Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԸ, ՈՐԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՆ, ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒԺԵՂ ՉԼԻՆԵԼ



ԶԻՆՎՈՐԸ, ՈՐԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՆ, ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒԺԵՂ ՉԼԻՆԵԼ-Ի՞նչ եք անում, եկեք հեռուստացույց նայեք,- ասում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը: Գետնատնակում հեռուստացույց կա, հանգստի սենյակ` գունավոր պատերով, մահճակալներով ու գեղեցիկ լուսամփոփով:

Ես չեմ գնում հեռուստացույց նայելու: Մեն մենակ նստել եմ մոնիտորի առաջ, որի վրա անշարժ պատկերներ կան` հակառակորդի հնարավոր ներթափանցման ուղիները: Այսպես ասած, տարածքը տեսահսկվում է: Եթե հակառակորդը փորձի առաջանալ այդ ուղղություններից որեւէ մեկով, տեղում հեռահար կրակոցով կոչնչացնենք: Սա ինձ պարոն Մանգասարյանն է ասել: Ես ուշադիր զննում եմ էկրանի բոլոր հատվածները, շարժ չկա: Հակառակորդը սսկված է իր բնում… Մեկ էլ հանկարծ մոնիտորն սկսում է ազդանշան տալ` տու, տու, տու… Նետվում եմ հանգստի սենյակ:

-Ի՞նչ եղավ,- Նվեր Մանգասարյանն անհանգիստ ոտքի է կանգնում:

-Սարքը տագնապի ազդանշան տվեց,- ասում եմ շնչակտուր:

-Ո՞ր սարքը,- տարակուսած հարցնում է փոխգնդապետը:

-Մոնիտորը,- վրա եմ բերում: -Շուտ եկեք: Երեւի չեզոք գոտում շարժ է արձանագրել:

Ազդանշանը շարունակվում է նույն հաճախականությամբ: Նվեր Մանգասարյանը ներողամիտ ժպիտով բացատրում է.

-Մոնիտորը չի կարող ազդանշան տալ, եթե նույնիսկ շարժ նկատվի: Տեսեք, տարածքը մաքուր է: Պարզապես հոսանքի տատանում է եղել:

Ես շունչս տեղը բերելով նորից նստում եմ մոնիտորի առաջ:

Փոխգնդապետը չի գնում հանգստի սենյակ, աթոռը մոտեցնում է մոնիտորին ու ասում.

-Սովորաբար մարդիկ են ընտրում իրենց մասնագիտությունը, բայց իմ դեպքում հակառակն եղավ՝ մասնագիտությունը ընտրեց ինձ:

Սա համարյա խոստովանություն է, անկեղծ զրույցի սկիզբ. հաճախ չի պատահում, որ զինվորականը «մանկուց երազած» չլինի համազգեստ հագնելու մասին:

-Էլ երկար-բարակ չմտածեցի, թե ինչ մասնագիտություն ընտրեմ, որովհետեւ նպատակս ոչ թե մասնագետ, այլ ուսանող դառնալն էր: Ճարտարապետ կդառնամ` ասացի հորս ու սկսեցի մաթեմատիկա պարապել: Ընդունելության քննություններին մի քանի ամիս էր մնացել: Ես գիշերը ցերեկ դարձրած պարապում էի ու… ընդունվեցի:

Հետո եկան բանակային տարիները: Վեց ամսվա զինվոր էի. մեզ հավաքեցին ու հարցրին, թե ով է ուզում զինվորական դառնալ ու հինգ տարվա պայմանագիր կապելուց հետո սպայի կոչումով շարունակել ծառայությունը: Ես էլի երկար չմտածեցի զինվորական դառնալու որոշում կայացնելիս: 40 հոգուց ընտրեցին 17-ին, այդ թվում` եւ ինձ, թեեւ ես աչքի չէի ընկել ծառայության մեջ:

Ես նայում եմ փոխգնդապետին, որ հասկանամ, թե ինչու են զինվորական դառնալու ցանկություն ունեցող 40 թեկնածուներից ընտրել մեկին, որը աչքի չէր ընկել ծառայության մեջ: Նվեր Մանգասարյանը բարձրահասակ է, թիկնեղ, ձիգ, ատլետիկ կազմվածքով:

-Զինվորական ծառայությունս սկսել եմ վաշտի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալից… Հետո եղել եմ գումարտակի հրամանատարի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատնքների գծով, հիմա գնդի հրամանատարի տեղակալ եմ էլի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով…

Անձնակազմի հետ տարվող աշխատանք: Սա զինվորականի, մանկավարժի, հոգեբանի համատեղում է:

Ես ուզում եմ հարցնել, թե նվեր Մանգասարյանն ի՞նքն  է ընտրել անձնակազմի հետ տարվող աշխատանքը՝ իր նախասիրություններին համապատասխան, թե էլի մասնագիտությունն է ընտրել իրեն: Բայց փոխգնդապետը շարունակում է.

-Ամենակարեւորը մարդասիրությունն է: Երբեմն լրագրողները հարցնում են` կարողանո՞ւմ եք հավասար աչքով նայել սիրած ու չսիրած զինվորներին: Ես չսիրած զինվոր չունեմ: Ես առհասարակ չեմ հասկանում մարդուն չսիրելու գաղափարը: Եթե մարդը վատն է, ապա նա այդպիսին է դարձել իր ապրած կյանքի, իրեն շրջապատող հանգամանքների բերումով: Մարդուն պիտի օգնես, որ լավը դառնա:

Հաջորդ ամենակարեւոր հատկանիշը մարդուն լսելու հատկությունն է: Սիրով լսելու: Զրուցակիցդ զգում է` դու սրտով ես լսում, թե` որպես պարտականություն: Ու դրանից կախված` անկեղծանում է, կամ ոչ: Հիմա ես պատմում եմ այս ամենը, որովհետեւ տեսնում եմ, որ Դուք սրտով եք լսում ինձ, այլապես չէի կարողանա խոսել:

Զինվորականն իր տարերքի մեջ է, աչքերը փայլփլում են, դեմքը փոքր-ինչ շառագունել է:

-Մարդու մտածելակերպն ու վարքը փոխելու հաջորդ պայմանը նրան բացատրել-հասկացնելն է: Որովհետեւ հատկապես զինվորները, որոնք 18-20 տարեկան են, հաճախ երկար չեն մտածում ու չեն հասկանում իրենց արարքներից բխող հետեւանքները: Հասկանալուց հետո միանգամից փոխվում են: Դու ասում ես, որ ընկերոջ հանդեպ վատ վերաբերմունքը ցավ է պատճառում ոչ միայն նրան, այլեւ նրա մորը, հորը, հարազատներին, որոնք զանգում են ու տեսնում են, որ զինվորն անտրամադիր է: Զինվորի մայրը կարող է անքուն գիշերներ լուսացնել որդու ձայնի մեջ տխրություն նկատելով… Անտրամադիր զինվորը, բնականաբար, ծառայությանը մատների արանքով է նայում, ու դա թուլացնում է մեր ընդհանուր մարտունակությունը: Ես անտրտունջ, դետալ առ դետալ ժամերով բացատրում եմ իմ զինվորներին, լսում եմ նրանց:

Մարդկային բոլոր հարաբերությունները միայն կանոնագրքով չես կարող կարգավորել: Տարիներ առաջ իմ զինվորներից մեկն ասաց, որ ծառայակից ընկերը որոշել է լքել զորամասը ընտանեկան խնդիրների պատճառով: Իմ զինվորը վստահ էր, որ ես չեմ պատժի իր ընկերոջը, այլ կփորձեմ հնարավորության սահմանում խնդիրը լուծել: Կապվեցի զինվորի ընտանիքի հետ, մորն ու քեռուն հրավիրեցի զորամաս….Եվ զինվորը, որն անընդհատ փորձում էր փախչել զորամասից, գնալ տուն, դարձավ իդեալական զինծառայող: Սա լուծում էր, որը գրված չէ կանոնագրքում: Իմ զինվորներից մեկը, որը ամենավատն էր ծառայության սկզբում, զորացրվեց պատվոգրերով, որովհետեւ ես նրա ուսերին պատասխանատվության բեռ դրեցի, հետո աստիճանաբար մեծացրի այդ բեռը… որից նա դարձավ ուժեղ, կարգապահ:

…Մթնել է: Փոխգնդապետը վառում է գետնատնակի լույսը, և սենյակի լիմոնագույն պատերը շնչավորվում են… Մոնիտորի վրա պարզ երևում է, որ հակառակորդի ներթափանցման բոլոր ուղիներն էլ խաղաղ են: Ոչ մի շարժ: Որովհետեւ այստեղ զորքն ուժեղ է: Քանի որ ուժեղ է զինվորը: Զինվորը, որին սիրում են, չի կարող ուժեղ չլինել:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Ազգային բանակ


06/09/2017