Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ, ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ



Օրերս բանակ-հասարակություն կապի ընդլայնմանը նվիրված միջոցառումների շրջանակում 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասի զինծառայողների եւ Երեւանի արդյունաբերական քոլեջի սաների մասնակցությամբ կազմակերպվեց հերթական ինտելեկտուալ վիկտորինան, որին մասնակցում էին երկուական թիմեր: Նախօրոք ընտրված մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում էր քոլեջի տնօրեն Ա. Պողոսյանը:

Վիկտորինային մասնակցող զինվորական թիմերը փոխգնդապետ Ա. Խումարյանի գլխավորությամբ լուրջ էին նախապատրաստվել մրցույթին (հարցաշարն ընգրկում էր տարբեր ոլորտներ՝ հայոց լեզու, համաշխարհային պատմություն, գրականություն եւ աշխարհագրություն), եւ հենց նրանք էլ սկզբից եւեթ աչքի ընկան` գրավելով առաջին եւ երկրորդ տեղերը:

Մրցույթի ընթացքում առավել մեծ աշխուժություն ցուցաբերեցին պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Տ. Պետրոսյանը եւ շարքային Ռ.Եսայանը, որոնք էլ ճանաչվեցին լավագույնները:

Մրցույթի ավարտին քոլեջի տնօրեն Ա.Պողոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր զինծառայողներից, շեշտելով, որ նման միջոցառումները ունեն մեկ նպատակ` հաստատելու, որ Հայոց բանակը հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, եւ որ Ազգ-բանակ գաղափարի կայացման կարեւորագույն գործոններից մեկն էլ ուսանելի եւ ճանաչողական այսօրինակ միջոցառումների կազմակերպումն է:

Որոշում կայացվեց հաջորդ հանդիպումը կազմակերպել նոյեմբերի 17-ին՝ Ուսանողի օրը:

 

5-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


08/11/2016