Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ



ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄՀունվարի 16-ին Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից եկած զորակոչիկները Բերձորի Արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրից մեկնեցին հանրապետական հավաքակայան: Հայրենիքի վաղվա պաշտպաններին բանակ ճանապարհեցին երգ ու պարով, բարձր տրամադրությամբ:

Առավոտյան շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցներն ընդունեցին զորակոչիկներին, զրուցեցին նրանց հետ, լրացրին փաստաթղթերը: Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ 2017-ի ձմեռային առաջին զորակոչն ընթանում է նախատեսված ժամանակացույցով: Ծանուցագիր ստացած բոլոր տղաները ներկայացել են ժամանակին և պատշաճ կարգով: Զինկոմն ընդգծեց, որ բոլոր համայնքների ղեկավարները մշտապես ուշադրության կենտրոնում են պահել զորակոչի հետ կապված առաջնային հարցերը, աջակցել զինկոմիսարիատին:

Զինկոմը հավելեց նաև, որ զորակոչից խուսափողներ չեն եղել, ընդհակառակը, նույնիսկ առողջական խնդիրներ ունեցողներն են ցանկացել օր առաջ զինվորագրվել, ինչպես անցած ապրիլին տեղի ունեցած պատերազմական իրադարձությունների ժամանակ, երբ շրջանից հազարից ավելի կամավորականներ մեկնեցին առաջնագիծ, որոնց թվում էին նաև այսօրվա զորակոչիկների հայրերը, ավագ եղբայրները… Ինչ խոսք, այս ամենն իր ազդեցությունն ունեցել է, որ արդեն 18-ը լրացած տղաները պատրաստ են դառնալու հայրենիքի զինվոր և պաշտպանելու հող-հայրենին:

Ատոմ Ենոքյանը Գանձա գյուղից է, ավարտել է տեղի դպրոցը և ընդունվել Շուշիի նորաբաց տեխնոլոգիական համալսարան: Կրում է Արցախյան գոյամարտում 1994թ. հունվարին նահատակված հորեղբոր անունը: Հայրը՝ Հարությունը և մյուս հորեղբայրը՝ Արմենը, նույնպես ազատամարտիկներ են: Ավագ եղբայրները՝ Հայկն ու Արսենը, ավարտել են ծառայությունը, այժմ հերթը իրենն է: Բանակ է մեկնում բարձր տրամադրությամբ:

ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄՄոշաթաղցի Սիրակ Գալստյանի երկվորյակ որդիները՝ Գագիկն ու Գևորգը, իրենց ընկերոջ՝ Էդիկ Մեհրաբյանի հետ անցած տարվա գարնանը մշտապես օգնում էին գյուղից սահման մեկնած կամավորականների ընտանիքներին, աշխատում հարազատ դպրոցի շինարարությունում: Այժմ էլ պատրաստվում են երեքով միասին զինվոր դառնալ ու խոստանում են բարձր պահել թե՛ իրենց, թե՛ հայոց բանակայինի պատիվը:

Վլադիմիր Սարգսյանի եղբայրն արդեն մեկ տարի է՝ ծառայում է բանակում: Վլադիմիրը ցանկանում է ծառայել նույն զորամասում:

Բազմազավակ ծնողներ Մարատ և Մարգարիտա Մազուլյանները բանակ էին ճամփում իրենց երկրորդ որդուն՝ Սերոբին: Ունեն 12 երեխա, որոնցից 5-ը՝ տղա: Մայրը մաղթեց, որ խաղաղություն լինի, որպեսզի իր որդին և նրա ընկերները, բոլոր զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում և տուն գան ողջ-առողջ:

Բոլոր զինակոչիկների համար լրացվեցին «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկները», որոնցում նշվելու է յուրաքանչյուրի ծառայության պատմությունը և հետագայում պահպանվելու է զինկոմիսարիատում: Զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը տեղեկացրեց, որ այսօրվա զորակոչիկների թվում կան միակողմանի ծնողազուրկ 4 տղաներ, ովքեր ըստ օրենքի կարող են ծառայել բնակավայրից 50 կմ հեռու տեղակայված զորամասերում:

Անհրաժեշտ փաստաթղթերը ևս մեկ անգամ ստուգելուց և բժշկական հանձնաժողովի վերջնական եզրակացությունից հետո ծառայության համար պիտանի ճանաչված տղաները պատասխանատուների ուղեկցությամբ այցելեցին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմեր վառեցին: Այնուհետև հուշահամալիրում կայացած տոնական արարողության ժամանակ ներկաները զինակոչիկներին բարի երթ ու բարի ծառայություն մաղթեցին:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #02 (1173) 18.01.2017 - 24.01.2017, Ազգային բանակ


18/01/2017