Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Գաղտնիք չէ, որ սպայի կայացման, մասնագիտական վարպետության հասնելու հիմքերը դրվում են ռազմաուսումնական հաստատություններում, որտեղ ապագա սպաները ձեռք են բերում ենթակա ստորաբաժանման, կոլեկտիվի, զինվորի հետ նպատակաուղղված  աշխատանք կատարելու, մանկավարժական ազդեցության ձևերի, միջոցների և տարբեր մեթոդների կիրառման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ: Բայց սպայի կայացումը՝ որպես հրամանատար ու որակյալ ռազմական մասնագետ, տեղի է ունենում զորքերում՝  առօրյա գործունեության ընթացքում: Համաձայն մարտական պատրաստության պլանի՝ ս/թ հոկտեմբերի 3-ից կազմակերպվեց 4-րդ բանակային զորամիավորումում հետագա ծառայության նշանակված երիտասարդ սպաների հավաք: Հատկապես բարդ ու պատասխանատու է երիտասարդ սպաների ծառայողական-մասնագիտական և սոցիալ-հոգեբանական հարմարվողականության փուլը, ինչը  համընկնում է նրանց պաշտոնավարման սկզբնական ժամանակահատվածին` խոր ազդեցություն թողնելով սպայի հետագա ծառայության ընթացքի վրա: Համաձայն պլանի՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանի անմիջական հսկողությամբ սպաների հետ անցկացվեցին դաս-պարապմունքեր, որի ժամանակ երիտասարդ սպաները ծանոթացան զորամիավորման կազմավորման ու կայացման ընթացքին, ենթակա զորամասերին, ծառայության առանձնահատկություններին:

Նորավարտ սպաների կայացման գործընթացը միայն հրամանատարների իրականացրած աշխատանքներով չի սահմանափակվում: Այն միաժամանակ սպայի ինքնուրույն, համառ աշխատանքն է, ինչի արդյունքը գիտելիքների, հմտությունների, անձնական որակների ձեռքբերումը, զարգացումն ու կիրառումն է:

«Կարգապահության ամրապնդման առումով զինված ուժերում անգնահատելի է երիտասարդ սպաների դերը, քանի որ հենց երիտասարդ սպան է զինվորներին ամենամոտ կանգնածը` զինվորների համար հանդիսանալով հրամանատար, առաջնորդ, նաև՝ օրինակ: Ուստի երիտասարդ սպաների կարգապահության լավագույն դրսևորումն ինքնակարգապահությունն է: Միայն այդ դեպքում սպան բարոյական իրավունք կունենա զինվորի հանդեպ լինելու խստապահանջ»,- իր պարապմունքի ժամանակ նշեց ԲԶ հրամանատարի տեղակալ գնդապետ Վ. Հարությունյանը:

Բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալները և ծառայությունների պետերը իրենց պարապմունքերի ժամանակ անդրադարձան այն գործոններին ¥պատասխանատվության բարձրացում, անձնական կարգապահության որակների ամրապնդում, գիտելիքների պաշարների ավելացում, սկզբունքայնություն և այլն), որոնց ամրապնդումը իրենց դրական ազդեցությունն են թողնում ծառայության հստակ կազմակերպման վրա` դառնալով սպայի հեղինակության ձեռքբերման հենարան:

«Սպայի մասնագիտությունը հերոսական մասնագիտություն է, ինչն ապացուցվեց քառօրյա պատերազմի ժամանակ, երբ շարքային զինվորների հետ կողքկողքի մարտնչեցին սպաներ` զոհասեղանին դնելով ամենաթանկը՝ իրենց կյանքը»,- իր խոսքում նշեց բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը: Նա նշեց, որ գիտելիքները պետք է լրացնել և զարգացնել նաև ինքնակատարելագործմամբ`  օգտագործելով զինվորական մանկավարժության բաղադրատարրերի բոլոր հնարավոր ձևերը, մեթոդներն ու սկզբունքները:

Հավաքների ընթացքում զորային հրաձգարանում կազմակերպվեցին տարբեր մշակութաժամանցային միջոցառումներ, դաս-պարապմունքներ՝ նպատակ ունենալով ուսուցանել այն ամենը, ինչն անհրաժեշտ է ծառայության սկզբնական  ժամանակահատվածում:

ԲԶ թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


13/10/2016