Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԻԵՎՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՇԻԱ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ



ԱԼԻԵՎՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՇԻԱ ԴԱՎԱՆԱՆՔԻՑԱլիևները Ադրբեջանում սերմանում են սուննի դավանանքը, որպեսզի հեռացնեն երկիրը Իրանից և ավելի մերձեցնեն Թուրքիային ու Ղազախստանին: Գործընթացը սկսվել է շուրջ տասը տարի առաջ ու վերջին ժամանակներս ավելի լայն թափ է առել:

Պատմականորեն Իրանի և ներկայիս Ադրբեջանի տարածքները բնակեցված են եղել սուննիներով: 1560-70-ականներին այստեղ հաստատված թուրքալեզու Սեֆյանների տոհմը օսմանյան սուլթաններին հակադրվելու նպատակով պետական կրոն հռչակեց շիա ուղղությունը և գրեթե արմատախիլ արեց սուննիականությունը իրեն հպատակ տարածքներում: Ներկայում Ադրբեջանը համարվում է Իրանից հետո երկրորդ շիա պետությունը, որտեղ շիա է բնակչության 60 տոկոսը՝ հենց ադրբեջանցիք, թալիշներն ու թաթերը: Սուննի են լեզգիները, ավարները, ռութուլները, ցախուրները:

Խորհրդային տարիներին բնակչության զգալի մասը հեռացավ ճշմարիտ հավատքից, իսկ հետխորհրդային տարիներին աշխուժացան սուննի քարոզիչները: Բացի այդ, աշխարհիկ Ադրբեջանի համար վայել չէ ներկայանալ աշխարհին որպես շիա դավանանքի պետություն, քանի որ շիականությունն այսօր նույնացվում է Իրանի իշխանությունների հետ: Դա է պատճառը, որ Ադրբեջանն այսօր կորցրել է իր պատմա-մշակութային կապերը Իրանի հետ, թեև Իրանում բնակվում է շուրջ 30 միլիոն շիա ադրբեջանցի:

Ալիևների համար խիստ կարևոր է Արևմուտքին ցույց տալը, թե Ադրբեջանն աշխարհիկ, «ժողովրդավարական» պետություն է և ոչ մի կապ չունի թեոկրատական Թեհրանի հետ: Բաքվի համար օրինակելի են Թուրքիան ու Ղազախստանը, իսկ համաթուրքական շահերը առավել են կրոնականից: Ալիևները ձգտում են կանգնել սուննի նավթային այնպիսի երկիների կողքին, ինչպիսիք են Քաթարը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը: Բացի այդ, հրաժարումը շիա հավատքից կփոխի նաև Միացյալ Նահանգների և Իսրայելի վերաբերմունքը:

Թուրքիայում Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» իսլամական կուսակցության իշխանության գալուց հետո երկու երկրների միջև ազգային և պատմա-մշակութային կապերը նոր թափ ստացան: Թուրքիան ակտիվորեն հովանավորում է սուննի քարոզիչներին ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Հյուսիսային Կովկասում: Ալիևները կարծես թե աչք են փակում դրա վրա՝ անտեսելով նաև շիա հոգևոր կենտրոնների ոչ այդքան բարվոք վիճակը: Արդյունքում Ադբեջանում տարածում գտան նաև թուրք աստվածաբան Ֆեթհուլլահ Գյուլլենի դպրոցի հետևորդները:

Նման գործելաոճով Ադրբեջանի իշխանությունները կարծես մարտահրավեր են նետում բնակչության շիադավան հատվածին, որին ավելի հաճախակի Իրանի օգտին լրտեսելու, գաղտնի գործունեություն ծավալելու մեղադրանքներ են ներկայացվում: Բնական է, որ այդ պահվածքը չի կարող չնյարդայնացնել Թեհրանին, որը բազմիցս նախազգուշացրել է Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ շիաների հանդեպ հալածանքներից:

Շիա հոգևորականությունն ու հավատացյալները բացասաբար են ընդունել Մեհրիբան Ալիևայի նշանակումը առաջին փոխվարչապետի պաշտոնին՝ համարելով, որ շիական պետության համար դա վայել չէ: Եվ հենց համայնքի նման դիրքորոշումը դարձավ նրանց դեմ նոր բռնաճնշումների լավագույն առիթ: Թյուրքալեզու բնակչության հավատափոխությունը կարող է հեշտ ընթանալ, բայց եւ չի բացառվում՝ բռնի սուննիականացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ալիևների համար:

 

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Տարածաշրջան


23/03/2017