Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԸ



ՀԵՐՈՍԸ1

Ադամամութին կապիտան Դումբաձեն՝ մի փոքրամարմին ու ժրաջան մարդ, որ հենց նոր առաջադրանք էր ստացել, փնչոցով ներս ընկավ զորանոց և, այն է, ուզում էր, ձայնին ահեղություն հաղորդելով, գոչել՝ դասա՜կ, ոտքի՛, հանկարծակիի եկած՝ փուքսը թողեց և հողեղեն մահկանացուի առոգանությամբ ասաց. «Շարվեք, տղե՛րք, գնում ենք…»։ Զինվորներն արթուն էին։ Օրը նոր-նոր էր թարթում հիվանդ աչքը, բայց նրանք արդեն մտածում էին վաղվա մասին, երբ, ո՞վ գիտի, գուցե իրենցից ոչ ոք այլևս արևի երես չէր տեսնի…

Գիշերն անքուն լուսացրած մարտիկները անձկությամբ շալակեցին թիկնապարկերը և ուսելով զենքերը՝ մեկիկ-մեկիկ բարձրացան զրահամեքենաները։ Շարասյունը մոտեցավ կայազորի ուղեկալին։ Զրահաշտարակների շուրջը նստոտած զինվորները, շունչները պահած, մի միտք էին որոճում. «Երանի ետ դարձնեին…»։ Սակայն ուղեփակոցի կապն արձակվեց, և տղաները հուսախաբ հատեցին կենաց և մահու սահմանագիծը՝ մուտք գործելով ժամանակի և տարածության մի ավեր գոտի։

 

2

Զրահամեքենաների երկարաձիգ շարքը առաջ էր շարժվում նահանգային մայրուղիով, որը հարավում դեմ էր առնում ժայռապատին, իսկ հյուսիսից տրոհվում էր ավազուտով։ Եվ հիմա չակերտավոր այս ճանապարհի չար խորհուրդը ուղեկցում էր շարասյունը։ Կեսօրին սարսափազդու մեքենաները ճռինչ ու շառաչով խուժեցին Ղանդահար։

Հնադարյա քաղաքը առևտրական եռուզեռի մեջ էր, այնինչ մի ակնթարթում բանուկ մայթերն իսկույն նոսրացան. խանութպանն ու չարչին, լուռ նզովելով, գոցեցին դուքանների դռներն ու ցուցափեղկերը։ Ջահել կանայք, աղջիկները նողկանքով ծածկեցին երեսները՝ ի նշան ատելության, և մանկահասակ երեխեքին փեշի տակ առնելով՝ չքվեցին միջանցիկ քամու նման։ Մի քանի մոլեռանդներ մզկիթներից կանչեցին. «Կորե՜ք գրողի ծո՜ցը, դժոխքի զավակնե՜ր… ֆոլա՜ն ֆոլա՜ն շոդե՜…»։ Աֆղանցի ոստիկանը, որ գլխավոր (միակ) հրապարակի կենտրոնում տեղադրված միջնադարյան հրանոթ-կոթողի մոտ կանգնել և համընդհանուր իրարանցման մեջ կանոնավորում էր հատուկենտ ավտոների ու սայլերի երթևեկը, շտապեց ճամփա տալ «կարգախախտներին»։ Հինավուրց ոստանը խուլ հառաչեց, ինչպես չարորակ խոցից ազատված հիվանդը. շարասյունը հեռացավ։

Զրահապատ «ուղտերի» քարավանը մխրճվեց անապատի ավազուտները՝ ուղղություն բռնելով դեպի հեռավոր ղշլաղը, որն իր սակավ կանաչով ձուլվում էր հորիզոնի կապույտին։ Օրապահիկով ապրող գյուղը, որտեղ ամեն բան իր վրա նախաստեղծ նախնականության կնիքն էր կրում (Տերն էլ ասես արարչական իրավունքով պատսպարել էր տեղաբնակին «քաղաքակիրթ աշխարհից»), աչքաթողվել էր… Օրվա այն ժամն էր, երբ ջուրը տափաշշի մեջ սկսում է եռալ, և հետզհետե շաղվող գիտակցությանդ համար բարխաններին թավալվող ուղտերի անհաղորդ սակավապետությունը մարդկությանը հասցեագրված զազրելի ծաղր է թվում։ Խումբը շուրջկալեց գյուղը։

Կապիտան Դումբաձեն դետքեր առաքեց հետախուզության, մյուսները՝ նպաստավոր դիրքեր գրավելով, սպասեցին։ Շուրջը տիրող գերեզմանոցային լռությունը խախտում էր անասնագյոլից լսվող գորտերի վհատ կռկռոցը. չորս կողմն ամեն ինչ շնչում էր մարագների հարևանությամբ չորացող գոմաղբի գարշահոտությամբ։ Շինականն էլ կարծես, ցերեկվա տապից թլֆած, քնով էր անցել. մի աներևույթ, դավադիր խլրտոց կար այդ լռին խաբկանքում, ինչից կատաղի գազանը սկսում է վեհերել, պատեպատ զարկվել… Բոլորի համար անսպասելի խաղողի մարդաբոյ թփուտներում ճայթեց հրազենը, և զինվորները սրտատրոփ տարբերեցին օտարի ականջ կտրող կրակոցը։ Մարտի էին բռնվել հետախուզության գնացածները։ «Առա՛ջ… ցրվե՛լ… չկորցնե՛լ իրար…»,- լսվեց Դումբաձեի բեկբեկուն, տագնապալի ձայնը։ Եվ մինչ թիկունքում մնացածները կառաջանային յուրայիններին օգնելու, պայթյուններից խակ նուռը թափվեց, խաղողն անօրհնել մնաց։

Կռվի բորբոք միջոցին վայրի մասրենու մացառներից դուրս թռավ սերժանտ Նալյոտովը և հևիհև զեկուցեց հրամանատարին, թե օտարերկրյա մի վարձկան դարանել է հյուղերից մեկում, և որ ինքը «նստել է պոչին»։ Դումբաձեն հրամայեց, ինչ գնով էլ լինի, գերել շիկամազ «հյուրին»։ Եվ նա գնաց հանձնարարված հորդորը կատարելու…

Առաջինը լինելու հափշտակությունը ոգևորել, շլացրել էր սերժանտին. նրան շարունակ ներկայանում էր գալիքի սրտառուչ մի տեսարան, որին հոգևին հավատում էր։

 

3

Ապագան Նալյոտովին պատկերանում էր մարզկոմի շենքի դիմաց՝ հանդիսությունների հրապարակում, որը, անշուշտ, առավոտից բազմամարդ էր լինելու… Հավաքվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, թանկագին հյուրեր՝ մասնակցելու իրենց հերոսամարտիկ հայրենակցի պարգևատրման հանդիսավոր արարողությանը։ Ահա, մարզկոմի առաջին քարտուղարը ավարտում է իր «ինտերնացիոնալ», սխրալի պարտքը կատարած պատանու ծառայությունից հոգեցունց դրվագներով համեմված խոսքը, այնուհետև տոնականորեն զարդարուն բեմահարթակին ըստ դիրքի և պատշաճության տողան կազմած հյուրերից ամենապատկառելին՝ Իգոր Նիկոլայիչը, ծանրումեծ քայլերով մոտենում է իր ջահել անունը փառքով պսակած քաջին, բաց է անում թավշյա տուփը և արժանապատիվ դանդաղկոտությամբ, ի տես ալիքվող բազմության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրա փայլուն պիջակին ամրացնում է «Ոսկե աստղ» շողշողուն պարգևը՝ շնորհելով Հերոսի կոչում։ Երկայնահասակ, կորացած ուսերով նվագավարը դիմացից ծղրտում է Ֆարինելիի ֆալցետով՝ տո՛ւշ, տո՛ւշ՝ ջղաձիգ չափ տալով բազմության առջև շարված փողային նվագախմբին։ Հավաքվածների կրքոտ ծափողջույնները, ամբոխային շվվոցն ու բվվոցը տարերայնորեն միախառնվում են երաժշտության հնչյուններին՝ վերածվելով հախուռն ժխորի։ Շենքերի տանիքներից օդ բարձրացած անթիվ-անհամար աղավնիների խուճապահար թևաբախումից մարզի առավոտը մթնում է մի պահ։

Հասարակությունը չի հանդարտվում, բազմաթիվ վեր պարզված ձեռքեր տարերայնորեն ճոճվում են օդում՝ ի համակրություն հերոսի։ Թույլ սեռի ներկայացուցիչները հուրհրատող աչքերով փորձում են գեթ մի հեշտալի հայացք կորզել նրանից. ոմանք նույնիսկ անզուսպ ըղձանքով հանդուգն կոչեր են անում. «Արի հանդիպե՜նք, սիրունիկ տղա», «Ես քեզ գրել եմ, Նալյոտո՜վ, ինձ չե՞ս հիշո՜ւմ»…

Նալյոտովի մարմնով ցնծության սարսուռ է անցնում, նրա հայացքը զվարթ է, սիրատենչ, աչքերը կայծկլտում են կաթոգին հրճվանքից։ Նա սիրում է հայրենի եզերքը, աշխատավոր ժողովրդին, և այդ սիրուց սիրտը թրթռում է պատանեկան ավյունով։ Եվ ուզում է բանալ սիրտը բոլորի առաջ՝ համայն աշխարհի հետ կիսելով իր բերկրանքն ու ցնծությունը։ Չէ՞ որ կյանքն առաջվա համեմատ դարձել է մի քաղցր հայեցողություն… Նալյոտովը խոնարհում է ամոթխած հայացքը և ուրախությունից լաց է լինում…

– Խոսի՜ր, տղա՛, ձա՜յն տվեք քաջին,- բղավում են բազմության միջից։

Թանկագին Իգոր Նիկոլայիչը, բռնազբոս ժպտալով և ամբոխի հետ համահնչուն ծափ զարկելով, հրավիրում է առաջանալ բեմեզր։ «Խոսի՛ր, աղավնյակ, ժողովուրդը կամենում է լսել իր ընտրյալ զավակի ձայնը, կատարի՛ր նրա կամքը, Սավե՛լի Խարիտոնիչ, մի բան ասա՛, հոգիդ կթեթևանա, մեզ էլ գլխացավանքից ազատած կլինես, խոսի՛ր, Աստծո՛ւ սիրուն»,- խրախուսական թոթվելով ուսը, խրատում, համոզում է հյուրերից ամենապատկառելին։ Ու հանկարծ պայծառակերպության ընդոստ ոգին այցելում է նորաթուխ հերոսին, եւ փրթվում են մարմինն ու հոգին կաշկանդող կարկամության թելերը, նույնիսկ դեմքի արտահայտությունը մեկեն խոնարհից փոխվում է վճռականի (կյանքում առաջին անգամ իրեն անուն-հայրանունով են դիմում՝ այն էլ ո՞վ)։ Եվ պատրաստ է նորից կրակների մեջ նետվել, հարկ եղած դեպքում՝ մինչևիսկ զոհել ջահել կյանքը…

Նալյոտովը զինվորականին վայել ձգվածությամբ լոք է անում դեպի խոսափողը և, աջ ու ձախ օդային համբույրներ սփռելով, ժողովում է մտքերն ու դիմում է իր հազարավոր երկրպագուներին.

– Չե՛ք պատկերացնի, սիրելիներ, որքան երջանիկ եմ, որ նորից տեսնում եմ ձեր հարազատ, լուսավոր դեմքերը։ Առանց ձեզ ես վաղուց Աֆղանստանի անապատներում անթաղ կորած կլինեի՝ չախկալներին իբրև կեր։ Եթե չլինեիք դուք…

– Ի՞նչ կապ ունենք մե՜նք, պա՜րզ խոսի՜ր, բա՜ն հասկանա՜նք, մե՛ր տղա։

Սառնասրտորեն վերաբերվելով մի քանի տաքգլուխների ռեպլիկներին՝ արժանավայել ու ճարտար շարունակում է ընդհատված խոսքը.

– Դուք կարծում եք, թե ոչ մի կապ չունե՞ք, ո՜չ, չարաչար սխալվում եք, իսկի էլ այդպես չէ։ Այն արյունալի, ողբերգական օրերին որտեղ էլ լինեի՝ լեռներում՝ անասելի շոգից ծարաված, ուժասպառ կամ թե հրակեզ տափաստանի անհուշ խորքերում՝ ինչ-որ ղշլաղի մեջ պաշարված, երբ մահն անխուսափելի է թվում, նույնիսկ այդ ժամանակ դուք ինձ հետ էիք, իմ սրտում։ Մեկ առ մեկ խամրող հայացքիս առաջ էին գալիս ձեր հավատավոր-հավատարիմ աչքերը՝ պարզ ու անկեղծ։ Ձեր ներկայությունն իմ պատրանքներում փրկվելու, մաքառելու հույս էր ինձ ներշնչում, ստիպում էր հավատալ, որ իմ գործն արդար է, և որ իմ ճանապարհին չկա փակուղի… Գուցե կառարկեք, թե բախտս պարզապես բերել է, և որ ցնորքներով ոգեշնչվելը երեխայություն է. միևնույն է՝ ես հիմա հաստատ գիտեմ՝ եթե քեզ այցելած տեսիլքը առաջնորդելու հրեղեն ուժ ունի, ձգտումդ էլ հայրենանվեր է՝ երազանքդ անպայման կիրականանա։ Եվ մի՞թե կարող էին զգացումներս ինձ դավաճանել, երբ հոգիս ամրապատել էի ձեր հավաքական կերպարով, ինչն էլ ինձ թև էր տալիս, մղում սխրանքի, զոհաբերության՝ հանուն պայծառ ապագայի։ Հանուն այս օրվա։ Հոգուս անափ նվիրումով երախտապարտ եմ ձեզ, շնորհակալ եմ բախտին, որ դեռ այն ժամանակ կայիք իմ երազներում։ Ես ձերն եմ, դուք էլ՝ իմը, սիրելինե՛ր։

Վերջապես թեթևացած շունչ կքաշի, ինչը կնշանակի՝ ահա և ավարտեցի ուղերձս սրտալի, որ վաղուց փայփայել-փաղաքշել էի երևակայությանս պահոցում, բազմիցս շարադրել-շարադասել էի յուրաքանչյուր բառը՝ հիացական ցույցեր երևակայելով, ապա լայն կժպտա անթիվ-անհամար հայրենակիցներին, հարգարժան հյուրերին, գլուխ կտա, ինչպես տարիների տքնանքով փառքի գագաթնակետին հասած գիտնականը և իսկույն էլ հպարտորեն կսեպի. «Ես նորի՛ց ծնվեցի…»։

Հանդիսավոր տոնի հաջորդ առավոտյան մարզային թերթերը «Ոսկե աստղով տղան» վերտառությամբ ծավալուն հոդված-ակնարկներ կձոնեն ՀԵՐՈՍԻ պատվին, և հազարավոր օրինակներ, մինչեւ վերջինը, ջուր խմելու պես միանգամից կսպառվեն կրպակներում… Իսկ երեկոյան իր զավակին վերագտած ընտանիքը մալոռուսական սեղանի շուրջ կըմբոշխնի նշանավոր օրվա հիասքանչ տեսարանը, երբ ցուցարարները ձեռքերի վրա տուն էին տանում Նալյոտովին…

 

4

…Խռովարարների ուժերը կրկնապատկվեցին, դիմադրությունը վերաճեց հարձակման։ Կապիտան Դումբաձեն ցիրուցան խմբին նահանջի նշան տվեց։ Զինվորները անկանոն հետևեցին հրամանատարին։ Վերջինը նրանց միացան հետախույզները, որոնք տքնանքով ու տառապանքով բերում էին վիրավոր, թանձրամարմին Յարոմինասին, ով, ցավից ոռնալով, անընդհատ կրկնում էր. «Նալյոտովին գերության տարա՜ն…»։

 

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Հոգևոր-մշակութային


17/11/2016