Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒՀ-ԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒՀ-ԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Օգոստոսի 22-ին մեկնարկեցին ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի մանրամասները: Այնուհետև դասախոսություններով հանդես եկան մի շարք բարձրաստիճան զինվորականներ:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, խոսելով իր ծառայողական ուղու մասին, անձնական օրինակով ներկայացրեց հաջողության հասնելու իր բանաձևը, խորհուրդներ տվեց ծառայական ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, սպայի կերպարի, դերակատարման, ծառայությունը լավ սկսելու վերաբերյալ: Փաստեց, որ զորքն առաջնորդելու ամենալավ տարբերակը անձնական օրինակն է: Նա գովելի համարեց այն փաստը, որ շրջանավարտների զգալի մասը ցանկություն է հայտնել ծառայել սահմանամերձ զորամասերում: Պատերազմի վերսկսման հավանականությունը շատ մեծ է, իսկ զինվորականի մասնագիտությունը պատերազմ վարելն է, պատրաստվելը, ուժեղ բանակ ունենալը և դրանով իսկ պատերազմի վերսկսումը կանխելը:

-Ավելի մեծ բավարարվածություն, քան հակառակորդի նկատմամբ հաղթանակ տոնելն է, չեմ ունեցել: Ցանկանում եմ, որ բոլորդ էլ ձեր ծառայության ընթացքում վայելեք հաղթանակի բերկրանքը,-նշեց գեներալ-լեյտենանտ Հակոբյանը:

Ելույթ ունեցավ նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա իր խոսքում նշեց, որ սպաները ապագայի նկատմամբ մեծ հույս ու հավատ ներշնչող առաքելություն են ստանձնում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒՀ-ԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ-Հավատացեք՝ ձեր ամեն մի հաջողություն մեզանից յուրաքանչյուրի հաջողությունն է լինելու: Դուք գիտեք, թե ինչ վերաբերմունք կա սպայի և զինվորի նկատմամբ մեր հասարակությունում: Մենք ձեզ հետ միասին ժառանգել ենք հաղթանակ, ձեզ հետ միասին ժառանգում ենք զինված ուժեր, որի զարգացման առաջընթացի համար յուրաքանչյուրս իր պատասխանատվությունն է կրելու: Ձեր ծառայության ողջ ընթացքում դուք հնարավորություն եք ունենալու զարգացնելու ձեր գիտելիքները, կատարելագործելու կարողությունները՝ դրանով իսկ նպաստելով մարտական պատրաստականության բարձրացմանը և ենթակա անձնակազմի ճիշտ կառավարմանը:

Փոխնախարարը անդրադարձավ նաև պաշտպանական համակարգի բարեփոխումներին:

Միջոցառումների անցկացման առաջին օրը շրջանավարտներն ունկնդրեցին դասախոսություններ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, սահմանի տեխնիկական հագեցվածության, առաջնագծում ծառայության հիմնական առանձնահատկությունների մասին, ծանոթացան զինծառայողների սոցիալական երաշխիքներին և բժշկական ապահովության համակարգին:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/08/2017