Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ…



ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ

 

ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ...Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումը ըստ առաջադրանքի նախատեսված շրջանում կատարում էր մարտական խնդիր:

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերվա ժ. 00.30-ի սահմաններում մեր զորքերի տեղակայման շրջաններից մեկում տեղի էր ունեցել բնական աղետ:

19-ամյա Արթուրն ու Վարդանը ծառայակից ընկերներ էին (նրանք աշնանը պետք է զորացրվեին), այնքան մտերիմ, որ նրանց ծնողները քաջատեղյակ էին, որ Արմանը որոշել է շուտով ամուսնանալ, Վարդանին էլ նախապես կնքահայր էր «կարգել»: Նրանցից յուրաքանչյուրն իր հրետանային հաշվարկի լավագույն հրետանավորն էր. տեղակայման վայրում նախատեսված էր հրետանուց իրականացնել գործնական պարապմունքներ, պետք է որոշվեր լավագույն հրետանավորը. 2 ընկերներից ով էլ լիներ` երկուսի հաղթանակն էր նախօրոք էին որոշել: Ավա՜ղ չարաբաստիկ աղետը ծառայողական պարտականությունները կատարելիս խլեց երկու հայրենյաց պաշտպանի կյանք:

Ողբերգական դեպքից 3 ամիս անց, նույն օրը` սեպտեմբերի 7-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար խիզախ հայորդիները հետմահու պարգևատրվեցին «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» մեդալով:

Հոկտեմբերի 1-ին պետական բարձր պարգևները Գազարյանների և Ղրմաջյանների ընտանիքին անձամբ հանձնելու նպատակով զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն այցելեց ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք և ՀՀ Արարատի Մարզի Նիզամի գյուղ:

Նիզամիի հուզառատ հանդիպումը կայացավ Գազարյանների ընտանիքում: Այստեղ էին զոհված Արմանի հայրը, մայրը, 2 եղբայրները (որոնցից ավագը` Էմիլը ՀՀ ԶՈՒ երկարամյա զինծառայող է, փոխգնդապետ), ընտանիքի անդամները, ՏԻՄ ղեկավարությունը, դպրոցի կոլեկտիվի ներկայացուցիչներ, համագյուղացիներ: Զորամիավորման հրամանատարը սեղանի շուրջ նստած՝ անկեղծ զրույցի բռնվեց զոհված զինծառայողի հարազատների հետ, ապա հանդիսավորապես ընթերցեց ՀՀ Նախագահի հրամանագիրը Գազարյանների ընտանիքի խիզախ զավակին հետմահու պարգևատրելու մասին, որից հետո նա Արմանի մորը հանձնեց պետական բարձր պարգևը` «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» մեդալը:

ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ...-Դեպքը որքան էլ ցնցող է, իսկ կորուստը` ծանր, այնուամենայնիվ, խոր կսկիծն ու տխրությունն իրենց տեղը պետք է զիջեն վեհ արժանապատվությանն ու հպարտությանը. Ձեր որդին զոհվել է հանուն Հայրենիքի, իսկ դրանից ոգևորիչ ոչինչ չկա, -ասաց գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Իր հերթին, Արմանի մայրը հուզմունքով պատմեց, թե որդին ինչքա՜ն լավ էր արտահայտվում բանակի յուրաքանչյուր ծառայողական օրվա մասին.

-Սնունդդ ո՞նց է, բալե՛ս, էդտեղ ձեզ ո՞նց են կերակրում:

-Ամեն ինչ շատ լավ է, մայրի՛կ, ծառայությունս հոյակապ է անցնում: Շուտով կվերադառնամ…

Հոկտեմբերի 28-ին Արմանը կդառնար 20 տարեկան: Այդ օրը հարազատ դպրոցի բակում մեծ շուքով տեղի կունենա նրա հիշատակին կառուցված խաչքարի հանդիսավոր բացումը:

«ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» մեդալի հանձնումը Ղրմաջյանների ընտանիքին, տեղի ունեցավ էջմիածնի այն ավագ դպրոցում, որտեղ սովորել էր Վարդանը: Դպրոցի ընդարձակ նախասրահում կոլեկտիվը կազմակերպել էր զոհված կրտսեր սերժանտի հիշատակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթ, որտեղ հայրենասիրական երաժշտության խրոխտ հնչյունների ներքո հերոսական բանաստեղծություններով համեմված ասմունքն ու կոլեկտիվի ներկայացուցիչների հուզախառն խոսքերն ուղեկցվում էին էկրանին ցուցադրվող ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների դիմանկարներով ու Վարդանի մասին գողտրիկ պատմություններով: Այստեղ էլ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի խոսքն անկեղծ էր ու սրտառուչ: ՀՀ նախագահի հրամանագրի ընթերցումից ու պետական բարձր պարգևը զոհված զինվորի հարազատներին հանձնելուց հետո Վարդանի մայրը, մի կերպ զսպելով արցունքները, ներկաներին փոխանցեց իր ուրախության ու հպարտության զգացումները. «ՈՐԴԻՍ ԶՈՀՎԵՑ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարին, 1-ին բանակային զորամիավորման հրամանատարին և նշեց, որ, ինչպես Արմանի պարագայում, Վարդանը նույնպես մշտապես  գոհ էր ծառայությունից, երբեք չի տրտնջացել, չի դժգոհել.

-Մա՛մ, ամեն ինչ լավ է, շուտով կվերադառնամ…

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


06/10/2016