Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցությունների ներկա փուլին՝ մատնանշելով Արևելյան գործընկերության շրջանակներում ընձեռվող համագործակցային հնարավորությունները:

Երկուստեք կարևորվել է հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որի շրջանակներում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները կշարունակեն վերապատրաստվել Լիտվայի ռազմաուսումնական հաստատություններում: Որպես համագործակցության լավ հեռանկարներ ունեցող ոլորտներ են մատնանշվել կիբեռանվտանգությունը և խաղաղապահությունը

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լիտվայի հարակից տարածաշրջաններում անվտանգության հետ կապված խնդիրների, այդ թվում նաև  արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նախարար Օհանյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Օլեկասն իր հերթին մտահոգություն է հայտնել ապրիլին իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ` ցավակցելով զոհված զինծառայողների ընտանիքներին: Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին։

Լիտվայի արտաքին գործերի նախարարն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում նախարար Լինկյավիչյուսը նաև մեծապես կարևորել է ՀՀԵՄ միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքը։

Խորագիր՝ Նորություններ


14/07/2016