Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ՝ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ՝ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ՝ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐՊաշտպանության ոլորտի արդիականացման եւ բարեփոխումների շրջանակում բազմաթիվ ծրագրեր են իրագործվում, կյանքի կոչվում: 

Ազգ-բանակ հայեցակարգի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն էլ արդարության եւ հանրային վստահության ամրապնդումն է: Ազգ-բանակ հայեցակարգը չի կարող դառնալ գործողություն առանց հանրային վստահության, առանց հասարակության ներգրավվածության, աջակցության. պետք է կարեւորվի հասարակության յուրաքանչյուր անդամի դերը:

Այս առումով «Դիտակետը» հերթական ծրագիրն է, որն իրականացվում է ՀՀ  ՊՆ եւ  «Այ-Փի-էս-Սի»  քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի («Բրեվիս») հետ համատեղ:  Դրա շրջանակներում բոլոր զորացրված ժամկետային զինծառայողները հնարավորություն ունեն սոցհարցման միջոցով գնահատելու զինվորական համակարգը. ծառայած երիտասարդների մասնակցությամբ մանրամասն  հարցերով վերհանվելու են բանակում առկա հիմնախնդիրները, թերացումները, այդուհետ արդյունքները հանգամանալից  ուսումնասիրվելու են, մշակվելու  եւ  անհրաժեշտ հետեւությունների հանգելով՝  հասցեական ու թիրախավորված փոփոխություններ են կատարվելու:

Հարցազրույցները կատարվում են զորացրումից մեկից երեք ամիս հետո, զինծառայողների բնակավայրերում, այսինքն՝ ամբողջ հանրապետությունով մեկ: 

Հարցումներն իրականացվում են պլանշետների միջոցով,  ավտոմատացված համակարգով այդ տվյալները հավաքվում են կենտրոնացված սերվերի վրա: Հարկ է նշել, որ  հարցումները բացարձակապես վերլուծական նպատակով են, անանուն, պատասխանների գաղտնիությունն ապահովված է:

♦♦♦

ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ՝ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ«Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմը սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում էր:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ողջունելով ներկաներին`  կարեւորեց «Դիտակետ» ծրագիրը՝ որպես հետադարձ կապ ծառայությունն ավարտած զինծառայողների եւ պաշտպանության նախարարության միջեւ. «Չափազանց կարեւոր է, որ մեր քաղաքացիները  վստահ լինեն, որ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրություն կենտրոնում է պահում խնդիրները, որոնց իրենք հանդիպում են ծառայության ընթացքում եւ հետադարձ կապով տան գնահատական իրենց անցած ուղուն»: 

«Մենք շատ սերտ աշխատելով մասնագետների հետ՝ կարողացել ենք մշակել այնպիսի հարցաշար, որը գոնե առաջին հայացքից հիմնական հարցերի վրա լույս սփռի»,- նշեց նախարարը:

Սոցհարցման համար նախատեսված հարցաշարը  բավականին ընդգրկուն է  եւ բազմաշերտ՝  մարտական հերթապահություն, ներքին փոխհարաբերություններ, կենցաղային պայմաններ, սնունդ, սանիտարահիգիենիկ պայմաններ, բուժօգնություն….

Նախարարն  ընդգծեց, որ  առաջին անգամ է կատարվում նման ծավալի հարցում, եւ  հնարավոր է, որ արդյունքներն ամփոփելիս լինի որոշակի շտկումների անհրաժեշտություն թե՛ հարցաշարի, թե՛ մեթոդաբանության  հետ կապված: 

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող  Արմեն Խաչիկյանը համառոտ ներկայացրեց կատարված աշխատանքը, նշեց, որ սոցհարցումները  Երեւանում գրեթե ավարտել են, արդեն մարզերում են սոցհարցումներ իրականացնում, եւ, ընդհանուր առմամբ, ծրագրի աշխատանքներն  ընթանում են  բնականոն հունով. ծառայությունն անցած   տղաները հիմնականում պատրաստակամ են, հաճույքով պատասխանում են հարցերին: Ա. Խաչիկյանը  նշեց նաեւ, որ  սոցհարցումների  գործընթացում պատահում  են նաեւ մերժումներ, որոշ զորացրվածներ մի փոքր թերահավատ են  վերաբերվում բանակում կատարվող բարեփոխումներին,  խուսափում են պատասխանել: Նա նաեւ հավելեց,  որ ծրագրի մասին տեղեկացվածության առայժմ ոչ բավարար մակարդակը հատկապես ծնողների մոտ անհանգստության,  մտավախության տեղիք է տվել, նրանց թվում է, թե այսօրինակ  հարցումները մոբիլիզացիոն նպատակ են հետապնդում:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ թյուրըմբռնումներից զերծ մնալու համար պետք է հասարակությանը լիարժեքորեն իրազեկել ծրագրի բուն նպատակը, հնարավորինս մատչելի պարզաբանել, հստակեցնել, բացատրել, որ ծրագիրը որեւէ կապ չունի մոբիլիզացիոն գործունեության հետ, այլ ընդամենը հարցում է, որը միտված է «ծառայության անցած տղաների կարծիքն ամբողջականացնելուն, լիարժեք կարծիք ձեւավորելուն, առկա կարծրատիպերի դեմ պայքարելուն՝  եղած  խնդիրները շտկելու մտադրությամբ, այսինքն՝  ծրագիրը որեւէ այլ նպատակ  չի հետապնդում»:  Պաշտպանական  գերատեսչության ղեկավարը  կոչ արեց, որ զորացրված զինծառայողները  լինեն հնարավորինս փոխգործակցող, լիարժեք տեղեկատվություն տրամադրեն՝ առկա խնդիրները բացահայտելու, լուծումներ գտնելու համար:

Ի դեպ, մի կարեւոր հանգամանք. «Դիտակետ» ծրագրի աշխատանքներին ներգրավված  են   նաեւ  հարցմանը մասնակցած զորացրված երիտասարդներ: Նախարարը ծառայությունն ավարտած տղաներից հետաքրքրվեց՝ արդյոք հարցաշարը լիարժե՞ք է, բոլոր  անհրաժեշտ  հարցե՞րն են ներառված:  Նրանք  «Դիտակետի» հարցաշարը  ոչ միայն բավականին ընդգրկուն  համարեցին,  այլ նաեւ խոսեցին  ծրագրի կարեւորությունից եւ անհրաժեշտությունից:

Արմեն Սարոյանն այս ամռանն է զորացրվել, ապրիլյան քառօրյայի մասնակից է, այժմ սովորում է բուհում, զուգահեռաբար համագործակցում է «Դիտակետ» ծրագրի հետ, հարցազրուցավար է. «Ծառայել եմ եւ հստակ պատկերացնում եմ բանակը, այսինքն՝  ոլորտն  ինձ անծանոթ չէ, պատրաստ եմ օգնելու, կանեմ հնարավորը՝ բանակում եղած թերությունները շտկելու, բանակն ավելի կատարյալ ու մաքուր դարձնելու համար: Մեզնից ամեն  մեկն էլ բանակում ծառայող բարեկամ-հարազատ, ընկեր  ունի եւ բնականաբար  կցանկանա, որ նրանք զերծ մնան այն խնդիրներից, որոնց իրենք բախվել են  ծառայության ընթացքում: Այն, որ բանակում եղած շատ բացասական  երեւույթներ  արդեն անցյալում են, փաստն ինքնին խոսուն է,  բանակում շատ բան է փոխվել, դրական միտումն ակնհայտ է»:

Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտահոգող, հուզող  հարցերը, հանդես եկան տարբեր առաջարկներով:

Ծրագրի մասնակիցներն այնուհետեւ այցելեցին մարտական հերթապահություն իրականացնող  զորամաս: Եղան զորամասի թանգարանում, ակումբում, գրադարանին էլ գրքեր նվիրեցին, զինվորական   ճաշարանում համտեսեցին բանակային կերակուրը, այցելեցին նաեւ դիրքեր: Այսօրինակ այցերն ինքնանպատակ չեն,  նախատեսված են հատկապես հարցազրուցավարների համար,  կօգնեն նրանց որոշակի առումով տեղում հասկանալու հարցաշարի էությունը:

«Դիտակետ» ծրագիրը շարունակական է: Ծառայած զինվորներն իրենց խորհուրդներով, նկատառումներով կաջակցեն, որ բանակը դառնա առավել կատարյալ, զերծ նկատված թերություններից ու բացթողումներից:

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ