Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ



ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ

Բրիտանացի լրագրող, Կարնեգիի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող

 

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎԹոմաս դե Վաալը ծնվել է Նոթինգհեմում (Անգլիա):

Նրա մայրը՝ Էսթեր Ալինը (ծնունդով՝ Լաունդիս-Մոյր), կրոնի մասին գրող է, իսկ հայրը անգլիական քահանա Վիկտոր դե Վաալն է:

 

Չափազանց լայն հնչեղություն է ստացել Թոմաս դե Վաալի հեղինակած «Սև այգի» գիրքը, որը նվիրված է Արցախյան պատերազմին: Արևմուտքում այն դիտվել է որպես պատերազմի մասին ամենաչեզոք աշխատությունը, որի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ հակամարտությանը:

Ադրբեջանում Թոմաս դե Վաալին հիմնականում մեղադրել են հայկական դիրքորոշում ունենալու մեջ: Հայաստանում գիրքը քննադատվել է մի շարք հայտարարությունների համար, որոնք հիմնված չեն որևէ հավաստի աղբյուրի վրա: Մասնավորապես՝ քննադատության է ենթարկվել Կապանից ադրբեջանցի փախստականների մասին ադրբեջանական բամբասանքները գրքում ներառելու փաստը:

 

Հարցազրույցներից մեկում դե Վաալը ասել է.

«Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստացել: Հայերը գրի ժողովուրդ են, դե, գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են: Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում. «Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել: Ինչո՞ւ»: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի էր, այսպես, օրինակ. «Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար: Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց, համոզված ենք, որ լավն է»:

 

Արցախյան հակամարտության հնարավոր վերսկսման մասին. «Եթե առաջիկա ամսում որեւէ առաջընթաց չլինի, ադրբեջանական կողմի մոտ գայթակղություն կլինի ինչ-որ բան ձեռնարկելու ռազմաճակատի գծում: Իրադրությունը, ցավոք սրտի, դեռեւս լարված է: Եվ, իրոք, մտավախություն կա, որ որոշ ժամանակ անց հակամարտությունը կվերսկսվի: Երկու կողմն էլ տարբեր բաներ են ցանկանում: Ադրբեջանականը ցանկանում է քաղաքական նոր գործընթաց, իսկ հայկականը, ընդհակառակը, ձգտում է ամրապնդել հրադադարի ռեժիմը: Հանրությունն էլ տաք է, այդ պատճառով բանավեճն ավելի է սրվում: Իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է»:

Ռուսաստանի դերի մասին.  «Կարծում եմ` Ռուսաստանին հաստատ պետք չէ հակամարտության վերսկսումը, որովհետեւ նա ռազմական պարտավորություններ ունի Հայաստանի առջեւ եւ չի ուզում փչացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ:  Նոր հակամարտության դեպքում Ռուսաստանը պարտավոր կլինի աջակցել հակամարտության մի կողմին, ինչը նրա շահերից չի բխում: Հնարավոր է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղարարներ լինեն, որպեսզի Ռուսաստանն ամրապնդի իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Բայց կարեւորը, կարծում եմ, Մոսկվան չէ, այլ՝ Բաքուն եւ Երեւանը: Վերջին խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է Իլհամ Ալիեւին եւ Սերժ Սարգսյանին: Չեմ կարծում, թե նրանք պատերազմ են ցանկանում, բայց միշտ վտանգ կա, որ ինչ-որ բան կսկսվի ոչ իրենց հաշվարկով, եւ դժվար կլինի կանգնեցնել այն»:

Իրանի դերի մասին. «Ինչ վերաբերում է Իրանին, դա հետաքրքիր, նոր գործոն է տարածաշրջանում: Իրանն անձայն վերադառնում է տարածաշրջան: Բայց դա դանդաղ գործընթաց է: Կարծում եմ` Իրանը կայունության գործոն է, քանի որ երկու երկրների հարեւանն է եւ հաստատ հակամարտություն չի ցանկանում: Հույս ունեմ` Իրանն ավելի դինամիկ դեր կխաղա:

Վերջին 25 տարվա ընթացքում Իրանը Հարավային Կովկասում հանդես է եկել խոշոր, սակայն հիասթափված դիտորդի կարգավիճակում՝ հետեւելով հյուսիսում կատարվող իրադարձություններին, սակայն դրանցում ունենալով փոքր մասնակցություն:

Իրանը սահմաններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Ռուսաստանի եւ Թուրքիայի օրինակով Իրանը հիմքեր ունի ենթադրելու (որոնք չեն ընդունվում տարածաշրջանում), թե ինքը նախկին կայսերական գերտերության ժառանգորդն է, եւ այս բոլոր տարածքները դեռեւս «իրենն են», անկախ այն հանգամանքից` 1828թ. ի վեր այդ տարածքներն այլեւս նրա տիրապետության տակ չեն:

Իրանն ամենաամուր հարաբերություններն ունի Հայաստանի հետ: Անցյալ տարի Հայաստանում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսի ընթացքում հանդես եկավ բավական արտասովոր հավակնություններով: Նա ասաց, թե Իրանից դեպի Հայաստան գազամուղը կարող է շարունակվել դեպի Վրաստան, եւ որ Իրանը չի հանդուրժի երրորդ երկրի խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Այս հայտարարությանը հաջորդող արձագանքի բացակայությունից կարելի է ենթադրել, որ դեսպանի հայտարարությունն ավելի շատ տպավորություն թողնելու փորձ էր, քան իրական քաղաքականություն: Այնինչ խելամիտ կլինի ակնկալել, որ իրանական նոր ջերմացումը կամրապնդի երկու հարեւան պետությունների տնտեսական կապերը: Սա կարող է կանաչ լույս դառնալ 300 մղոն երկարությամբ երկաթգծի կառուցման նախագծի համար, որի միջոցով Իրանը կապ կհաստատի Հայաստանի հարավի հետ, ինչը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին. «Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա է երկկողմանի ծայրաստիճան կասկածամտություն: Ադրբեջանի ընկալմամբ՝ Իրանը իսլամական պետություն է, որը տարածաշրջանային հնարավոր սպառնալիք է պարունակում: Բացի այդ, հարեւան այս պետությունը կարող է ակտիվացնել երկրի հարավային շրջաններում բնակվող շիա բնակչությանը: Իրանի ղեկավարության համար Ադրբեջանը հանդես է գալիս որպես կասկածելի աշխարհիկ պետություն, որը Իսրայելի բարեկամն է եւ կարող է մոբիլիզացնել Իրանի հյուսիսում բնակվող մեծ թվով ադրբեջանցիներին:

Թուրքիայի դերի մասին. «Թուրքիայի ազդեցությունը հավանաբար հետևյալն է. այն կարող է հանգստացնել ադրբեջանական կողմին»:

Փորձագետի կարծիքով. «Հակամարտության առանձնահատկությունն այն է, որ այստեղ ազգային հույզերը շիկացած են, քանի որ երկու ժողովուրդներն էլ արդեն քառորդ դար ապրում են այս հակամարտությամբ: Հակամարտության երկրորդ առանձնահատկությունը` վտանգն այն է, որ նրա աշխարհագրությունը շատ բարդ է, որ տարածաշրջանում խաղաղարարներ չկան: Հայերը նվաճում են, գրավում Ղարաբաղի շուրջ տարածքներ, ինչը, իհարկե, անընդունելի է Ադրբեջանի համար:  Մյուս կողմից, որպեսզի համոզեն նրանց հանձնել այդ տարածքները, Ղարաբաղի հայերին անվտանգության որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ, որը Ադրբեջանը չի տալիս: Այսպիսով՝ ստեղծվում է հակամարտության արատավոր մի շրջան, որը շատ դժվար է քանդել»:

Փորձագետի կարծիքով. «Լեռնային Ղարաբաղում մարտերի վերսկսումը վտանգավոր է մի ողջ տարածաշրջանի համար: Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չէ, ինչպես շատերը հաճախ կարծում են: 1994թ. հրադադարը պահպանվում էր զսպվածության և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հաշվարկների շնորհիվ: Վերջին տարիներին Ադրբեջանը միլիարդավոր նավթադոլարներ է օգտագործել զենքի ձեռքբերման համար, իսկ Հայաստանը պահպանել է հավասարակշռությունը Ռուսաստանի հետ ունեցած իր դաշինքի շնորհիվ: Հակամարտության գոտում կա ծանր զինտեխնիկա, շուրջ 20000 մարդ երկու կողմերից և ընդամենը մի քանի անզեն ԵԱՀԿ դիտորդ, ուստի մարտերի վերսկսման հնարավորությունը երբեք ավելի մեծ չի եղել: Որպես պարտված կողմ Բաքուն գիտակցում է, որ Հայաստանի նկատմամբ իր միակ ճնշման գործիքը հրադադարի խախտումներն են, որոնք հիշեցնում են ստատուս-քվոյի անընդունելիության մասին»:

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ճակատագրեր, Ռազմաքաղաքական


20/07/2016