները. զինվորական մասնագիտության արժևորում, մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանի բարձրացում, այդ թվում՝ սպառազինության և առաջնագծի կահավորման հարցերով ռազմարդյունաբերական համալիրի զարգացում, ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացում և արդարության ու հանրային վստահության ամրապնդում: Վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներին մանրամասն չեմ անդրադառնա, քանզի բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու սրանց մասին և առաջիկա շաբաթվա ընթացքում, ամփոփելով իմ պաշտոնավարման մեկ տարին, դեռ առիթ եմ ունենալու խոսելու: Միայն նշեմ, որ իրականացված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, ռազմական բժշկության, ռազմական կրթության բնագավառներում բարեփոխումների, սպառազինության և ապրանքանյութական միջոցների մատակարարման կանոնակարգման, ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև ներդրված՝ «Թումո-բանակ», «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Դիտակետ» ծրագրերի շնորհիվ բոլոր ուղղություններով առկա է դրական տեղաշարժ և ամենակարևորը` ապագա լրջագույն հաջողությունների հիմնավոր հույսեր: Հարգելի՛ ներկաներ, բազմիցս ասված ճշմարտություն է, որ աշխարհաքաղաքական այս բարդ տարածաշրջանում պարտադրված ենք ունենալ հզոր և մարտունակ բանակ:  ՀՀ նախագահը, Կառավարությունը գործադրում են բոլոր ջանքերը բանակի մարտունակությունն ամրապնդելու, նորագույն սպառազինությամբ և զինտեխնիկայով այն համալրելու համար: Պետության ղեկավարության վստահության և ուշադրության դրսևորումներից մեկն էլ անկախության տարեդարձը մեր վարչական համալիրում նշելն էր: Կարծում եմ՝ բոլոր հյուրերը, որ ներկա էին, մեր սփյուռքահայ բարեկամները և մենք` բոլոր այստեղ ներկա գտնվողներս, իրոք մեծ հպարտություն ապրեցինք այդ ընտրության կապակցությամբ, և իրոք մեր ազգը ևս մեկ անգամ համախմբվեց այդ օրը` այս անգամ ֆիզիկապես և տարածքայնորեն մեր բանակի, մեր պաշտպանության նախարարության շուրջ: Անկախության ճանապարհին և պետականության ամրապնդման գործում ունեցած վաստակի և գնահատանքի արդյունք է այն, որ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ հանրապետության նախագահի հրամանագրերով և պաշտպանության նախարարի հրամանով բազմաթիվ ազատամարտիկներ, զինծառայողներ արժանացել են պետական պարգևների, պարգևատրվել են պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով: Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին և բոլոր ներկաներին անկախության տոնի և ստացած պարգևների առթիվ: Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և վստահ եմ, որ մեր երկրի բարօրությանն ու բանակի հետագա հզորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն ու մտահղացումներն անպայման իրականություն կդառնան»: 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՍՈՒՐԵՆ ՄԱԼՈՒՄՅԱՆ

Զորամասի բաժնի պետ, գնդապետ

արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի.

-Անկախությունն ինձ համար անձամբ և իմ պետության համար առաջին հերթին նշանակում է ինքնորոշում, մեր ապագա ընթացքը ինքնուրույն որոշելու հնարավորություն: Եվ դա բացառապես մեր իրավունքն է, որը նվաճել ենք մեր հաղթանակներով: Ստացածս պարգևը ինձ համար կատարած աշխատանքի արդյունքների խորհրդանիշն է ու նաև հետագայում ևս բարեխիղճ աշխատանքի պարտավորություն: Ես ուզում եմ շնորհավորել բոլոր պարգևներ ստացածներին և ցանկանալ, որ մենք կրկնակի, եռակի ուժով ու եռանդով ծառայենք հանուն մեր խաղաղության, հանուն մեր ազգի հարատևության:

  

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎԱՐԾՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զորամասի հրամանատար, գնդապետ,

արժանացել է «Հայրենիքին մատուցած

ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի

-Անկախության օրը բոլորիս տոնն է: Իմ կարծիքով՝ ցանկացած հայ մեծ հպարտություն է ապրում անկախություն ձեռք բերելու, ազատ ու անկախ հայրենիքում ապրելու առթիվ: Ինչ վերաբերում է պարգևատրմանը, ապա ցանկացած մարդ, որի աշխատանքը գնահատվում է, միանշանակ մեծ ուրախություն է ապրում:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎԳԵՎՈՐԳ ՈՍԿԱՆՅԱՆ

ԿԿԶՀ կրծքային վիրաբուժության բաժնի պետ, փոխգնդապետ,

արժանացել է «Մխիթար Հերացի» մեդալի

 -Շնորհավորում եմ բոլորիս մեր անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Ցանկացած պարգևատրություն հպարտության մեծ զգացողություն է առաջացնում, և հատկապես` այսպիսի նշանակալի օրվա առիթով հանձնված պարգևը: Բնականաբար, պետական պարգևի նշանակությունը շատ մեծ է, հատկապես, երբ այն տրվում է Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից: Կարծում եմ, որ նա սրանով մեր մեջ ավելի մեծ պարտավորվածություն է սերմանում: Ամեն անգամ այս մեդալին նայելիս, հարազատներին ցույց տալիս պետք է հիշենք, որ նման պարգև ստանալով, ամբողջ կյանքում պետք է էլի ու էլի պայքարենք` դրան արժանի մնալու համար:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վիրաբուժական բաժանմունքի պետի տեղակալ, մայոր,

արժանացել է «Հովհաննես Բաղրամյան» գերատեսչական մեդալի

-Մեծ հպարտություն եմ ապրում այսօր: Երիտասարդ, բայց կայացած երկիր ունենք, անկախության հրաշալի սերունդ: Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր հանրապետության Անկախության օրվա առթիվ` ցանկանալով հարատև խաղաղություն: Ուզում եմ շնորհավորել մասնավորապես ռազմական բժիշկներին, ցանկանալ, որ այսուհետև զբաղվեն միայն հիվանդությունների կանխարգելմամբ և ոչ թե վիրավորների բուժմամբ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտագիտությունս  հայտնել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` այն թույլտվության համար, որի շնորհիվ մենք, լինելով ռազմական բժիշկներ, կարողացանք մասնակցել Նուբայի մարդասիրական առաքելությանը: Սա մի նոր մասշտաբի` բանակ-միջազգային հանրություն փոխհարաբերությունների, կարևոր օրինակ էր:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՄԻՔԱՅԵԼ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

Ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ,

արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի

-Անկախություն ձեռք բերելու հարցում մեծ է մեր հայրերի, եղբայրների դերակատարումը, որոնք զենքերը ձեռքներին կռվել են ու կռել մեր անկախ ապրելու իրավունքը: Զինվորականներիցս շատերի մասնագիտական ընտրության հարցում անկախությունը մեծ նշանակություն է ունեցել: Դե իսկ «Մարտական ծառայություն» մեդալը, անշուշտ,  մեծ հպարտություն է յուրաքանչյուր զինվորականի համար, դա մեր գործադրած ջանքերի, մեր աշխատանքի գինն է: Ու անձամբ ինձ համար «Մարտական ծառայություն» մեդալը միանշանակ ամենաարժեքավոր պարգևն է:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Ազգային բանակ


04/10/2017