Հայերեն | На русском | In English
Անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական ոսկե մեդալից, որ Ատլանտայում նվաճեց հայազգի անվանի ըմբիշ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, 20 տարի անց օլիմպիական չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը՝ դարձյալ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում: Նա Եվրոպայի կրկնակի և աշխարհի եռակի չեմպիոն է, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 98 կգ քաշային կարգի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար: Ատլանտայի խաղերից հետո Հայաստանը մասնակցել է 4 օլիմպիադաների, և այդ ընթացքում ոսկե պարգևին մոտ է եղել միայն Արսեն Ջուլֆալակյանը, որը 2012 թ. լոնդոնյան խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր:
Ընթացիկ օլիմպիական խաղերում 24-ամյա մեր տաղանդաշատ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր ուղին սկսեց 1/8 եզրափակչից՝ դժվարին հաղթանակ տանելով իտալացի Դաիգորո Տիմոնչինիի նկատմամբ (3:1): Քառորդ եզրափակչում գյումրեցի մարզիկը անհամեմատ վստահ գործեց և 8:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի Ալեքսուս Ցիուրարիուին:
Օլիմպիադայում Ալեքսանյանի լավագույն ելույթը թերևս կիսաեզրափակչում էր, երբ նա 9:0 հաշվով ջախջախեց թուրք Չենք Իլդեմին:
Իհարկե, Ռիո-2016-ը դարձավ լավագույնը նորանկախ Հայաստանի պատմության մեջ. Ալեքսանյանի ոսկե մեդալից զատ, մեր մարզիկները նվաճեցին եւս 3 արծաթե մեդալ՝ Միհրան Հարությունյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյան և Գոռ Մինասյան (ծանրամարտ): Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը նույնպես փայլուն ելույթ ունեցավ (5-րդ տեղ)՝ գերազանցելով Եվրոպայի առաջնության ժամանակ իր իսկ ցույց տված արդյունքը: Հուռի Գեբեշյանի զուգափայտի վրա կատարած 3600 պտույտով հնարքը մտավ մարմնամարզության համաշխարհային պատմության մեջ՝ ստանալով «Գեբեշյան» անվանումը:
Մեդալային հաշվարկով Հայաստանը 212 երկրների մեջ գրավեց 42-րդ հորիզոնականը:
ՌԻՈ-2016-ը ինչ-որ տեղ նաեւ դառը հիշողություն կարթնացնի շատերիս սրտում, քանի որ օրը ցերեկով՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ, տաղանդաշատ ըմբիշ Միհրան Հարությունյանից խլեցին օլիմպիական ոսկե մեդալը: Անգամ դահլիճում հավաքված հազարավոր երկրպագուներ պարգևատրման արարողության ժամանակ հոտնկայս ծափահարություններով ողջունեցին հաղթանակած հայ ըմբիշին, իսկ սերբ մարզիկի պարգևատրումը դիմավորեցին խայտառակ սուլոցներով ու բղավոցներով:
Տ. ԱՎԱԳՅԱՆ