Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ



2011 թ. հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հերթական անգամ վերհանեցին Եվրոպայում մահմեդականների ինտեգրացիայի գործընթացում առկա դժվարությունները: Նորվեգական «հրաձիգ» Անդերս Բրեյվիկը համացանցում տեղադրված հազար հինգ հարյուր էջանոց մանիֆեստում նշում է Եվրոպայի մահմեդականացման վտանգի մասին` մահմեդականներին անվանելով «վայրի կենդանիներ», իսկ մահմեդականների ներգաղթը Նորվեգիա արտոնող քաղաքական գործիչներին` «դավաճաններ»: Հակաիսլամական գաղափարները վերջին տարիներին բավականին լայն տարածում են ստացել եվրոպական հասարակության տարբեր շերտերում, այդ թվում` քաղաքական գործիչների շրջանում: Պատահական չէ այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանի իտալացի պատգամավորներից մեկը հայտարարել է Բրեյվիկի հայացքներին հավանություն տալու մասին` նշելով, որ դատապարտում է միայն վերջինիս գործունեության մեթոդները:

Ընդհանրապես, 2001թ-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Եվրոպայում մահմեդական ներգաղթյալների թվի աճի մասին բանավեճը բավականաչափ լայն տարածում է ստացել` ընդգրկելով ոչ միայն համապատասխան մասնագետներին եւ փորձագետներին, այլեւ հասարակության բավականին լայն շրջանակների: Ընդ որում` տվյալ բանավեճում հիմնականում գերակշռում են հակամահմեդական տրամադրությունները: Դրանց աճին նպաստեցին նաեւ Եվրոպայում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունները, այդ թվում` 2004թ-ի մարտի եւ 2005թ-ի հուլիսի պայթյունները համապատասխանաբար` Մադրիդում եւ Լոնդոնում, 2004թ-ին ռեժիսոր Թեո Վան Գոգի սպանությունը, Ֆրանսիայում մահմեդական գլխաշոր կրելու արգելքի հետ կապված գործընթացը, մի շարք մահմեդական կազմակերպությունների կողմից Եվրոպայում շարիաթի օրենքներ կիրառելու կոչերը:

Այս խնդրով զբաղվող փորձագետների մեծ մասը նշում է, որ մահմեդական առավել մեծ բնակչություն ունեցող եվրոպական պետություններում, առաջին հերթին` Ֆրանսիայում եւ Գերմանիայում, մահմեդականների ինտեգրման մակարդակը բավականին թույլ է: Դա իր հերթին նպաստում է մահմեդականների շրջանում գործազրկության եւ հանցագործության մակարդակի բարձրացմանը, հանգեցնում է «գետտոների» առաջացմանը: 2008թ-ին Բրուքինգս հաստատության կողմից իրականացված հետազոտության տվյալների համաձայն` Ֆրանսիայում մահմեդականները կազմում են բնակչության ութ տոկոսը, Նիդերլանդներում` վեց, Գերմանիայում` չորս եւ Մեծ Բրիտանիայում` երեք տոկոսը: Մի շարք եվրոպական քաղաքներում մահմեդական բնակչության թվաքանակը կազմում է բնակչության ընդհանուր թվի շուրջ 20 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Եվրամիության 27 պետություններում բնակվող մահմեդականների թիվը մոտ 20 միլիոն է, ինչը կազմում է բնակչության ընդհանուր թվի շուրջ չորս տոկոսը: Միաժամանակ, մի շարք հետազոտությունների համաձայն, հաշվի առնելով մահմեդականների ժողովրդագրական աճի բարձր տեմպերը, ինչպես նաեւ նրանց շարունակվող ներհոսքը, արդեն 21-րդ դարի երեսունական թվականներին մահմեդականների ընդհանուր թիվը Եվրամիությունում կարող է զգալիորեն ավելանալ, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում եվրոպական հասարակության առնվազն մի մասի մոտ: Այս տեսանկյունից իրավիճակի կտրուկ փոփոխության կարող է հանգեցնել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, որը մահմեդական բնակչության քանակը միանգամից կավելացնի ավելի քան 70 միլիոնով: Նշված հանգամանքը կարեւոր դեր է խաղում առաջին հերթին Ֆրանսիայի եւ Գերմանիայի որոշ շրջանակներում Թուրքիայի անդամակցությանը ընդդիմանալու խնդրում:

Անդրադառնալով Եվրոպայում բնակվող մահմադեկանների ինտեգրվածության ոչ բավարար մակարդակի պատճառներին` նշենք, որ այստեղ զգալի դեր են խաղում մի շարք գործոններ: Մահմեդականների շրջանում աղքատության մակարդակը անհամեմատ գերազանցում է եվրոպական միջին ցուցանիշը, ինչն իր հերթին նպաստում է մահմեդականների կենտրոնացմանը մեգապոլիսների արվարձաններում: Այստեղ աստիճանաբար ձեւավորվում են բացառապես մահմեդականներով բնակեցված թաղամասեր, որոնցում եվրոպական ընդհանուր արժեքային համակարգի շատ տարրեր ուղղակի բացակայում են: Սակայն հասարակությունից մահմեդականների տարանջատմանը նպաստող գործոնները չեն սահմանափակվում միայն սոցիալ-տնտեսական ոլորտով: Ինտեգրման ճանապարհին էական խոչընդոտ են նաեւ մշակութային տարբերությունները: Շատ եվրոպացիներ վստահ են, որ մահմեդական մշակույթը եւ մահմեդական արժեքները շատ քիչ ընդհանուր շփման եզրեր ունեն եվրոպական արժեքների հետ, ինչը զգալիորեն նպաստում է մահմեդականների եւ բնիկ եվրոպացիների միջեւ տարանջատման խորացմանը:

Այս խնդրում էական նշանակություն ունի նաեւ կրոնական գործոնը: 2007թ-ին Գելափի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների համաձայն` Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում բնակվող մահմեդականների շրջանում կրոնը որպես առօրյա կյանքի կարեւոր տարր համարող անձանց թիվը մոտ երկու անգամ գերազանցում է այդ նույն խնդրի վերաբերյալ ոչ մահմեդական բնակչության շրջանում առկա ցուցանիշը: 2006թ-ին իրականացված մեկ այլ հարցման համաձայն` Եվրոպայում բնակվող մահմեդականները ավելի շատ են հակված որպես սեփական ինքնության հիմք տեսնել առաջին հերթին կրոնը, հետո միայն էթնիկ պատկանելիությունը:

Վերոհիշյալ բոլոր գործոնները նպաստում են եվրոպական հասարակություններում մահմեդականների ինտեգրացիայի գործընթացում առկա պրոբլեմների խորացմանը: Խնդիրը ավելի է բարդանում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից սեփական արարքները արդարացնելու համար իսլամի օգտագործման պատճառով: Բազմաթիվ եվրոպացիների մոտ բավականին աղոտ պատկերացումներ կան իսլամի տարբեր ուղղությունների մասին եւ նրանցից շատերի համար իսլամը սկսել է ընկալվել որպես ահաբեկչությունն արդարացնող կրոն: Այս հանգամանքն իր հերթին նպաստում է Եվրոպայում բնակվող մահմեդականների շրջանում հակաարեւմտյան գաղափարների տարածմանը, ինչը ավելի է դժվարեցնում ինտեգրման գործընթացը:

Անհանգստացնող է նաեւ այն հանգամանքը, որ վերջին տարիներին եվրոպական մի շարք պետություններում ծայրահեղ աջ հայացքներ դավանող կուսակցությունները զգալի հաջողություններ են արձանագրում տարբեր մակարդակի ընտրություններում` շատ հաճախ հանդես գալով բացահայտ հակամահմեդական դիրքերից: Այս փաստը եւս վկայում է հասարակության լայն շերտերի մոտ հակամահմեդական գաղափարների տարածման մասին:

Ակնհայտ է, որ առաջիկա տարիներին Եվրոպայում հակամահմեդական տրամադրությունների աճը շարունակվելու է, ինչը հիմնականում պայմանավորված կլինի եվրոպական պետություններում մահմեդականների թվի աճով: Եվրոպական երկրների իշխանությունները պետք է նոր մոտեցումներ փնտրեն մահմեդականների ինտեգրումն ապահովելու նպատակով, հակառակ պարագայում, առնվազն երկարաժամկետ հեռանկարում, Եվրոպան կարող է հայտնվել միջէթնիկական եւ միջկրոնական բախումների կիզակետում:

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

Խորագիր՝ #31 (896) 10.08.2011 - 17.08.2011, Ռազմաքաղաքական


17/08/2011