Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՄՈՆ ԱՉԻԿԳՅՈԶՅԱՆ. «ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ ԻՆՁ ԼԻՆԻ»



«Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»` սա «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի` «Դեդ»-ի միակ մտավախությունն էր պատերազմի օրերին:

Ազատամարտիկի հիշատակի օրվան նվիրված հուշ-երեկոն երգչուհի Գայանե Ներսիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուլիսի 2-ին` Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում: Ներկաները դիտեցին «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի` Աչիկգյոզյանին նվիրված ֆիլմը, լսեցին ընկերների եւ հարազատների պատմածները նրա մասին, նաեւ` ունկնդրեցին ժողովրդական-հայրենասիրական, գուսանական, հոգեւոր այն երգերը, որոնք ազատամարտիկը կատարում էր թե՛ որ Վիրապի վանքում` «Նարեկ» արական երգչախմբի կազմում, թե՛ պատերազմի դաշտում:

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել էր Ռումինիայի Գալաց քաղաքում, նրա տոհմական բնօրրանը Արեւմտյան Հայաստանն էր: Հայրը` Հովհաննեսը, Եղեռնից հրաշքով էր փրկվել. նրա 86-հոգանոց գերդաստանից 78-ը զոհվել էին Դեր-Զորի անապատում: 1964թ. Հովհաննեսի ընտանիքը հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան, որտեղ Սիմոնը ավարտեց դպրոցն ու ընդունվեց Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ:

«1960 թ ավարտեց համալսարանը եւ ընդունվեց ՀԽԱՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ` աշխատելու: Օգտակար հանածոների բաժնի ավագ գիտաշխատող էր, աշխատեց կարեւոր հանքային շրջաններում եւ զբաղվեց հանրապետության գունավոր եւ ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ, շուրջ 20 տարի ուսումնասիրեց Զանգեզուրի հանքավայրերը: Ընկերների հետ կազմեց մի շարք շրջանների ոսկու հանքավայրերի երկրաբանական եւ կանխատեսումային քարտեզներ, որոնք այսօր օգտագործվում են տարբեր երկրաբանների կողմից, ավելի քան 70 գիտական աշխատանքների հեղինակ էր: Սակայն մեզ հիացնում էր ոչ միայն նրա գիտական տաղանդը, այլեւ` մարդկային որակները»,-ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Ռաֆայել Մելքոնյանը: Նա նշեց, որ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Սիմոնը աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը:

1989 թ. Սիմոն Աչիկգյոզյանն արդեն «Արաբո» կամավորական ջոկատում էր, որին անդամագրվեց որդու` Հովհաննեսի հետ. «Ես ամեն ինչում փորձում էի նմանվել հորս, նույնիսկ երկրաբան դարձա` հետեւելով նրա օրինակին: Նա ինձ վստահում էր, անգամ դպրոցական տարիքում նրա հետ հաղթահարում էի ցանկացած երկրաբանական երթուղի: Ուստի բնական էր, որ միասին ներկայացանք ՀԱԲ ու անդամագրվեցինք սահմանների պաշտպանության գործին»,- պատմում է որդին:

Սակայն որդու եւ հոր ճանապարհները բաժանվեցին, երբ վերջինս որոշում կայացրեց ստանձնել Մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարությունը: Մարտունաշենում կռիվն անխուսափելի դարձավ. 1991թ.-ի խորհրդային բանակը ադրբեջանական օմօնի հետ միասին հարձակվել էր Մարտունաշենի եւ Գետաշենի վրա` նպատակադրված ոչնչացնելու ոչ միայն գյուղերը` այլեւ ժողովրդին: Արցախը հայաթափելու «Օղակ» գործողությունը կանխելիս Սիմոն Աչիկգյոզյանը զոհվեց: Ազատամարտի վետերանների «Արաբո» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Արաբո» ջոկատի ենթահրամանատար Կարեն Ղազարյանն ասում է` վիրավոր հրամանատարը կփրկվեր, եթե համաձայներ, որ իրեն էլ մյուս վիրավորի հետ հանեինք կրակի տակից:

«Ես թշնամուն կպահեմ, մինչեւ վիրավորին հանեք»,- ասել է Սիմոնը ու շարունակել կրակելն ու երգել «Վաղուց եմ ուխտել կռվել ու մեռնել» երգը: «Քիչ քաջեր կան, որ իրենց կյանքը զոհելու ժամանակ երգել են հայրենասիրական երգեր, դրանցից էր Սիմոն Աչիկգյոզյանը»,-նշում է Կարեն Ղազարյանը, ապա ավելացնում, որ մինչ մահը Սիմոնը հասցրել էր գյուղի բնակչությանը հեռացնել մոտակա անտառներ. «Միայն չհասցրեց իմանալ, որ փրկված վիրավոր զինվորը իր սանն էր` արթիկցի Մկրտիչը»:

Կ.Ղազարյանի խոսքով` իրենք Ս. Աչիկգյոզյանին հարգանքով էին «Դեդ» ասում, քանի որ նա միշտ ջոկատի երիտասարդներին հետ էր պահում առաջին գծից, ասելով` «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, ինչ լինում է, թող ինձ լինի»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Բանակ և հասարակություն


13/07/2011