Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ



ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ-Ես պիտի պատմեմ այն մասին, թե ինչպես է ծնվում խաղաղությունը, այսինքն՝ ես պիտի պատմեմ պատերազմի մասին: Որովհետև խաղաղությունը պատերազմից է ծնվում: Ու որպեսզի կյանքը շարունակվի, ընդհատվում են ամենագեղեցիկ, ամենահերոսական, ամենապայծառ կյանքերը: Որպեսզի երազանքներն ապրեն աշխարհում, ամենասքանչելի երազանքները մնում են անկատար: Ու ես պիտի պատմեմ նրանց մասին, ովքեր սեփական կյանքով վճարեցին մեր ամեն մի խաղաղ լուսաբացի համար: Նրանք պատերազմեցին, որ մենք պատերազմ չտեսնենք: Նրանք կանգնեցին սահմանին, որ պատերազմը լեռներից չիջնի երկիր, չմտնի շեները, չորբացնի մանուկներին ու սևով չներկի երկնքի կապույտը:Նրանք մեզ հպարտության ասքեր նվիրեցին, շտկեցին մեր մեջքը, բարձրացրին մեր հայացքը: Նրանք մեզ արժանապատվություն նվիրեցին: Սեփական փառքով փառավորելով մեր ապրած ժամանակը: Նրանք: Ապրիլյան պատերազմի հերոսները:

Այս խոսքերը հնչում են Նոր Հաճնի թիվ 1 դպրոցի բեմից, անմիջապես ճանաչում եմ ձեռագիրը, սրանք գործընկերուհուս՝ Գայանե Պողոսյանի տողերն են: Բեմում նա է ու ապրիլյան պատերազմին նվիրված նրա ակնարկաշարի հերոսները՝ դպրոցի բարձր դասարանի աշակերտների կերպավորմամբ: Բեմում ռազմական լրագրողի երկխոսությունն է պատերազմի ու խաղաղության հետ….

-Ես ուզում էի հասկանալ, թե ինչ կատարվեց 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ը, – ասում է դպրոցի տնօրենի տեղակալ, միջոցառման կազմակերպիչ Լուսինե Սանթրոսյանը,- ուզում էի գտնել ապրիլյան պատերազմի գեղարվեստական վավերագրությունը, որը մեր պայքարի, մեր անձնազոհության, մեր սիրո ու հաղթանակի դրվագները կդարձներ ամբողջական պատում, փառքի ու հպարտության ակունք՝ երիտասարդ սերնդի համար: Եվ այս փնտրտուքի մեջ գտա պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի լրագրող Գայանե Պողոսյան անունը ու նրա վավերագրություն-նովելների շարքը ապրիլյան պատերազմի հերոսների մասին: Գայանեն դարձավ իմ ուղեկիցը: Տարավ ինձ ցավի ու հերոսության, կարոտի ու հպարտության, նվիրումի ու անձնազոհության ճանապարհներով: Նրա կերպարներն այնքան վառ էին, համոզիչ, խոր, որ դեպքերն ու դեմքերը ֆիլմի պես նկարվում էին աչքիդ առաջ: Այս բեմադրությունն ստեղծելու միտքը ծնվեց ինքնաբերաբար: Մեկական կերպար վերցրինք նաև Ալիս Ալավերդյանի և Շուշան Ստեփանյանի հոդվածներից:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ…Գրասեղանի մոտ նստած զինվորական համազգեստով աշակերտուհին գրում է: Եթե նույնիսկ Լուսինե Սանթրոսյանի նախաբանը չլիներ, անմիջապես կճանաչեի Գայանեին, նրա շարժուձևը, կեցվածքը, խոսքը, կերպարը: Նրա հերոսներին էլ ներկայացնելու կարիք չկար, որովհետև ովքեր գեթ մեկ անգամ թեկուզ նկարով տեսել էին ապրիլյան պատերազմի դյուցազուններին, չէին կարող չհասկանալ, որ բեմում էին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանը, զինվորներ Ռոբերտ Աբաջյանը, Գևորգ Մղդեսյանը, Հարություն Բադալյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Դանիել Վահանյանը, Հայկ Թորոյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, կապիտան Վահե Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը, զոհված զինվորի մայրը, հերոսի մահով ընկած իր փեսացուին սպասող Գոհար Զաքարյանը….

…Տաղանդավոր բեմադրիչին վայել ճշգրտությամբ ու խորաթափանցությամբ էր Լուսինե Սանթրոսյանն ընտրել դերակատարներին: Եվ բոլորը միասին էին, նույն բեմում: Սասուն Մկրտչյանի հարսնացուն նստած էր այգու նստարանին, Գուրգեն Մղդեսյանի մայրը որդու մասունքների կողքին էր, ծաղկած ծիրանենու տակ Ռոբերտ Աբաջյանի լուսանկարն էր: Վահե Խաչատրյանը պատրաստվում էր մարտի…..Իսկ զինվորական լրագրողն արդեն սկսել էր զրույցը Ռաֆայել Հովհաննիսյանի հետ: …Բեմում ասքեր էին ծնվում: Դպրոցականները չէին խաղում, այլ վերապրում էին կատարվածը՝ ապշեցնելով ու հիացնելով հանդիսատեսին: Դահլիճը քարացել էր: Մարդկանց սիրտը պայթում էր հուզմունքից, երբ սպա Վահե Խաչատրյանն ասում էր՝ համաձայն եմ, մի խնայեք մեզ՝ ոչնչացրեք թշնամիներով լցված դիրքը, որպեսզի նրանք չկարողանան առաջանալ և սպանել իմ զինվորներին: Մարդիկ շունչը պահած սպասում էին՝ արդյոք հրամանատարը կհամաձայնի՞ յուրայինի գնդակից զոհվելու ճակատագրին դատապարտել իր սպաներին, թե՞ ուրիշ ելք կգտնի: Հանդիսատեսի սիրտը սեղմվում էր ցավից, երբ Սասուն Մկրտչյանի հարսնացուի ձեռքից թափվում էին կակաչները՝ սիրելիի զոհվելու բոթը լսելուն պես, իսկ որդեկորույս մայրը, արցունքների միջից ժպտալով, իր անմահացած զավակի մանկությունն էր հիշում: Դահլիճը արտասվում էր հպարտությունից, երբ զինվոր Հայկը հարցնում էր լրագրողին.

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ– Պատրաստ էի անզեն ձեռքերով կռվելու ընկերներիս կյանքի համար, սա ի՞նչ ֆենոմեն է, տիկի՛ն մայոր:

….Իսկ դեղնակարմիր ծառը պատուհանի ետևում էր, որ Գայանե Պողոսյանի համանուն ակնարկից հետո դարձավ հայրենիքի գեղեցկության, ուժի ու լավատեսության խորհրդանիշ՝ ապրիլյան պատերազմին մասնակցած ու հրաշքով ողջ մնացած Հայկ Թորոյանի կերպարին ձուլված:

-Այնքան գեղեցիկ են խելահեղորեն համարձակ երազանքները: Մենք ապրում ենք ինչ-որ մեկի երազած աշխարհում, մենք էլ պիտի երազենք նրանց համար, ովքեր ծնվելու են մեզնից հետո…Եթե մենք չերազենք, նրանց չի տրվի, ու կյանքի գույները կխամրեն: Ես շատ եմ սիրում կյանքը: Միակ բանը, որի համար արժե կյանքը տալ՝ կյանքն է:

Հետո գալիս է մեկ այլ հերոս՝ Հարություն Բադալյանն ու ավելացնում.

-«Մարտական խաչը» հայրենիքը տվել է ինձ որպես հրաման: Հայրենիքը հրամայել է անդադար բարձրանալ ու հզորանալ, որպեսզի կարողանամ ավելի շատ մարդկանց օգտակար լինել:…Երջանկությունն այն է, երբ քեզնից են կախված հարյուրավոր, հազարավոր մարդկանց ճակատագրերը, ու նրանք բոլորն էլ օրհնում են քեզ: Այնուհետև մենք լսում ենք լրագրողի ու ապրիլյան պատերազմում նահատակված Արցախի հերոս՝ Ռոբերտ Աբաջյանի զրույցը.

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ– Դու ներս ես եկել, նստել մեր կողքին, այնպես, ինչպես երազում էիր՝ փառքով ու հերոսավայել: Ու ես այլևս գրի չեմ առնում այն բառերը, որոնցով օծում են քեզ՝ կարեկից, ուժեղ, վճռական, բարի, լուսավոր, պատվախնդիր… Դու սա՞ էիր երազում: Այս արծվային թռի՞չքը, դե վայելիր լիուլի:

…Ու մի պահ մեզ՝ դահլիճում նստածներիս, թվում է, թե մենք էլ ենք արծիվ ու թռչում ենք:

…Երբ հերթով բոլոր կերպարներն իջան բեմից ու ձուլվեցին դահլիճին, լրագրողը մնաց մենակ՝ պատուհանի մոտ կանգնած: Հայացքը՝ իր ապրած ժամանակին, իր հերոսներին, մարդկանց…Իր հպարտ երկրին, որտեղ ծնվում են ամենագեղեցիկ, ամենավեհացնող, ամենանվիրական ասքերը:

Երբ բեմադրությունն ավարտվեց, դահլիճում տեսանք մեր հերոսների՝ Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ադամ Սահակյանի, Գևորգ Մղդեսյանի, Սասուն Մկրտչյանի, Պարույր Մելքոնյանի, Արմեն Հովհաննիսյանի և մյուսների հարազատներին: Նրանց մայրերը ծաղկեփնջեր ու նվերներ ստացան իրենց զավակների կերպարները մարմնավորած դպրոցականներից:

Դահլիճում էին նաև այն տղաներից շատերը, որոնց կերպարները կերտվեցին բեմում:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ…Շատերը ցանկացան իրենց սրտի խոսքն ասել, կիսել ապրումները, պատմել տպավորությունների մասին, շնորհակալություն հայտնել Լուսինե Սանթրոսյանին՝ արհեստավարժ բեմադրիչի վարպետությամբ ու մեծ սիրով կերտված բեմադրության համար: Ե՛վ Կոտայքի մարզպետի խորհրդական Հերմինե Ադամյանը, ե՛ւ դպրոցի տնօրեն Գագիկ Աբրահամյանը ե՛ւ ներկաներին իր աղոթքով օրհնած Տեր Արսեն Համբարձումյանը ե՛ւ մանկագիր Աննա Կոստանյանը, ե՛ւ ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ծնողները խոստովանեցին, որ վաղուց այսպիսի գեղեցիկ, ազնիվ, սրտառուչ ու բովանդակալից միջոցառման չէին մասնակցել: Հետո բեմ հրավիրեցին «Հայ զինվոր» թերթի լրագրող, մայոր Գայանե Պողոսյանին: Նա շատ հուզված էր, քանի որ առաջին անգամ էր իրեն, իր հերոսներին և իր աշխատանքը դիտում կողքից, վերապրում ցավի ու հպարտության դրվագները:Նա ասաց, որ իր կերպարով կերպավորվեց «Հայ զինվոր» թերթն ու զինվորական լրագրողի կերպարն առհասարակ: Եվ ցանկացավ, որ տունդարձի ճանապարհին յուրաքանչյուրս մեր հոգում որոնենք «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Հարություն Բադալյանի խորախորհուրդ հարցի պատասխանը.

-Իսկ ի՞նչ է ինձ հրամայել հայրենիքը….

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հ.Գ.

Ուզում եմ մեկ առ մեկ նշել այն դպրոցականների անունները, որոնք մեզ նվիրեցին այս հրաշալի ներկայացումը դիտելու սրտառուչ պահերը:

Սիլվի Գյուրջյան, Կարինե Միսկարյան, Թամարա Եղիկյան, Արա Ադամյան, Լևոն Հարությունյան, Սերոբ Աբրահամյան, Նարեկ Հարությունյան, Մանվել Ասատրյան, Վոլոդյա Գևորգյան, Արսեն Հովհաննիսյան, Գոհար Մկրտչյան:

Խորագիր՝ #16 (1187) 26.04.2017 - 02.05.2017, Հոգևոր-մշակութային


26/04/2017