Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ԽԱՂԱՂ ԼԻՆԵՆ Ե՛Վ ԱՇԽԱՐՀԸ, Ե՛Վ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ




-Արդեն 90 տարեկան դարձա,- մի քիչ ուրախ, մի քիչ թախծոտ ասում է Լյուդվիգ Պետրոսյանը,- կյանքն ի՜նչ արագ է թռչում, մեծացանք,- ժպտում է,- ասում էիր՝ ծնողների՞ցս պատմեմ, ինձնի՞ց։ Ծնողներս Կարսից փախել-եկել Կիրովականում էին հաստատվել։ Էդ էր պատճառը, որ ինձ շրջապատում հաճախ գաղթական Լյութո էին կանչում։ Սովորել եմ Կիրովականի N 3 դպրոցում։ Լավ էի սովորում, սպորտով զբաղվում։ Ծառայության մեկնեցի խորհրդային բանակ՝ Պսկով։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց Խորհրդա-ֆիննական պատերազմը։ Հրետանային գնդի մարտկոցի նշանառու էի։ Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեցի, ոտքս քանի՜ անգամ վիրահատեցին։ Էդ վիրահատություններից մեկի ժամանակ էլ լսում եմ բժշկուհի Միրոնովայի ու բուժքրոջ ծածուկ խոսակցությունը՝ «մեղք է, ջահել է, ոտքը ո՞նց կտրենք, սպորտսմեն էլ տղա է»։ Աչքիս արցունքը սրտիս մեջ է կուտակվում, հոգուս մեջ փոթորիկ է՝ գաղթական Լյութոն անո՞տ մնա, բա իմ երազանքնե՞րը սպորտի հետ կապված… Փառքդ շատ, Տեր Աստված, բժիշկները հազար ու մի միջոցների դիմեցին, ու գաղթական Լյութոն անոտ չմնաց…
Լյուդվիգ Պետրոսյանը պատերազմից տուն վերադարձավ երկրորդ կարգի հաշմանդամ։ Կիրովականի զինկոմիսարիատում աշխատանքի անցավ, բայց առանց աշխատավարձի. մարտական փորձն ու գիտելիքներն էր փոխանցում ռազմաճակատ մեկնողներին։ «Գեներալ Տուլենովից շնորհակալագիր եմ ստացել՝ զինակոչիկներին հրաշալի նախապատրաստելու համար,- հպարտությամբ ասում է ու շարունակում,- մի որոշ ժամանակ էլ Կիրովականի N 3 դպրոցում զինղեկ աշխատեցի։ Ճակատ մեկնած աշակերտներիցս բազմաթիվ շնորհակալական նամակներ էի ստանում. «Ձեր տված գիտելիքների շնորհիվ կարողացել ենք ոչ միայն մեր կյանքը փրկել, այլ նաեւ ուրիշների։ Հմտորեն տիրապետում ենք զենքին, արագ խրամատ ենք փորում։ Ռազմական գիտելիքներին տիրապետելը շատ կարեւոր է. կորուստները քիչ կլինեն»։
Պատերազմն ավարտվեց, կյանքն ընկավ բնական հունի մեջ։ Լյուդվիգ Պետրոսյանն էլ պարբերաբար բուժումների եւ համառ ու ջանադիր մարզումների շնորհիվ կարողացավ ոտքը (իր խոսքով ասած) քիչ թե շատ «շնորհքի բերել» ու մրցումների մասնակցել, դարձավ բազմակի չեմպիոն՝ թե՛ բասկետբոլից ու ֆուտբոլից, թե՛ դահուկային սպորտից։ Հայաստանի հավաքականի կազմում բազմիցս մասնակցեց միութենական մրցումների։ Նա իր կյանքն անմնացորդ նվիրեց սպորտին, արեց հնարավորն ու անհնարը, որ բարձրանա ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման որակը, որ մատաղ սերունդը լինի կոփված, դիմացկուն։ Աշակերտների, զինակոչիկների, բանվորների համար հաճախ էր կազմակերպում սպարտակիադաներ։
Երկար ժամանակ Կիրովականի սպորտկոմիտեի նախագահն էր։ Եղել է մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ։ Իր աշխատանքը նվիրումով է կատարել՝ միշտ անհանգիստ, եռանդուն ու նախաձեռնող։ Նրա առաջարկով են ստեղծվել Վանաձորի քաղաքային ստադիոնը, սպորտի պալատը, բասկետբոլի առաջին փակ դահլիճը, տաք ջրով լողավազանը, շախմատի ակումբը, խաղահրապարակներ (անուրանալի է նրա վաստակը, վստահ եմ, որ մի օր Լյուդվիգ Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծված կառույցներից մեկը կանվանակոչվի իր իսկ անունով)։ Մի խոսքով, արել է ամեն ինչ, որ Վանաձորը հռչակվի որպես մարզական-սպորտային քաղաք, որտեղ հարգում, մեծարում են անվանի մարզիկին։ Նա Վանաձորի պատվավոր քաղաքացի է, կրում է «Լոռվա ասպետ» տիտղոսը։
-Շատ եմ ուզում, որ մարդիկ կարեւորեն սպորտի դերը կյանքում, առօրյայում, քանի որ այն դրական հատկանիշներ է ձեւավորում մարդու մեջ՝ վճռականություն, հաստատակամություն, կամք եւ խիզախություն։ Ինչպես ասում են՝ առողջ հոգի՝ առողջ մարմնում։ Եթե մարդիկ առողջ ու սթափ դատեն, կհասկանան, որ պատերազմը անկուշտ երախ է, որ լափում է երազը, սերը, կյանքը… Թող աշխարհի բոլոր կռիվները, մարտերը միայն մարզական բնույթ կրեն։
Արցախյան պատերազմի ժամանակ պատերազմի եւ սպորտի վետերանը բազմիցս այցելել է զորամասեր, զրուցել զինվորների հետ, ոգեւորել, քաջալերել նրանց։
-Հպարտ եմ մեր բանակով, ուզում եմ, որ հայ երիտասարդները միշտ քաջ ու առնական լինեն, ֆիզիկապես կոփված։ Շուտով Գարեգին թոռս էլ է մեկնելու ծառայության։ Բարի եւ խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլոր զինվորներին եւ բարի վերադարձ հայրենի օջախներ։ Թող գան շենացնեն, ծաղկեցնեն մեր Հայաստան աշխարհը։ Ուրիշ ի՞նչ ասեմ. լավ, արժանավոր զավակներ ունեմ, 10 թոռ, 12 ծոռ։ Հարգանքը՝ տեղը, պատիվը՝ շատ։ Էլ ի՞նչ եմ ուզում… ուզում եմ, որ մեր էս անհանգիստ աշխարհը խաղաղ լինի, ու խաղաղ լինեն նաեւ մարդկանց հոգիները։

ԱԼԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #47 (862) 1.12.2010 - 8.12.2010, Ճակատագրեր


08/12/2010