Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

1-ին զորամիավորումում յուրաքանչյուր ուսումնական տարի անցկացվող հրետանավորների կենտրոնացված ճամբարային հավաքները մշտապես իրականացվում են կազմակերպված և բարձր մակարդակով:

Ճամբարային հավաքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ զորամիավորման հրամանատար, գեներալմայոր Տիգրան Փարվանյանը նշեց, որ հենց այստեղ, այս ճամբարում է նաև ձևավորվում հայ զինվորի մարտական բնավորությունը, դաշտային վարժվածությունը, կոփվածությունը, կարգապահությունը, որը նրանց փոխանցում և վերահսկում են  մեր փորձառու զինծառայողները:

Հրետանավորների ճամբարային հավաքների մասնակիցների ներգրավմամբ 1-ին զորամիավորումում անցկացվեց անօդաչու թռչող սարքի կիրառմամբ դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ղեկավարն էր զորամիավորման հրամանատար, գեներալմայոր Տիգրան Փարվանյանը:

Փոխգնդապետ Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող հրետանային դիվիզիոնը  դուրս բերվեց  կենտրոնացման շրջան, որտեղ ստորաբաժանումները կատարեցին մարտական խնդիրներ:

Բացազատվեցին ուսումնական կետեր, որտեղ ցուցադրվեցին զորավարժության նախապատրաստման ու անցկացման կարգը, մշակվող փաստաթղթերը, տեխնիկական միջոցներ, սպառազինություն և այլն:

Թեմաներն էին՝ անօդաչու թռչող սարքի և կրակաճշտող հատուկ նշանակության խորքային հետախուզական խմբի փոխգործակցությունը, օգտագործվող կապի միջոցները,  սպառազինության և տեխնիկայի մարտական կիրառման նախապատրաստումը և այլն:

Ենթակա զորամասերի հրամանատարները, հրետանու պետերն ու դիվիզիոնների հրամանատարները ծանոթացան բանակում ներդրված նորույթներին և պաշտպանական նշանակության ցուցանմուշներին, որոնց կիրառմամբ  այսօր առավել անխոցելի են դարձել մեր սահմանները:

Զորավարժության կրակային փուլում հաջողությամբ իրականացվեցին տեղանքում մարտական գործողությունների խաղարկումը, անօդաչու թռչող սարքի հետ փոխգործակցության կազմակերպումը, դիվիզիոնի մարտի ծավալումը:

Մեր ինքնագնաց հրետանային դիվիզիոնի հրետանավորները հանդես բերեցին տոկունություն, մարտական խնդիրների առաջադրման և լուծման հաստատակամություն, որը լավ դրսևորվեց հատկապես հակառակորդի խոցման կրակային խնդիրների կատարման ժամանակ:

Դիվիզիոնին հաջողվեց ձախողել հակառակորդի առաջխաղացման և բացազատման փորձերը՝ կարճ ժամանակում կազմակերպելով գրոհի հրետանային հետմղում:

Դեպի հակառակորդն ուղղված դիպուկ խոցումներով դիվիզիոնը աջակցեց նաև խորքում պաշտպանություն իրականացնող մեր զորքերին:

Վերջում զորավարժության ժամանակ աչքի ընկած մի խումբ հրետանավորներ զորամիավորման հրամանատարի կողմից արժանացան խրախուսանքի:

Առաջին զորամիավորումում անցկացված դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժությունը ցույց տվեց, որ մեր հրետանավորներն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և պատրաստ են բարձր արդյունավետությամբ կատարելու առաջադրված խնդիրները:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/05/2017