Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ



Ռազմակրթական հաստատություններում ամենապահանջվածը ավիացիոն եւ հետախուզության ֆակուլտետներն են

 

ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸՊաշտպանական բնագավառում տեղի ունեցած բարեփոխումներն իրենց լուրջ ազդեցությունն են թողել նաեւ ռազմակրթական ոլորտի վրա: Նորամուծությունների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում կրթությունը դարձել է առավել որակյալ: Զինված ուժերի զարգացման, մարտունակության եւ պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն են միտված շարունակական փոփոխությունները: Ռազմական կրթությունը չի կարող լճանալ, քարանալ, հետեւաբար՝ այն անընդհատ զարգանալու եւ փոփոխվելու է՝ ներառելով նոր գաղափարներ, ուսուցման արդիական միջոցներ: Այդ նպատակով էլ հաստատվել է ռազմակրթական հայեցակարգն ու իրականացման ծրագիրը: Առաջին քայլը Վազգեն Սարգսյանի եւ Մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների վերափոխումն է  համալսարանների: «Ինստիտուտների նոր կարգավիճակը հնարավորություն է ընձեռում իրականացնելու պետական հավատարմագրում: Սա կհանգեցնի կրթության որակի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանն ու ռազմական կրթության շարունակականության ապահովմանը»,- «Sputnik» մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության ՀՀ եւ արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը: Գնդապետը շեշտեց, որ  յուրաքանչյուր տարի ուսումնական ծրագրերը վերանայվում են. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մշակվել են նոր ուսումնական ծրագրեր նեղ մասնագետների պատրաստման համար: Այս տարի ռազմաավիացիոն համալսարանում որոշակի մասնագիտությունների գծով 4-ամյա կրթությունը դարձել է 5-ամյա: Սա ժամանակի պահանջն է. արդի տեխնոլոգիաների զարգացումը անհրաժեշտություն է առաջացնում անընդհատ վերանայելու ուսումնական ծրագրերը, որպեսզի հայ սպաները լինեն մրցունակ»,- ասում է նա:

Գնդապետ Դավթյանը հավելեց նաեւ, որ տարեցտարի ավելանում է ՀՀ ՊՆ պատվերով Հայաստանի տարբեր բուհերում կրթվող մասնագետների թիվը: Այս տարի ՊՆ պատվերով 100 ուսանող տարբեր բուհերում կրթություն կստանա: Շրջանավարտները հետագայում կհամալրեն ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում ավելացել են նաեւ երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացներն ու վերապատրաստումները: Երկու համալսարաններում էլ գործում է մեկամյա սպայական դասընթաց, որի ունկնդիրները, զորակոչվելով բանակ, կծառայեն որպես սպաներ: Դիմողները շատ են, հետաքրքրությունը՝ մեծ, սակայն ընդունման համար կարեւորագույն չափանիշ են համարվում տեխնիկական գիտելիքները, ֆիզիկայի եւ բարձրագույն մաթեմատիկական առարկաների տիրապետումը: «Այս տարի բազմաթիվ երիտասարդներ էին ցանկանում մասնակցել միամյա դասընթացներին: Ոգեւորված են հատկապես աղջիկները, սակայն հաճախ նրանց կրթությունը կաղում է»,-ասում է  Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական եւ գիտական աշխատանքների գծով պետի տեղակալ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը: Նույն խնդրին բախվել են նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ, գնդապետ Աշոտ Չոբանյանը շեշտում է, որ զինվորական ծառայության հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը մեծ է, կրթության մակարդակն ու ֆիզիկական պատրաստվածությունը՝ ցածր: Տարեցտարի զինված ուժերում ծառայելու ավելի մեծ ցանկություն են ցուցաբերում նաեւ աղջիկները: Միայն այս տարի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան է ընդունվել 4, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան՝ իգական սեռի 11 ներկայացուցիչ:

Ընդունելության քննություններից առաջ համալսարանների ղեկավարությունն արդեն գիտի, թե որ ֆակուլտետներում են լինելու ամենամեծ հոսքերը: Ռազմաավիացիոն համալսարանում ամենապահանջվածը ավիացիոն եւ ՀՕՊ ֆակուլտետներն են, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ հետախույզի մասնագիտությունը: Ի դեպ, աղջիկների գերակշիռ մասը հենց այս ֆակուլտետում է ցանկանում սովորել: Մասնագետները փաստում են, որ իգական սեռի սպաներն արդեն կոտրել են երկու կարծրատիպ: Աղջիկներն ապացուցել են, որ կարող են լինել լավագույնը ինչպես դիպուկահարի, այնպես էլ հետախույզի մասնագիտություններում:

Մրցունակությունը պահպանելու եւ մասնագիտական ունակությունները կատարելագործելու համար, միջազգային համագործակցության արդյունքում, հայ սպաները պարբերաբար վերապատրաստվում են նաեւ արտասահմանյան ռազմակրթական հաստատություններում: Աշխարհագրությունը լայն է՝ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա: Արտասահմանում ստացած կրթությունն ու փորձը համադրելով ունեցած բազային հենքի վրա՝ սպաները շարունակում են ծառայությունը զինված ուժերում: Թյուր տեղեկությունը, թե, իբր, հայ սպաները մեկնում են արտասահման վերապատրաստման եւ չեն վերադառնում՝ Սուրեն Դավթյանը հերքում է:  ՀՀ ՊՆ-ում աշխատելու ողջ ժամանակահատվածում նման դեպք չի գրանցվել, եթե գրանցվի էլ՝ օրենքը սահմանում է համապատասխան պատժամիջոցներ:

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Բանակ և հասարակություն


31/08/2016