Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ



ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ2016թ. ապրիլի 30-ին զոհվեց դասակի հրամանատար Աշոտ Զոհրաբյանը: Քաջորդու մահվան տարելիցի օրը նրա հիշատակը հարգելու էին եկել ծանոթները, բարեկամները, հարեւանները, մարտական ընկերներն ու այն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, որտեղ սովորել էր հերոսը: Աշոտ Զոհրաբյանը ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով:

 

Աշոտ Զոհրաբյանին նվիրված միջոցառումը մեկնարկում է Այնթապ գյուղում գտնվող նրա հայրենի տան մոտ՝ այն հուշաղբյուրի կողքին, որը հարևանները միացյալ ջանքերով բացել են ի հիշատակ հերոսի: Ներկաներն իրենց սրտի խոսքն են ասում:

Դեռ դպրոցական տարիքից Աշոտը ստեղծագործում էր, մրցանակների արժանանում, իսկ ստեղծագործությունների հիմքում իր խոհերն էին՝ հայրենիքի,  մարդու առաքելության ու մարդկային առաքինությունների մասին: Նրա խոհափիլիսոփայական ստեղծագործություններն ասես զրույց լինեն ինքն իր հետ, պատգամ, ուղենիշ, երբեմն էլ՝ պածառատեսություն…

Պատմում է դասղեկը՝ Թագուհի Սարգսյանը.

-Աշոտն այն անհատներից էր, ովքեր փորձում են կյանքում անպայման գտնել իրենց կոչումը: Ու գտավ: Մարդ լինել: Շարադրություններից մեկում, որը վերնագրել էր «Աստվածային մի ճամփորդ է իմ հոգին», այսպիսի խոսուն տողեր կան. «Մեր հոգին ճամփորդ է տիեզերքում: Եվ այդ անսահմանության մեջ երկրային կյանքն այնքան կարճ է, որ մի ակնթարթ է թվում: Կարծում եմ՝ այդ ակնթարթը պետք է ապրել այնպես, որ աշխարհից հեռանալիս նույնքան արժանի լինենք մարդ կոչվելու, որքան լույս աշխարհ գալիս…»:

Աշոտը լավ սովորելու հետ մեկտեղ շատ լավ վարք ուներ: «Երբ ուսուցիչներով փորձում էինք ուրիշներին խրախուսելու նպատակով նրան որպես օրինակ բերել, մոտենում էր ու կամացուկ ասում. «խնդրում եմ, ինձ մի առանձնացրեք, ես նրանցից մեկն եմ»,-հիշում է տիկին Սարգսյանը: -«Նրա մարդկային տեսակն առանձնահատուկ էր: Երբեք չէր հակաճառում: Ինչ դիտողություն էլ անեի, կընդուներ, կհամաձայներ: Իհարկե, դա չէր նշանակում, որ իր կարծիքից հետ էր կանգնում, պարզապես իր հարգանքն էր ցույց տալիս մեծի հանդեպ ու անում էր այնպես, ինչպես ինքն էր ճիշտ գտնում»,- ժպտում է ուսուցչուհին:

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸԱշոտի մայրը՝ Անահիտ Զոհրապյանը, չամոքվող ցավը սրտում, մխիթարվում է գիտակցելով, թե հանուն ինչի էր իր որդու մեծ զոհողությունը, հպարտանում է նրանով:

-Չեք պատկերացնի իմ զգացումները, երբ ներկա էի Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում նրա երդման արարողությանը: Մոտեցավ, ասաց՝ «Մամ ջան, երազանքդ կատարվեց, չէ՞»: Ասացի՝ «Հա՛, կատարվեց, տղաս»: Զինվորի համար ոչինչ չէր խնայում իմ Աշոտը: Երբեմն գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր նրանց կարիքները հոգալու համար: Երբեմն էլ լավագույն զինվորներին խրախուսելու համար թանկարժեք նվերներ էր գնում՝ բջջային հեռախոս, սպորտային նոր համազգեստ և այլն: Ամեն անգամ մթերքով ծանրաբեռնված էր դիրքեր բարձրանում: Զինվորների անունով էր երդվում… Ես հպարտ եմ այդպիսի որդի ունենալուս համար…,- հուզվում է տիկին Անահիտը,- Նոր Տարվա տոները գերադասում էր դիրքերում՝ զինվորների կողքին անցկացնել: Զանգում էր, ասում՝ «Մամ, ո՞նց դիմավորեցիք: Իմանաս, զինվորներիս համար ի՜նչ Նոր Տարի էի կազմակերպել»:

Ես մինչև հիմա չեմ հավատում, որ ինքը չկա, վստահ եմ, որ իր դիրքում է, ինչպես միշտ… Նրա հոգին հենց այնտեղ է՝ իր զինվորների կողքին…Էլի մեր սահմանն է հսկում…

«Որտեղի՞ց այդ ուժեղ հայրենասիրական ոգին» հարցիս պատասխանում է.

-Իմ պապը Գարեգին Նժդեհի տասնապետերից է եղել: Հայրս շատ էր պատմում նրա պատմությունները, ու մենք ոգեշնչվում, ապրում էինք այդ ամենով: Սա էր պատճառը, որ եղբայրս ընտրեց զինվորականի գործը, որդիս էլ՝ նրան հետևեց:

Աշոտի քեռին՝ պահեստազորի սպա Իգոր Աբրահամյանը, երեք տարեկանից Աշոտին հետը դիրքեր է տարել: Քրոջը ասել է՝ «Տղամարդ է, թող տեսնի, հասկանա զինվորական կյանքը»: Հետագայում, երբ արդեն մասնագիտության ընտրության առջև էր կանգնել, տնեցիները բոլորն էլ ուզել են, որ ոստիկանության ակադեմիա ընդունվի, բայց ինքը նախընտրել էր Ռազմական ինստիտուտը: Ասել է՝ «Մի տնից մեկ զինվորականը քիչ է, գոնե երկուսը պետք է լինի»: Բայց երեքը եղան. եղբայրը հիմա էլ ծառայում է բանակում, Լիբանանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում:

-Երբ Աշոտը արդեն ծառայում էր զորամասում,-ասում է Իգոր Աբրահամյանը,- զանգում էի, փորձում խորհուրդներ տալ. նրան միշտ իմ երեխան էի համարում: Եվ երբ քառօրյայից հետո գնացի զորամաս, դիրքեր բարձրացա, լսեցի նրա մասին, նոր միայն պատկերացրի, թե Աշոտը ով է եղել, ի՜նչ հրամանատար…

Շենգավիթի երկրապահ կամավորական ջոկատից պահեստազորի փոխգնդապետ Չտրկյանը, որ քառօրյա պատերազմի սկսվելու մասին լուրն առնելուն պես մեկնել էր առաջնագիծ և Աշոտի հետ նույն դիրքում էր, մեծ սիրով ու մեծարանքով է հիշում նրան.

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ-Իսկական մարտական ընկեր էր: Զինվորները հոգի էին տալիս նրա համար: Որտեղ իրավիճակը ծանր էր, ինքն արդեն առաջնագծում էր: Ասում էր՝ «Ավելի լավ է ես զոհվեմ, քան զինվորներս»: Զինվորների հետ էլ այսպես էր խոսում. «Այստեղ ես եմ ձեր ծնողը, ձեր հայրը»: Մեջը բոլորովին վախ չկար: Հաճախակի դիտարկում էր անում հատկապես այն տեղամասերում, որտեղ թշնամին գիտեր իրեն։ Վախենում էին Աշոտից: Գիշերները հոգնած զինվորներին ուղարկում էր քնելու, ինքն էր հերթապահում դիրքում: Ես Աշոտին մահացած չեմ համարում. նա ողջ է մեր բոլոր սրբազան նահատակների պես:

«Մա՛մ, հեռուստացույց քիչ նայիր, լուրերին քիչ հետևիր, ամեն ինչ լավ է, հանգի՛ստ եղիր»,- ապրիլյան մարտական գործողությունների օրերին այսպես Աշոտը հանգստացնում էր մորը: Իսկ իր ուշքն ու միտքը եղբայրն էր, որ այդ ժամանակ ավելի թեժ կետում՝ Թալիշում էր ծառայում:

-Աշոտիս հետ կամավորականներ կային,-ասում է տիկին Անահիտը,- պատմում էին, որ թուրքերը հեռվից հեռու ճանաչում էին նրան: Երբեմն իրենց դիրքից անունն էին տալիս՝ «Աշո՜տ, Աշո՜տ…»,- սպառնում էին: Երբեմն էլ ստուգում էին՝ տեղո՞ւմ է, թե չէ:  Իսկ նա վախ չուներ… Վստահ էի, որ նրան ոչինչ չի լինի…

Ապրիլյան այդ չարաբաստիկ օրը ինժեներական-ամրաշինական աշխատանքներ կատարելիս դիպուկահարի գնդակը խոցեց Աշոտին…

-Երանի թե իմ որդին վերջինը լիներ,- ասում է տիկին Անահիտը խոր կսկիծով,- բայց, ավա՜ղ… Ամեն անգամ սահմանից զոհված զինվորի մասին լուր առնելիս նորից վերապրում եմ նույն ցավն ու վիշտը: Մեր լավ տղաները չպիտի զոհվեն…

Հուզված են երեխաները՝ աղջիկ թե տղա, հազիվ են իրենց խոսքերի մեջ թաքցնում արցունքները: Նրանց մեջ է նաև Աշոտի քույրիկը: Նա կարդում է եղբորն ուղղված իր նամակից մի հատված.  «…Այսօր ամեն զինվորի մեջ ես քեզ եմ տեսնում: Ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ նա պահի-պահպանի հայ զինվորին: Թող այս գարունը հանգստություն ու խաղաղություն բերի, թող հայ մայրերի թափած արցունքները գարնան անձրևի նման մաքրեն բոլոր դառնություններն ու պատերազմի փոշին:…»:

Միջոցառման ողջ ընթացքում հավաքվածների գլխավերևում մի արագիլ էր պտույտներ անում` թևերը լայն պարզած: Միջոցառումն ավարտվելուն պես հեռացավ աննկատ, ինչպես որ հայտնվել էր…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Բանակ և հասարակություն


06/05/2017