Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ



ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄՄայիսի 28-ին Առաջին Հանրապետության տոնի առթիվ Կապանում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումն սկսվեց  կենտրոնական՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակից, որտեղ զորամասի զինվորները զենքզինամթերքի ցուցադրություն էի կազմակերպել՝  հասարակությանը զինատեսակներին  ծանոթացնելու նպատակով:

Տոնական հանդիսությանը ներկա էին գեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանը, ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամներ, դպրոցականներ, զինծառայողներ, երկրապահ, վետերան ազատամարտիկներ, մեծաթիվ կապանցիներ:

Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանին դրվեցին ծաղիկներ:

Զորահանդեսի ժամանակ բացազատված տարածքներում Կապանի զորամասի զինվորները ցուցադրեցին մարտավարժանքներ:

1-ին զորամիավորման ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին, կարևորելով տոնի հսկայական նշանակությունը` ներկայացրեց զորամիավորման հրամանատար, գեներալմայոր Տիգրան Փարվանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես նշված էր. «Հայ ժողովրդի հերոսական անցյալի, ներկայի, ստեղծագործ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ազգովի մեծ խանդավառությամբ տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման,  Սարդարապատի, ԲաշԱպարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի 99-րդ տարեդարձները:

Անկախ Հանրապետության հռչակումը հայ ժողովրդին մեկ անգամ ևս հնարավորություն տվեց կերտելու իր ապագան և աշխարհին, առավելապես՝ հակառակորդին ապացուցելու, որ հայ ժողովուրդն անպարտելի է, հզոր, առաքելություն ունի  արարելու և կառուցելու պատմության  հարատև ընթացքի մեջ, իր պատվավոր տեղն ամրապնդելու աշխարհի քարտեզի վրա:

Թող այսուհետ՝ պատմության հետագա էջերում միայն արձանագրվի մեր պետականության բարգավաճման և հզորացման մասին»:

Հրամանատարն իր ուղերձում անդրադարձել էր նաև Սյունյաց անպարտելի աշխարհին: Նա հավաստիացրեց, որ այսօր առավել, քան երբևէ հզոր և պաշտպանված է Սյունիքը՝ հանձինս հերոս ժողովրդի և տարածաշրջանում տեղակայված  զորամիավորման ու նրա քաջ  զինծառայողների:

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ նաև Կապանի զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Միրզոյանը:

Տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքի կենտրոնական պուրակում: Զորամասի նվագախմբի զինվորների կատարմամբ հնչեցին  հայ զինվորի խիզախության, հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրո, նվիրվածության և անկոտրում կամքը խորհրդանշող հայրենասիրական մեղեդիներ՝ ոգեշունչ  տրամադրություն տարածելով շուրջը:

 

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Բանակ և հասարակություն


31/05/2017