Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎԵՑԻՆ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ



ԵՐԴՎԵՑԻՆ  ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸՁմեռային օրը Հաղարծին վանական համալիրի՝ միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկի տարածքը անսովոր մարդաշատ էր. Բագրատունիների թագավորական դամբարանի մոտ հանդիսավոր պայմաններում իրենց հարազատների ներկայությամբ զինվորական երդում տվեցին գնդապետ Արթուր Մինասյանի հրամանատարությամբ գործող հրետանային զորամասի նորակոչիկները: Այդ օրը` որպես անմոռանալի մի հուշ, հավերժ կմնա նրանց հիշողության մեջ: Բանակային կյանքի շեմին նոր-նոր ոտք դրած երիտասարդների համար զինվորական երդումով սկսվեց  կյանքի մի նոր շրջան, որը կոչվում է զինվորական ծառայություն: Նրանք դարձան բանակային մի մեծ ընտանիքի անբաժան մասնիկը, որին այսուհետ վստահվելու է հայրենիքի սահմանների անառիկությունը, մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու պատասխանատու առաքելությունը:

Ծառայությունը մեծ փորձություն է, ինքնահաստատման ու ինքնադրսևորման դժվարին միջոց, սեփական ուժերը գնահատելու հնարավորություն: Դեռ մեկ ամիս առաջ քաղաքացիական անհոգ կյանքով ապրող տղաների ձիգ ու առնական կեցվածքը, վստահ  քայլքը վկայում էին՝ նրանք պատրաստ են դժվարությունների միջով անցնելու: Հենց այդ վստահությունն ու ոգևորությունն էլ առավել գեղեցիկ ու հիշարժան դարձրին երդման արարողությունը: Տեսնել ու լսել էր պետք, թե ինչպես էին նորակոչիկները խրոխտ քայլերով մոտենում սպաներին, կարդում երդման տեքստը, որից հետո այն կրկնում էին նաև ներկաները:

-Այս երդումը ուխտ է եկեղեցու մեջ, Աստծու առաջ,- դիմելով ներկաներին՝ ասաց Տավուշի թեմի փոխառաջնորդ, Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանը:

ԵՐԴՎԵՑԻՆ  ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸԶինվորական երդման կապակցությամբ շնորհավորելով զինվորներին ու նրանց հարազատներին՝ Հաղարծնի վանահայր Տ. Արիստակես վարդապետ Այվազյանն էլ իր խոսքում նշեց.

-Այստեղ է Բագրատունիների թագավորական դամբարանը, ուստի պետության, հայրենիքի պաշտպանության, ազգային պատասխանատվության կոչն ու կանչն է հուշում մեզ, որ զինվորական երդմնակալությունը կատարվի Հաղարծնի հռչակավոր վանական համալիրի տանիքի ներքո:

Տպավորիչ էր նորակոչիկ Լևոն Շտոյանի խոսքը:

-Մենք զորակոչվել ենք՝ պաշտպանելու մեր սուրբ հայրենիքը: Մեզ համար մեծ պատիվ է ծառայել մեր երկրի զինված ուժերում: Պատվով ենք երդվում, որ անվերապահորեն կկատարենք մեզ վրա դրված պարտականություններն ու կլինենք կարգապահ զինվորներ…:

Զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Մինասյանը, որ նաև ապրիլյան պատերազմի հերոսներից է, շնորհավորելով իր զինվորներին ու նրանց հարազատներին,  ասաց.

-Գարեգին Նժդեհն ասել է. «Մարդկային գործերի մեջ սրբազանը Հայրենիքի պաշտպանությունն է»: Հետևաբար, ինչքան էլ մեծ լինի ձեր սերը հայրենիքի հանդեպ, այնքան հզոր կլինի մեր երկիրը, մեր պետությունը, մեր բանակը: Սիրելի՛ զինվորներ, մեր բանակի անցած ճանապարհը դյուրին չի եղել, հաղթանակները հեշտ չեն տրվել: Դրանք նվաճվել են շատ ու շատ հայորդիների կյանքի գնով, և դրանք դուք պետք է ամրապնդեք ձեր բարեխիղճ ու պատվախնդիր ծառայությամբ…

ԵՐԴՎԵՑԻՆ  ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸԶինվորական երդման արարողության ավարտից հետո զրուցեցինք նորակոչիկների հարազատների հետ:

Նունե Հարությունյան. «Ես Դավիթ Սամվելյանի մայրն եմ: Աստված իմ, ինչքան էր փոխվել որդիս այս մեկ ամսվա ընթացքում: Իսկական զինվոր էր դարձել: Շատ-շատ տպավորված եմ: Դուք նկատեցի՞ք, որ հենց երդումն սկսելու հրաման տրվեց, միանգամից արև դուրս եկավ, և լուսավոր այս միջոցառումը ամբողջովին պարուրվեց արևի շողերով…»:

Գևորգ Հովհաննիսյան. «Շարքային Կարեն Խաչատրյանի հորեղբայրն եմ: Ուղղակի զարմացած ու հիացած եմ, թե այս մեկ ամսում ինչքան բան են սովորել մեր տղերքը՝ աչքերը կապած զենք քանդել-հավաքել, շարային տարբեր վարժանքներ կատարել… Փա՛ռք մեր բանակին ու նրա ստեղծողներին…»:

Տիգրան Փաշաբեզյան. «Ես շարքային Լևոն Շտոյանի կնքահայրն եմ: Բանակին մոտ կանգնած՝ նրա թե՛ կորուստներով թե՛ հաջողություններով ու ձեռքբերումներով ապրող անձնավորություն եմ: Շնորհավորում եմ բոլորիս՝ այս գեղեցիկ օրվա, անմոռաց միջոցառման կապակցությամբ: Այս օրը ինձ համար միշտ հիշարժան  կլինի, քանի որ սանիկս իբրեւ հայրենիքի պաշտպան մկրտվեց մեր ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ զորավար Անդրանիկի ծննդյան օրը:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Ազգային բանակ


01/03/2017