Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԷՐ



ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԷՐՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունված 210 պատանիների համար ուսումնական տարին  կմեկնարկի Դիլիջանում: Այստեղ գտնվող նախկին ՊԵԿ կենտրոնը վերջնականապես հարմարեցվել է ուսումնական պահանջներին, ստեղծվել են բոլոր պայմանները զինվորական ուղին ընտրած պատանիների համար: Մնում է միայն ճակատային հատվածում փակցնել վարժարանի կարգախոսը. «Ճանապարհ դեպի բարձունք»:

Հոգաբարձուների խորհրդի անդամները՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստյանը, «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, «Այբ» կրթահամալիրի տնօրեն Արամ Փախչանյանը, զարգացման  ծրագրերի գծով փոխտնօրեն Սոնա Կոշեցյանը, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յաղուբյանը, ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը օգոստոսի 30-ին եկել էին տեսնելու արվածն ու քննարկելու վարժարանի գործունեության սկզբունքները: Ի դեպհոգաբարձուների խորհրդի միակ զինվորականը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալմայոր Օնիկ Գասպարյանն է:

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԷՐ«Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրակարգը հագեցած էր: Խորհրդի նախագահ ընտրվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ ասաց, որ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է գիտակ ու կարող մարդկանցից, որոնք իրենց ներդրումը կբերեն վարժարանի կայացմանը: Նշանակվեցին նաեւ վարժարանի տնօրենի պաշտոնակատարն ու նրա տեղակալները.  «Կառավարության որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գեղամ Սարգսյանը: Բայց, ըստ կանոնադրության, ընտրությունը պետք է կատարվի բաց մրցույթով: Հաջորդ նիստին կներկայացվի հայտարարությունն ու մրցույթի անցկացման կարգը»,-ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Քննարկվեց «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի զարգացման տեսլականը: Վիգեն Սարգսյանը ձեւակերպեց վարժարանի առաքելությունը. կերտել Հայոց բանակի ապագա առաջնորդներ. «Հիմնադրամի գերխնդիրը պետք է լինի վարժարանը դարձնել Հայաստանի առաջատար կրթահամալիրներից մեկը: Պետք է ստեղծվի ակադեմիական միջավայր` հմուտ մանկավարժների ներգրավմամբ, արդի հնարավորությունների ապահովմամբ և մրցակցային կրթության ձևավորմամբ: Հետագա ծառայության համար պետք է նախապատրաստել ուժեղ, առողջ, ճկուն և ռազմական հմտություններին տիրապետող սաներ, դաստիարակել բարեկիրթ, ազնիվ քաղաքացիներ, որոնց համար Հայրենիքին ծառայելը գերխնդիր և գերնպատակ է, ընտանիքը՝ բարձրագույն արժեք, ընկերությունը՝ կենսակերպ»,-ասաց նախարարը:

Այս տարի վարժարան ընդունվել ցանկացողների թիվը մեծ էր: Ընդունելությունն առաջին անգամ մրցութային էր՝ երեք դիմորդ մեկ տեղի համար. «Վարժարանի պայմաններն ու հնարավորությունները նախատեսված  են 210 սաների համար, բայց ունենք հեռանկարային ծրագիր՝ հետաքրքրության աճի պարագայում կընդլայնենք կրթահամալիրը: Հույս ունեմ, որ վարժարանն ավարտած սաների մեծ մասը կընտրի սպայական մասնագիտությունը եւ կշարունակի ուսումը բարձրագույն ռազմական հաստատություններում»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԷՐԱյսօր վարժարանի սաների շարքերում աղջիկներ չկան,  բայց նրանց հետաքրքրվածությունը մեծ է: Նախարարը չբացառեց, որ  աղջիկների համար կստեղծեն առանձին վարժարան: Նա հավելեց, որ կանայք իրենց լավագույնս են դրսեւորում ԶՈՒ-ում եւ շատ հպարտ է երկու օր առաջ իր կատարած նշանակումով. «Առիթն օգտագործելով՝ ասեմ, որ առաջին անգամ զինված ուժերի պատմության մեջ բարձրագույն սպայական պաշտոններից մեկում՝ ռազմաբժշկական վարչության պետ, կին է նշանակվել: Փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը երկար տարիներ ղեկավարել է կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը, մարտական ուղի անցած ռազմական բժիշկ է, շատ լավ կազմակերպիչ: Վստահ եմ, որ նա մեծ հաջողություններ է գրանցելու ռազմաժշկական ծառայության կայացման գործում»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով վարժարանի մանկավարժական կազմին՝ Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ զինվորականներ են դասղեկները, դասակի ու վաշտի հրամանատարները, ռազմամարզական գործի հրահանգիչները, իսկ  ուսուցիչները կդասավանդեն քաղաքացիական հիմունքներով. «Ընտրվել է արհեստավարժ մանկավարժական կազմ, ստեղծվել են բոլոր պայմանները՝ կրթությունը բարձր մակարդակով ապահովելու համար: Մենք զինվորական մասնագիտությունը դարձնելու ենք ավելի գրավիչ»:

Հիմնադրամի ռազմական գծով փոխտնօրեն ընտրված գնդապետ Ալեքսան Մինասյանը Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի հիմնադիրներից է: Նրա ղեկավարման տարիներին վարժարանն ունեցել է  բարձր առաջադիմություն եւ մեծ համբավ. «Մեր առաջին քայլերը դժվար էին՝ անգամ կացարան ու սանհանգույց չունեինք, իսկ հիմա պայմաններն անհամեմատ ավելի լավն են: Անհրաժեշտություն կա զարգացնելու սաների ռեակցիան, կոորդինացիան եւ արագ կողմնորոշվելու ունակությունը: Դրա համար նախատեսել ենք հատուկ վարժություններ, կահավորել ենք սենյակներ, ձեռք ենք բերել սարքավորումներ, որոնց նմանատիպը շատ քիչ երկրներ ունեն»:

Սեպտեմբերի 1-ին վարժարանի ուսուցչական կազմն ու սաները հրաժեշտ կտան Երևանում գտնվող շենքին եւ կտեղափոխվեն Դիլիջան: Վիգեն Սարգսյանի առաջարկով Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ը, սահմանվեց որպես Վարժարանի օր: Ուստի պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառումը, ինչպես նաեւ սաների երդման արարողությունը տեղի կունենա վերոնշյալ օրը: Հատկապես, որ այս տարի լրանում է հերոսի ծննդյան 60-ամյակը:

Շուշան Ստեփանյան

Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Ազգային բանակ


06/09/2017