Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ



ՀՀ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎՀՀ  պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Ալ. Սպենդիարյանի  անվան  օպերայի  և  բալետի  ազգային  ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ

 

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ Սերժ Սարգսյան,

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ Բակո Սահակյան

Վեհափա՛ռ Տեր,

գեներալնե՛ր, սպանե՛ր, ենթասպանե՛ր, կուրսանտնե՛ր, շարքայիննե՛ր,

քաղաքացիական հատուկ ծառայողնե՛ր,

սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը: Հայոց բանակն ուրախության ու հպարտության մեծագույն առիթ է ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների համար: Յուրաքանչյուր հայ գիտի, որ հենց այդ բանակի շնորհիվ հայոց պետականությունը վերածնվեց հաղթական հիմքի վրա` վերադարձնելով մեզ սեփական ուժերին ապավինելու և մեր ապագան ինքնուրույն կառուցելու կարևորության գիտակցումը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդար և օրինական պահանջին հակադրվեցին բռնությունն ու խաղաղ բնակչության ջարդերը: Սկիզբ առավ այն, ինչ ուղիղ 15 տարի առաջ՝ բանակի 10-ամյակի առիթով իր ելույթում, այս նույն բեմից այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անվանեց մեր բանակի կազմավորման առաջին փուլ` 1988 թվականի փետրվարից մինչև 1992 թվականի մայիս: Ոչ միայն Ղարաբաղի, այլև ողջ Հայաստանի բնակչության ռազմական անվտանգության խնդիրը դարձավ ավելի քան արդիական:

Ոգևորված խորհրդային իշխանությունների անգործությամբ՝ Բաքուն սանձազերծեց ռազմական գործողություններ` ներգրավելով ժառանգած զենքն ու զինամթերքը: Տարիներ շարունակ Արցախը և նրան օգնության հասած Հայաստանը ուս ուսի մղեցին կենաց-մահու կռիվ` հընթացս կերտելով այն, ինչ պետք է հետո անվանվեր Հայոց ազգային բանակ:

Այդ տարիներին Հայաստան ժամանեցին Խորհրդային Միության ամենատարբեր անկյուններում ծառայող հայազգի սպաներ, բազմաթիվ սփյուռքահայ քույրեր ու եղբայրներ և միացան բանակաշինության գործին: Նրանց դրսևորած կամքն ու ջանքերը օրինակելի են յուրաքանչյուր հայորդու համար:

Թեև սաղմնավորվող բանակը զրոյից էր ձևավորում իր կառույցները, այն սնվում էր Ավարայրի, Սարդարապատի և Հայրենական մեծ պատերազմի պատմական փորձից: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի և Խանփերյանցի, ծովակալ Իսակովի, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի և հարյուր հազարավոր հայորդիների օրինակով դաստիարակված, Սուրբ Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի, փառապանծ ֆիդայինների գենը կրող մեր ժողովուրդն իրեն դրսևորեց լավագույն հատկանիշներով և աննախադեպ վճռականությամբ:

Քառորդ դարի ընթացքում մի վիթխարի ճանապարհ են անցել մեր զինված ուժերը` Հայաստանի և Արցախի հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Արծիվ մահապարտների» գումարտակներ կազմավորելու ճակատագրական և բեկումնային ժամանակներից մինչև պաշտպանության բանակ, բանակային կորպուսներ, դիվիզիաներ, օպերատիվ խմբեր և առանձին գնդեր մեկտեղող կուռ-կենտրոնաձիգ կառույց:

Այս տարիների ընթացքում ձևավորվեց զինվորականության մի նոր սերունդ, որը մուտք գործեց զինված ուժեր մեր իսկ ռազմաուսումնական հաստատություններից` այսօր հասնելով սպայական ավագ և բարձրագույն կոչումների:

ՀՀ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎՄեր ժողովրդի իմաստության և ավանդապաշտության շնորհիվ այդ սերնդափոխությունը մեկնարկեց և մինչ օրս ընթանում է հարթ և արդյունավետ` մի կողմից փորձի նկատմամբ հարգանքի և կատարած աշխատանքի հանդեպ ակնածանքի, մյուս կողմից` նորարարության հանդեպ շահագրգիռ հետաքրքրության և նոր սերնդի ուժերի հանդեպ խոր վստահության համադրմամբ:

Պատմական հայրենիքի, ոչ թե տարածքի, ազգային գոյի, ոչ թե զավթողականության, ինքնության և ոչ թե կեղծված պատմության և մոգոնած աշխարհագրության համար էր Հայոց բանակի կռիվը: Եվ այսօր էլ այն շարունակում է ծառայել այդ նույն վեհ նպատակներին:

Պարույր Սևակի՝ Մեսրոպ Մաշտոցին ուղղված խոսքերը  կարելի է հեշտությամբ և նույնությամբ կիրառել Հայոց բանակի դեպքում՝ «ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք, և անմահացավ, որ անմահանանք»: Քանզի իրականում հայոց բանակից է կախված մեր պետության և ժողովրդի ներկան ու ապագան:

Հայոց բանակի հաղթանակների արդյունքը միայն ազատագրված հայրենի գյուղերն ու քաղաքները չեն, միայն մեր անվտանգությունը չէ: Դա մեր ժողովրդի ստացած հաղթական ոգին է, հաղթողի հոգեբանությունը և հայի համաժողովրդական ուժի նկատմամբ անսասան վստահությունը:

Պետականաշինության և բանակաշինության վճռորոշ այս տարիների ընթացքում եղան մարդիկ, նույնիսկ խելացի, բանիմաց, հայրենասեր մարդիկ, ովքեր թերահավատ էին Հայոց բանակի և հայ ժողովրդի վճռականության հարցում: «Եթե նորից կռիվ լինի, ոչ ոք չի գնա» նախադասությունը շատերի ասելիքում ու էլ ավելի շատերի լուռ մտածմունքներում էր, բայց, վստահ եմ, որ նրանցից և ոչ մեկը նույն կարծիքին չէ անցած տարվա ապրիլից հետո…

Պարզապես գովեստի խոսքեր ասել այդ օրերին հակառակորդին հետ մղած մեր զինծառայողների հասցեին, նշանակում է չասել ոչինչ: Մեր տղաները վստահաբար, արհեստավարժ և պատվախնդիր կերպով կատարեցին իրենց գործը: Բազմակի անգամ ավելի անձնակազմի և զինտեխնիկայի կորուստ պատճառելով հակառակորդին` նրան պարտադրեցին վերադառնալ 1994 թվականի զինադադարի պայմաններին:

Այդ օրերին հատկապես ոգևորող էր ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու Արցախյան պատերազմի վետերանների` կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների միջսերնդային միաձուլումը: Փառք և պատիվ մեր վետերաններին, որոնք ոչ միայն խորհրդով, այլև զենքը ձեռքներին կանգնեցին Հայրենիքի այսօրվա պաշտպանների կողքին:

Այսօր շատ են խոսում ապրիլյան օրերից դասեր քաղելու մասին: Ռազմական գործում յուրաքանչյուր իրադարձությունից, անգամ պլանային զորավարժությունից ընդունված է եզրակացություններ անել և շտկումներ կատարել, էլ ուր մնաց՝ ռազմական գործողությունների պարագայում: Առաջնագծի կահավորման և դիտարկման գերժամանակակից տեխնիկայով զինումից մինչև զորահավաքային աշխատանքի հետագա բարելավում` բազմաթիվ հետևություններ ենք արել ապրիլյան դեպքերից հետո: Կարծում եմ՝ մեր հասարակությունը կարողացավ լիարժեք համոզվել դրա մեջ սեպտեմբեր ամսին անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ: Բայց մեզ համար ապրիլի գլխավոր բացահայտումը ուրիշ էր` դա մեր զինվորն ու հրամանատարն էր, ով թշնամու կրակի տակ վազում է խոցված ընկերոջ մոտ՝ թաքցնելով, որ վիրավոր է և բուժօգնության էր դիմում միայն մարտը ավարտին հասցնելուց հետո: Նա, ով լռում է իր սխրանքի մասին և խոսում է «դիրքի պատիվ» հասկացության մասին, իսկ մի քանի տանկ խոցած երիտասարդը զարմանում է, որ իրեն հերոսացնում են: Դա նաև մեր քաղաքացին էր` ի դեմս հոսպիտալների մոտ արյուն հանձնելու համար հերթագրվող ուսանողների, զինվորին ծանրոց ուղարկող թոշակառուների և նամակով նրանց սատարող աշակերտների, դեպի առաջնագիծ իր ողջ ներուժն ուղղող գործարարի: Նաև մեր սահմանամերձ, ավելի ճիշտ է ասել՝ սահմանապահ համայնքներն էին, որոնք կանգնեցին մեր զինծառայողի կողքին` պաշտպանելու հայրենիքը: Դա նաև մեր սփյուռքն էր, որն անմնացորդ նվիրվեց հայրենիքին և հայրենիքի խնդիրներին:

Ապրիլի հիմնական եզրահանգումը սա է` մենք հիրավի ԱԶԳ-ԲԱՆԱԿ ենք, և դա է մեր հավաքական ուժն ու արժեքը:

Ապրիլի եզրահանգումներից մեկն էլ այն է, որ այս սերունդը՝ անկախության սերունդը, իր ճակատագրի տերն է լինելու և արժանապատվորեն կերտելու է  մեր ժողովրդի  ապագան:

Արցախյան ազատամարտը հայոց պատմությունը հարստացրեց նոր հերոսների անուններով: Նրանց, ովքեր այսօր մեզ հետ չեն, մենք զոհ չենք անվանում: Նրանք հերոս են: Նրանց կերպարները զոհի չեն, այլ հաղթողի, և չեն կարող տեղավորվել վշտի կաղապարում: Ու թեև ընդունված է հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ, առաջարկում եմ մեր հերոսների հիշատակը ՊԱՏՎԵԼ մեկ րոպե հոտնկայս և բուռն ծափահարություններով:

Ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքը. «Նույնանալ ժողովուրդին հետ՝ որպես կենսաբանական էակ, նույնանալ ազգին պատմության և մշակույթին հետ՝ որպես բարոյական-հոգևոր էակ, նույնանալ հայրենիքի հողին ու ջուրին հետ՝ որպես աշխատող-ստեղծագործող էակ, վերջապես նույնանալ Հայ պետությունը ամրացնող ու անոր ապագան պսակող իդեալներուն հետ՝ որպես կամեցող և կառուցանող քաղաքական էակ: Ահա, մեր կարծիքով, ճշմարիտ պատկերը ամբողջական Հայուն»:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ ողջ բանակի անունից շնորհակալություն հայտնել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` բանակին աջակցելու հետևողական և իմաստուն առաջնորդության համար: Գնդերեցները մեր զորքում կատարում են և՛ հոգևոր հովվի, և՛ ռազմական հոգեբանի, և՛ ավագ ընկերոջ կարևորագույն գործառույթ:

Տարիների ընթացքում ծավալել ենք երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական հարաբերությունների գործուն համակարգ: Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աջակցությամբ շարունակում ենք իրականացնել սպառազինությունների համալրման համապարփակ ծրագիրը: Ձևավորել ենք Ուժերի միացյալ խմբավորում և Միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Համատեղ ջանքեր ենք գործադրում Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու ուղղությամբ:

Մեր խաղաղապահները գործընկերների հետ առաքելություն են իրականացնում միաժամանակ մի քանի ռազմաբեմերում: Փառք բոլոր նրանց, ովքեր հայրենիքից հեռու շարունակում են բարձր պահել մեր երկրի և ժողովրդի պատիվը:

Հայկական բանակը ծնվել է հերոսների սխրանքից: Մեր պարտքն է ունենալ այնպիսի բանակ, որն արժանի կլինի այդ հերոսների փառքին: Հայոց պատմությունը փաստում է, որ մենք՝ որպես ազգ և պետություն, սկսել ենք թուլանալ և զիջել մեր դիրքերը տարածաշրջանում այն ժամանակ, երբ դադարել ենք լինել ազգ-բանակ։ Այդ կառույցի քայքայումն ու ջլատումն են մեր նահանջի գլխավոր պատճառները։ Մենք չունենք նահանջելու տեղ, առավել ևս` նման մտադրություն: Փոխարենը ունենք վճռականություն՝ դառնալու հզոր և անպարտելի ազգ-բանակ։ Դրա համար կան անհրաժեշտ նախադրյալներ, որովհետև, ի վերջո, բոլորս՝ պաշտոնյա թե շարքային, գիտնական թե բանվոր, բժիշկ, մանկավարժ թե վարորդ, երկրի անվտանգության հարցում ունենք մեկ առաքելություն` կոչված ենք և զորակոչված մեկ նպատակի:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձևավորման առաջին իսկ օրերից ստիպված են եղել կռվելու ավելի մեծաքանակ և ավելի շատ ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ։ Քանակի դեմ ավելի մեծ քանակ հանելու ճանապարհը մերը չէ: Եվ դա ոչ միայն և ոչ այնքան ռեսուրսների, որքան խոհեմության հարց է: Մենք քանակին հակադրել ենք որակ և հաղթել։

Ազգ-բանակ՝ առաջին հերթին նշանակում է որակ։ Այդ որակի գլխավոր կրողը պետք է լինի ցանկացած բանակի ողնաշարը կազմող սպայական և ենթասպայական կազմը: Հայ սպայի, հրամանատարի կերպարը պետք է դառնա ուղղորդիչ մեր ողջ հասարակության համար: Իր գործի իսկական նվիրյալ, պարկեշտ, կարգապահ, իր և ենթակաների նկատմամբ պահանջկոտ, բանիմաց, մասնագիտական առումով՝ հմուտ, իսկ կրթական առումով` լայն գիտելիքների տեր սպան պետք է դառնա մեր վաղվա բանակի ոչ միայն սիրված, այլև խորապես հարգված դեմքը: Շարունակելու ենք սպայական մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը` բնակավորման, սոցիալական ապահովման, բուժսպասարկումը արդի և մատչելի դարձնելու, մրցունակ ռազմական կրթություն ապահովելու միջոցով: Սպայի մասնագիտության մասին մեր երիտասարդները պետք է երազեն և մրցակցեն միմյանց հետ` լավագույնը դառնալու համար:

Ազգ-բանակ՝ նշանակում է նաև այնպիսի բանակ, որն իր բոլոր գործառույթներով և կանոնակարգումներով չի թողնում երկմտանքի և անվստահության որևէ տեղ: Հետևաբար, խստագույնս պատժելու ենք յուրաքանչյուրին` անկախ դիրքից, ով կփորձի իր ձեռքը մեկնել բանակի բյուջեին կամ հարստանալ սահմանին կանգնած զինվորի հաշվին:

Մեր օրերում երկրի պաշտպանունակությունը չի չափվում միայն իր ունեցած զենքով ու զինամթերքով և ոչ էլ ազգաբնակչության թվաքանակով: Պաշտպանունակությունը, առաջին հերթին, պայմանավորված է արդյունավետությամբ և հանրային հարաբերությունների ամբողջականությամբ, արժեհամակարգի վրա հենված քաղաքականությամբ, սեփական նպատակներին, ազգային գաղափարներին հավատարիմ լինելու համընդհանուր ձգտմամբ:

Ուրեմն, ազգ-բանակ դառնալու ճանապարհին պետք է առաջին հերթին հասկանանք, թե ինչպե՞ս պետք է մեր բանակը «հասարակության հայելիից» վերածենք «քաղաքացու կերտման դպրոցի և դարբնոցի»: Այն դարձնելու ենք մեր երկրի առաջընթացի խորհրդանիշ, ամենատարբեր ոլորտներում չափորոշիչների սահմանման միջոց, հատկապես` մարդու իրավունքների պաշտպանության, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման և բարեվարքության չափանիշներով:

Ժամկետային ծառայությունը պետք է դարձնենք ոչ միայն հայրենիքին քաղաքացիական պարտքը տալու, այնուհետև բարձր մարտական պատրաստություն ունեցող պահեստազորային դառնալու միջոց, այլև լրացուցիչ կրթություն ստանալու, մեր երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու և ազգային գաղափարին հաղորդակից լինելու հնարավորություն: Անելու ենք ամեն ինչ, որ զորացրվող յուրաքանչյուր զինվոր տիրապետի համակարգչային գիտելիքների և հմտությունների:

Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը կարող է և անելու է նոր լուրջ քայլեր` մեր երկրի գիտական համբավը վերականգնելու, նորարարական տեխնոլոգիաներ ներդնելու և իր արտադրանքով միջազգային շուկաներում մրցունակ տեղ զբաղեցնելու համար:

Հայտնի է, որ մենք` հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք: Միշտ երազել և երազում ենք խաղաղ գոյության, ազատ ստեղծարար աշխատանքի, մեր ժառանգների համար կրթական լավագույն հնարավորություններ ապահովելու մասին: Որպես հազարամյակների խորքից եկած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք, որ չկա լավ և վատ պատերազմ, անկախ նրանից` պարտվում ես, թե հաղթում: Պատերազմը ցանկացած պարագայում կորուստ է, վիշտ, հետընթաց: Բայց պատմությունը մեզ նաև սովորեցրել է, որ պատերազմից փախչելով՝ արհավիրքներից չես խուսափում, այլ միայն ուժեղացնում ես դրանց դառնությունը: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց գիտենք, որ այն չենք ստանալու որպես պարգև: Այն պետք է վաստակել մեր մարտունակությամբ և վճռականությամբ, որոնց գոյության նախապայմանը մեր մեծերի, մեր սրբերի հավատքն ու բարոյականությունն են՝ մեր ժողովրդի ամենաթանկ ու արժեքավոր ժառանգությունը:»

Այդ մարտունակության և վճռականության ամրապնդման ճանապարհին կարևորագույն ուղեկիցներ են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, ազատությունն ու բարձր քաղաքացիական գիտակցությունը: Երբ բախվում են ժողովրդավարությունն ու բռնատիրությունը, ժողովրդավարության գործը երբեք հեշտ չի լինում: Բայց պատմությունից հայտնի է, որ իրական ժողովրդավարությունը երբեք չի պարտվում բռնատիրությանը: Խոսքս կարճաժամկետ վայրիվերումների մասին չէ, այլ իրական հաղթանակների:

Արցախի ժողովրդի պայքարը սեփական ճակատագիրը ինքնուրույն վճռելու պայքար է: Դա պայքար է մարդու անսասան իրավունքների համար: Մենք ինքներս պետք է արժանի լինենք այդ պայքարին, քանզի ոչ միայն Արցախի ֆիզիկական անվտանգության և տարածքի, այլև նրա արժեհամակարգի, ազատության, ժողովրդավարության երաշխավորն ենք:

Ցավոք, հաշվի առնելով հակառակորդի վարած ներքին քաղաքականությունը` բռնատիրության խորացման, ժողովրդավարական զարգացման վիժեցման, այլատյացության և ագրեսիայի սերմանման ակնհայտ միտումները, այս փուլում լիարժեք խաղաղության հույս ունենալը միամտություն կլինի: Հետևաբար մենք պետք է լինենք ոչ թե պարզապես ուժեղ, այլ ուժեղագույնը տարածաշրջանում:

Հայոց բանակի մասին հաճախ հնչում է «մարտունակ» բնորոշումը: Օրեր առաջ, հանդիպելով զորացրված զինծառայողների հետ, հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ որոշիչը համաչափ չէ մեր բանակի առջև դրված խնդիրները լուծելու առումով: Մեզ պետք է լինել ոչ թե պարզապես մարտունակ, այլ ռազմավարական լուրջ խնդիրներ լուծելու ունակ հզոր բանակ:

Ուրեմն շարունակենք միասին կերտել այդպիսի հզոր, հասարակությանը համախմբող բանակ, իրապես դառնանք Ազգ-Բանակ` ճանապարհ հարթելով դեպի մեր երազանքների Հայաստանը:

Շնորհավորում եմ մեր ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը՝ այս փառավոր տոնի առթիվ, շնորհավորում եմ Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և ազգ-բանակի մաս կազմող յուրաքանչյուր քաղաքացու:

Հպարտ եմ, որ այս տոնը նշում եմ ձեր շարքերում: Պատիվ ունեմ:

Կեցցե՛ Հայոց 25-ամյա բանակը: Փա՜ռք նրա ստեղծողներին:

Փա՜ռք մեր հերոսներին, խոնարհում անմահացածների հիշատակի առջև:

Փա՜ռք սահմանին այս պահին կանգնած հայ զինվորին:

Փա՜ռք հայ ժողովրդին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/01/2017