Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, RIO



ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, RIOԱնկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական ոսկե մեդալից, որ Ատլանտայում նվաճեց հայազգի անվանի ըմբիշ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, 20 տարի անց օլիմպիական չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը՝ դարձյալ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում: Նա Եվրոպայի կրկնակի և աշխարհի եռակի չեմպիոն է, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 98 կգ քաշային կարգի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար: Ատլանտայի խաղերից հետո Հայաստանը մասնակցել է 4 օլիմպիադաների, և այդ ընթացքում ոսկե պարգևին մոտ է եղել միայն Արսեն Ջուլֆալակյանը, որը  2012 թ. լոնդոնյան խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր:

Ընթացիկ օլիմպիական խաղերում 24-ամյա մեր տաղանդաշատ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր ուղին սկսեց 1/8 եզրափակչից՝ դժվարին հաղթանակ տանելով իտալացի Դաիգորո Տիմոնչինիի նկատմամբ (3:1): Քառորդ եզրափակչում գյումրեցի մարզիկը անհամեմատ վստահ գործեց և 8:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի Ալեքսուս Ցիուրարիուին:

Օլիմպիադայում Ալեքսանյանի լավագույն ելույթը թերևս կիսաեզրափակչում էր, երբ նա 9:0 հաշվով ջախջախեց թուրք Չենք Իլդեմին:

Իհարկե, Ռիո-2016-ը դարձավ լավագույնը նորանկախ Հայաստանի պատմության մեջ. Ալեքսանյանի ոսկե մեդալից զատ, մեր մարզիկները նվաճեցին եւս 3 արծաթե մեդալ՝ Միհրան Հարությունյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյան և Գոռ Մինասյան (ծանրամարտ): Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը նույնպես փայլուն ելույթ ունեցավ (5-րդ տեղ)՝ գերազանցելով Եվրոպայի առաջնության ժամանակ իր իսկ ցույց տված արդյունքը: Հուռի Գեբեշյանի զուգափայտի վրա կատարած 3600 պտույտով հնարքը մտավ մարմնամարզության համաշխարհային պատմության մեջ՝ ստանալով «Գեբեշյան» անվանումը:

Մեդալային հաշվարկով Հայաստանը 212 երկրների մեջ գրավեց 42-րդ հորիզոնականը:

ՌԻՈ-2016-ը ինչ-որ տեղ նաեւ դառը հիշողություն կարթնացնի շատերիս սրտում, քանի որ օրը ցերեկով՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ, տաղանդաշատ ըմբիշ Միհրան Հարությունյանից խլեցին օլիմպիական ոսկե մեդալը: Անգամ դահլիճում հավաքված հազարավոր երկրպագուներ պարգևատրման արարողության ժամանակ հոտնկայս ծափահարություններով ողջունեցին հաղթանակած հայ ըմբիշին, իսկ սերբ մարզիկի պարգևատրումը դիմավորեցին խայտառակ սուլոցներով ու բղավոցներով:

Տ. ԱՎԱԳՅԱՆ

ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, RIO

ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, RIO

ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, RIO

ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, RIO

Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Հոգևոր-մշակութային, Մարզաշխարհ


24/08/2016