Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՐԻ ՊԱՏԳԱՄԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ



ՀԱՅՐԵՐԻ ՊԱՏԳԱՄԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ…Կեսօր է: Կապույտ երկնքում շողում է արևը: Արարատի գագաթը անամպ ու պարզ է, վեհատեսիլ՝ անիրական լինելու չափ: Թվում է՝ ձեռքդ պարզեցիր, հասնելու ես նրան: Հոգուդ մեջ առասպելներ են արթնանում՝ մերօրյա սխրանքներով շունչ առած: Լեռը, ասես համակ ուշադրություն, ունկնդրում է զորամասի վաշտի կուրսանտների խրոխտ քայլերգը.

Մութ գիշեր է, մարտնչում են քաջերը,

Նպատակն է Արցախն ազատագրել,

Զինվորներ  մեր 18 տարեկան,

Ձեզ նման պատանին սարսափն է ասկյարի…

Զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Հ. Եգորյանը բանակում ծառայում է 18 տարի: Նրա խոսքն ասես ամփոփումն է հրամանատարի հետ իմ զրույցի:

-Նորակոչիկների՝ բանակի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է մեր զորամասում՝ ուսուցման գործընթացի առաջին իսկ օրից: Զորամասի հրամանատարական կազմն անում է ամեն ինչ, որ նոր համալրվող անձնակազմը շատ արագ հարմարվի ծառայության պայմաններին, անկաշկանդ զգա իրեն զինվորական խստակարգ առօրյայում: Առաջին իսկ օրից անհատական զրույցներ ենք անցկացնում, տեղեկանում ընտանեկան պայմաններին, բացատրում ուսումնական զորամասի դերն ու նշանակությունը, ծանոթացնում այն ամենին, որ վերաբերում է իր ծառայությանը: Մեծամասնությունն արագ հարմարվում է, առանց դժվարանալու հունի մեջ մտնում: Հիմնականում խնդիրներ ծագում են, այսպես ասած, փափուկ պայմաններում մեծացած տղաների հետ: Նրանք մի քիչ դժվար են հարմարվում, հարկ է լինում կրկին զրուցել, բացատրել, ոգևորել:

Ապագա մասնագիտությունը որոշելիս հիմնականում նկատի են առնվում նորակոչիկի կրթական մակարդակն ու առողջական վիճակը: Գերադասելի է ապագա տանկի հրամանատար, նշանառու-օպերատոր, մեխանիկ-վարորդ ընտրել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորած նորակոչիկներից, քանի որ դասընթացն ավարտելուց հետո նրանք ստանալու են կրտսեր սերժանտի կոչում: Նույնը՝ ՀՄՄ-ի առումով: Շատ կարևոր է, որ վեցամսյա ուսումնառությունից հետո նշանակված վայրերում մասնագիտական վարպետությամբ և բարոյակամային որակներով իրենց դրսևորեն լավագույնս, բարձր պահեն մեր ուսումնական զորամասի անունը:

Զորամասի հրամանատարի նշանակման տարին չի լրացել, սակայն կարճ    ժամանակահատվածում նրան հաջողվեց ստեղծել  համախմբված առողջ անձնակազմ: Ամեն հարցում աջակցում է ենթականերին, նրանց մտահոգող խնդիրներին լուծումներ գտնում:

Գնդապետ Եգորյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Կ. Մովսիսյանի ուղեկցությամբ մտնում եմ լսարան՝ հանդիպելու տանկային գումարտակի  մեխանիկ-վարորդ կուրսանտների հետ: Մինչ լսարան մտնելը հասցնում եմ ծանոթանալ Կ. Մովսիսյանի կենսագրությանը. տասը տարի ծառայել է ՀՀ սահմանային զորամասում: Քանի՞ երեխա ունի՝ հարցիս, կամացուկ ասում է.

-Մե՛կ,- ապա վստահ ավելացնում,- էլի կունենանք,- ու մեկեն փոխում է խոսքի նյութը,- գումարտակի բարոյահոգեբանական մթնոլորտը կայուն է: Ձգտում ենք    դաստիարակել մասնագիտությանը վարժ տիրապետող, օրինակելի ռազմիկներ:

Ընդարձակ, լուսավոր լսարան մտնելուն պես կուրսանտները մի մարդու նման ոտքի ելան, զվարթ, զիլ ձայնով ողջունեցին: Նրանց հայացքներում անսքող հետաքրքրություն կար՝ ո՞վ է իրենց դասն ընդմիջող անակնկալ այցելուն: Այդ հայացքները մղեցին ինձ տալու մի հարց, որ նախօրոք չէի ծրագրել: Ձեռքերի անտառ բարձրացավ: Լսում էի նրանց պատասխանները, ու հոգիս լցվում էր խինդով:

-Էդուարդ Մալխասյան: Ծնվել եմ Երևանում: Ունեմ քույր, եղբայր: Սովորել եմ «Փոքր Մհեր» կրթահամալիրում: Հայրս՝ Էդգար Մալխասյանը, մասնակցել է Արցախյան ազատամարտին, զինհաշմանդամ է: Ծառայելու եմ այնպես, որ հորս հանդեպ իմ պարտքը կատարեմ: Հպարտ եմ, որ տանկիստ եմ: Օր առաջ ուզում եմ լինել սահմանագծում…

Անհամբեր ընդմիջում եմ խոսքը.

-Հայրդ 1993թ. հոկտեմբերի 20-ին է վիրավորվե՞լ, վիրահատվել է Մարտակետի հոսպիտալո՞ւմ:

Էդուարդը զարմացած գլխով է անում՝ այո՜:

Էդգար Մալխասյանի մասին կարդացել էի Արցախյան ազատամարտի մասնակից, բժիշկ Արցախ Բունիաթյանի «Արյան գինը» վավերագրական գրքում: Անխոնջ վիրաբույժը վիրահատում էր մարտադաշտից հոսպիտալ հասցված վիրավորներին՝ չընկճվելով, չհուսահատվելով դեղորայքի, բուժսարքավորումների ու անհրաժեշտ այլ պարագաների պակասից, իսկ վիրահատությունից վիրահատություն դադարներին շարունակում էր գրառումններ կատարել օրագրում: Այսօր դրանք անգնահատելի թանկ էջեր են՝ ազատամարտի իրական պատմությունը՝ առանց գունազարդման և հենց դրանով մինչև հոգու խորքն ալեկոծող, տպավորիչ: 1993թ. հոկտեմբերի 20-ին Արցախ Բունիաթյանը գրել է. «Լյուլասազում վիրավոր կար: Գիշերը տղաները մեկնեցին բերելու: Շտաբից զանգում և արագացնում էին՝ ասելով, որ հիվանդի վիճակը ծանր է: Սպասում էինք: Դեռ մութ էր: Առավոտյան 05:30-ին բերեցին վիրավորին: Պատգարակին պառկած էր գունատ, ցավից, թուլությունից ավելի փոքրացած՝ գրեթե երեխա: 16-ամյա Էդգար Գրիգորի Մալխասյանն էր (Երևան, Հարավարևմտյան թաղամաս 9-րդ շենք, բն.54 ): Գնդակը մտել էր աջ կրծքագեղձից երկու-երեք սանտիմետր ներքև և դուրս եկել գոտկային շրջանից՝ ողնաշարից աջ: Վիճակը  ծանր էր: Շտապ վիրահատության կարիք կար: …..Կրծքավանդակը բացելուց հետո պարզվեց, որ թոքը լրիվ կպումների մեջ է… Վնասված էին ստոծանին, լյարդը: Մեր շարժական էլեկտրասարքում՝ «Հոնդայում», բենզին չկար: Մեկնեցին բենզին բերելու, իսկ վիրահատությունը շարունակվում էր գրպանի լապտերի թույլ լույսի տակ, որը վիրահատական դաշտի վրա էր ուղղել Յուրա Մարտիրոսյանը: …Հոգնած էինք, երբ վերջացրինք վիրահատությունը»:

Ամեն անգամ վերընթերցելով «Արյան գինը» գիրքը՝ մտորել եմ՝ որտե՞ղ է արդյոք Էդգարը, ամուսնացե՞լ է, երեխաներ ունի՞: Եվ, ահա, տարիներ անց` այս անակնկալ հանդիպումը նրա որդու հետ, երբ թշնամին կրկին հարձակվել է Արցախի վրա…

Սիրով, կլանված շարունակում եմ գրառել կուրսանտների խոսքերը, որոնցում տրոփում է հայրենիքի հանդեպ անանց սերը:

-Ես Սեյրան Կարախանյանն եմ Գյումրիից: Աշխատելու համար ծնողներս մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: Ես ծնվել եմ Մոսկվայում: ՌԴ քաղաքացի էի: Հայրս ասում էր. «Մենք կռվով ենք ազատագրել մեր հողերը, արյուն ենք թափել. եթե հայ տղան չծառայի հայոց բանակում, մեր հաղթանակը կհավասարվի 0-ի»: Նա պատմում էր Մոնթե Մելքոնյանի մասին, որը ծնվել էր Կալիֆոռնիայում, բայց եկավ Արցախ, և նրա հրամանատարությամբ մեր հողերը ազատագրվեցին: Երբ վերադարձանք Գյումրի, Մոնթեի մասին կարդացի պատմության գրքում. շատ քիչ էր գրված: ՈՒզում եմ նրա մասին շատ բան իմանալ:

– Ես Կարեն Հովհաննիսյանն եմ: Ծնվել եմ Էջմիածնում: Ավարտել եմ Վարդենիսի  պետական քոլեջը: Մասնագիտությամբ եռակցող եմ: Ուրախ եմ, որ ինձ ընդգրկեցին մեխանիկ-վարորդների դասընթացում:

– Ես Աշոտ Սահակյանն եմ: Երեք եղբայր ենք: Հայրս՝ Արա Սահակյանը, մասնակցել է Արցախյան ազատամարտին: Վիրավորվել է Հորադիզում: Երկրորդ խմբի զինհաշմանդամ է: Ես ծնվել եմ Կրասնոդարում: 2006թ. տեղափոխվել և մինչև 2012թ. ապրել ենք Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղում: Այնուհետև տեղափոխվել ենք Արտաշատ: Դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ստեղնաշարային գործիքների բաժնում: Մինչ օրս տանկ վարել եմ վարժասարքի միջոցով: Առաջին անգամ եմ իսկական տանկ վարելու: Անհամբեր եմ: Անհամբեր եմ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները:

Բարի ծառայություն, հրամանատա՛ր, բարի ծառայություն, կուրսանտնե՛ր, և թող ձեր ճանապարհին ծաղկի պես բացվեն հաղթանակները:

 

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/07/2016