Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ



ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՀայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության հերթական նիստի խորագիրն էր՝ «Սահմանամերձ բնակավայրերի կայուն զարգացում և հուսալի պաշտպանություն»: Քննարկմանը ելույթներ ունեցան շահագրգիռ գերատեսչությունների ու կառույցների, ՀՀ և Արցախի սահմանամերձ համայնքներում զարգացման և բարեգործական ծրագրեր իրականացրած համահայկական միությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր անդրադարձել են սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իրականացված համալիր քայլերին, զարգացման ծրագրերին և նախաձեռնություններին: Բանախոսներն ընդգծել են արձանագրված խնդիրները հստակ և հետևողական քայլերի միջոցով հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծելու անհրաժեշտությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում զարգացման հեռանկարները և կարևորեց հուսալի պաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունից բխող համապատասխան ծրագրերի իրականացումը՝ առկա խնդիրների վրա հրավիրելով նաև սփյուռքի տարբեր կազմակերպությունների ուշադրությունը:

-Հանրապետության վարչապետի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ: Այն փորձում է համակարգել բոլոր այն խնդիրները, որ ուղիղ առնչվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին, կանոնակարգել, ըստ առաջնահերթության դասակարգել պետական բյուջեի ու պետական տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և բարեգործական տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը: Նշեմ, որ վերջին տասը տարիների ընթացքում սահմանամերձ համայնքներում իրականացվել է շուրջ 550 ծրագիր տարբեր ուղղություններով՝ սոցիալ-տնտեսական նշանակության, հումանիտար, անվտանգային և քաղաքացիական պաշտպանության ոլորտների: Այդ ծրագրերի մեծ մասը դեռ շարունակվում է: Դրանց առյուծի բաժինն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով, բայց նաև շատ  կարևորում ենք, շնորհակալ ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք շարունակում են հետևողականորեն ծրագրեր իրականացնել սահմանամերձ բնակավայրերում: Կարծում եմ, կարիք չկա հիմնավորել և մատնանշել այդ աշխատանքների անհրաժեշտությունը և ընդհանրապես սահմանամերձ համայնքների զարգացման կարևորությունը մեր պետության անվտանգության և պաշտպանական համակարգերի ամրացման հարցում: Այս միասնական ընկալումը նկատվում է բոլոր կազմակերպությունների կողմից,-նշեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, հավելելով, որ հանձնաժողովն այս ընթացքում ունեցել է հինգ աշխատանքային նիստ, որոնցից երեքը՝ արտագնա՝ սահմանամերձ հատվածներում:

Նիստերից մեկն էլ նպատակ է ունեցել համակարգել բարեգործական կազմակերպությունների գործունեությունը: Ի մի են բերվել համայնքների բոլոր խնդիրներն ըստ իրենց առաջնահերթության, բոլոր համայնքների ընդհանուր նկարագիրը, ինչը հնարավորություն կտա շահագրգիռ կազմակերպություններին ներդրումների համար բիզնես հնարավորություններ տեսնելու համայնքներում, ինչն էլ կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, համայնքային տարբեր խնդիրների լուծմանը: Իսկ բարեգործական ծրագրերը կխթանեն սոցիալական միջավայրի բարելավումը, տնտեսական առաջընթացը: Ամենակարևորը, այդ աշխուժությունը թույլ կտա լիարժեք կյանքի կոչել հուսալի պաշտպանության կազմակերպման հետ կապված խնդիրները,- ասաց փոխնախարարը:

Վերջում պարոն Զաքարյանը կոչ արեց բանախոսներին ելույթներում համակողմանի ներկայացնել կատարվող աշխատանքները և այն ծրագրերը, որոնց վրա ցանկալի է, որ սփյուռքյան կազմակերպությունները ուշադրություն դարձնեն: Իսկ առաջարկների միջոցով դուրս բերել հնարավոր անելիքները, գաղափարները, ծրագրերը, որոնք կարող են դառնալ նաև միջգերատեսչական հանձնաժողովի համար որոշակի կողմնորոշիչ:

♦♦♦

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ մի քանի հատուկ շեշտադրումներ կատարեց սահմանամերձ համայնքների զարգացման իրենց պատկերացումների, խնդիրների և հնարավոր գործիքակազմի մասին՝ ընդգծելով, որ սահմանամերձ բնակավայրերը մշտապես եղել են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Նա խոսեց վերջին տարիներին արձանագրված մարտահրավերի՝ տնտեսական զարգացման անհամաչափության մասին:

-Էական խզում ունենք Երևանի, ապա քաղաքային համայնքների, հետո նաև գյուղական համայնքների միջև տնտեսական ակտիվությունը կամ աճը բնութագրող գրեթե բոլոր ցուցանիշներով: Նույնիսկ 2000-ականներին արձանագրված տնտեսական աճը, ցավոք, ավելի խորացրել է այդ անհամաչափությունը: Օբյեկտիվ անհրաժեշտությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ կառավարությունը իր գերակա խնդիրների փաթեթում կարևորագույններից մեկը նշել է տարածքային համաչափ զարգացումը,-նշեց Վաչե Տերտերյանը:

Նա տեղեկացրեց, որ 5 կմ լայնությամբ սահմանային գոտում բնակավայրերը համարվում են սահմանամերձ: Այդ համայնքների բնակիչների թիվը 56 000 է: Կան 17 000 գյուղացիական տնտեսություններ: Երկու տարի առաջ ընդունվել է ոլորտը կարգավորող հիմնարար առաջին օրենքը՝ սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքը: Այն թույլ է տալիս ձեռնարկել տնտեսական գործունեություն, այդ թվում՝ արդեն եղած տնտեսվարողների համար:

-Օրենքով, կարելի է ասել, ամբողջական հարկային արտոնություն է տրվել, ինչը այլ պայմանների զուգորդմամբ՝ հնարավորություն կտա բիզնես հետաքրքրություններ ձևավորել սահմանամերձ բնակավայրերում: Որպես հաջողված օրինակ՝ կարելի է նշել «Տավուշ տեքստիլը», որ բավական թափով սկսել է աշխատել Չորաթան, Արծվաբերդ համայնքներում:

6-1-2Սահմանամերձ տարածաշրջանների մասին օրենքով նախատեսվում է սոցիալական աջակցություն և արտոնություններ: Եռամյա գործող ծրագիրը առաջարկվել է երկարացնել ևս երեք տարով: Սահմանամերձ համայնքների տնտեսություններին հատկացվելու է 928 մլն դրամ, բնակչությանը 50 տոկոսով փոխհատուցվելու է նրանց էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի ծախսերը, նրանց փոխարեն համայնքներին կվճարվի գույքահարկը և հողի հարկը:

-Ներդրումային ծրագրերի հիմքում տնտեսական բաղադրիչն է: Արդեն շատ համայնքների համար սովորական են դարձել ճանապարհների վրա կատարվող ներդրումները, ժամանակակից տեխնոլոգիաներով լուսավորված տարածքները: Սրանք իսկապես փոքր ծրագրեր են, բայց շատ կարևոր և իրենց մեջ որոշակի հավակնություններ պարունակող: Եթե Չինարիում կամ այլ բնակավայրում մենք կարողանում ենք դպրոց վերանորոգել, և դպրոցի ճանապարհը լուսավորել եւ դարձնել ապահով, սա արդեն ոչ միայն սոցիալական, առարկայական նշանակություն ունի, այլև հեռահար նպատակներ: Գյուղացին ավելի վստահ է լինում վաղվա օրվա հանդեպ:

Կառավարության կառույցների քննարկմանը ներկայացվել են սահմանամերձ համայնքներում ներդրումային շուրջ 45 ծրագրեր:

♦♦♦

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը խոսեց սահմանամերձ բնակավայրերը պաշտպանության պատրաստելու և ռազմական բախումների ժամանակ բնակչության անվտանգությունն ապահովելու մասին: Արձանագրելով, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր սադրիչ գործելաոճից՝ նա անհրաժեշտ համարեց իրատեսական գնահատական տալ ստեղծված իրադրությանը, կանխատեսել հավանական զարգացումները և ձեռնարկել միջոցներ խաղաղ բնակչության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու կամ նվազեցնելու ուղղությամբ:

-Ռազմական առումով պաշտպանությանը նախապատրաստելու դեպքում բնակավայրերը կարող են վերածվել անմատչելի ամրոցների: Շենքերը, շինությունները առանց մեծ ծախսերի կարող են հարմարեցվել պաշտպանության համար և ընդգրկվելով ընդհանուր պաշտպանական համակարգում՝ նպաստել հակառակորդի հարձակվող զորքերին զգալի կորուստների պատճառմանը: Այդ ամենը պետք է կազմակերպել նախապես՝ խաղաղ ժամանակ սարքավորելով կայուն դիմադրության հանգույցներ շինություններում և արգելափակոցներ փողոցներում, ինչպես նաև բնակավայրերի մատույցներում: Բնակավայրը հնարավորություն է ընձեռում հուսալիորեն քողարկել կրակային միջոցները, տեղադրել կրակային դարաններ, նաև թաքստոցներ անձնակազմի և ռազմական տեխնիկայի համար:

Սահմանամերձ բնակավայրերի առանձնահատկությունները առավել լիարժեք օգտագործելու համար գեներալ-մայորը անհրաժեշտ համարեց բնակավայրերը նախապատրաստել պաշտպանության, մշակել պաշտպանության ուրվագծեր, ընտրված կառույցները վերակահավորել սեղմ ժամկետներում: Այս աշխատանքները խթանելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Վերակահավորման, շինարարական այդ աշխատանքներին տեղացիներին ներգրավելու միջոցով որոշակիորեն կմեղմվի նրանց սոցիալական վիճակը:

Նաև տեղեկացրեց բնակչությանը ռազմական գործողություններին նախապատրաստելու ուղղությամբ 2015-2017 թվականներին կատարված մեծածավալ աշխատանքների մասին: Խաղաղ ժամանակ պահեստազորայիններից ջոկատներ  կազմավորելու և նրանց հետ պատրաստության պարապմունքներ անցկացնելու նպատակով կազմակերպվել են հնգօրյա հավաքներ, որոնց մասնակցել է ավելի քան 1200 մարդ: Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ հավաքներ անցկացնել մյուս մարզերում ևս:

Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը լուծումներ առաջարկեց նաև ռազմական բախումների ժամանակ բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ, այն է՝ բնակիչների զանգվածային կուտակման վայրերի, ճանապարհների մոտ սարքավորել գնդակոծումից պատսպարվելու թաքստոցներ, տեխնիկայի կայանատեղիներ և այլն:

-Եթե ամեն հայ իր փոքրիկ ներդրումը կատարի, ապա միանգամայն իրատեսական է մեր երկրի անվտանգության կարևորագույն երաշխիքների ստեղծումը: Միասնական մոտեցումը և ֆինանսական լուրջ ներդրումները այս հարցում գործուն մեթոդներ են,-ամփոփեց գեներալ-մայորը:

♦♦♦

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց սահմանամերձ համայնքներում հիմնադրամի իրականացրած աշխատանքները՝ առանձնացնելով երկու կարևոր գործոն: Առաջին՝ սահմանամերձ բնակավայրում ապրողին  շատ բան պետք չէ՝ ուշադրություն և ապրուստի տարրական պայմաններ: Եվ երկրորդ՝ զինվորը ուժեղ է, երբ գիտի, որ իր ետևի գյուղում ապրող մարդ կա եւ զարգացող համայնք:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ # 37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


22/09/2017