Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸ



ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ

մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ

Ավագ լեյտենանտ Արամ Գասպարյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 1-ին Մարտունի քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո՝ 2008-ին ընդունվել եւ 2012 թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝ ծառայության նշանակվելով սահմանամերձ զորամասերից մեկում՝ որպես 120մմ ականանետային մարտկոցի դասակի հրամանատար-մարտկոցի ավագ սպա: 2014 թվականին նրան շնորհվել է ավագ լեյտենանտի հերթական զինվորական կոչումը, իսկ մեկ տարի անց՝ նշանակվել նույն զորամասի 120մմ ականանետային մարտկոցի հրամանատար, որտեղ եւ ծառայում է մինչ օրս:

Երիտասարդ սպան ծառայության ընթացքում մշտապես իրեն դրսեւորել է բացարձակ դրական կողմերով: Բանիմաց, պարտաճանաչ, կարգապահ, ծառայողական պարտականությունները նվիրումով կատարող սպայի համբավ ունի:

-Վերադաս հրամանատարության առաջադրանքները կատարում է ճշգրտորեն եւ իր գիտելիքներն ու հմտությունները անմնացորդ փոխանցում է ենթակա անձնակազմին` միեւնույն ժամանակ դրական վարքով օրինակ ծառայելով զինվորների համար,- այսպես է նրան բնութագրում զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Դ. Եղիկյանը:

Ֆիզիկապես լավ պատրաստված, շարային շեշտված կեցվածքով սպան ընկերասեր է, ազնիվ, իր բոլոր նախաձեռնություններում անչափ հավասարակշռված է, շրջահայաց: Նա վայելում է ծառայակից ընկերների հարգանքն ու վստահությունը: Կարողանում է պահպանել ռազմական գաղտնիքը:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Ազգային բանակ


10/08/2016