Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ ԿՅԱՆՔ



«Իմ միտքը երբեք չի ազատվում սահմանին կանգնած հայ զինվորի պատկերից»:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

Բարև, իմ սիրելի «Հայ զինվոր»: Հուլիսի 7-ին կլրանա հայոց բանակում ծառայությանս երկու տարին: Այդ երկու տարիների ընթացքում «Հայ զինվորը» դարձել է իմ ամենահարազատ թերթը: Հենց այդ թերթից եմ ստացել թարմ լուրեր մեր երկրի ու սահմանին տիրող վիճակի մասին, կարդացել հետաքրքիր նյութեր զինվորի ու սպայի ամենօրյա ծառայության, բանակին առնչվող տարատեսակ թեմաների մասին: Մի քանի անգամ էլ թղթակցել եմ, ու «Հայ զինվորում» հրապարակվել են իմ հոդվածները՝ «Անմահները հրամայում են», «Հանդիպում Տավուշում», «Հայ ասպետը» մեկնարկում է», «Միմյանց սիրենք և օգնենք» վերնագրերով: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այդ հնարավորության համար: Այս անգամ էլ ուզում եմ թերթի միջոցով շնորհավորել մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան 54-րդ տարեդարձը:

Ծառայում եմ գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման զորամասերից մեկում: Հունիսի 21-ին զորամիավորումը նշեց իր կազմավորման 20-ամյա հոբելյանը, որին նվիրված տարաբնույթ միջոցառումներ ու տոնական միտինգներ եղան ենթակա ստորաբաժանումներում, նաև մեր՝ գնդապետ Ա. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Զորամիավորումը հիմնադրվել է 1996թ. հունիսի 21-ին, իսկ 2002թ. հունվարի 25-ին ստացել է մարտական դրոշ: Այն իրավամբ կարող ենք համարել իրենց անկոտրում կամքի, ոգու շնորհիվ Արցախյան ազատամարտի հաղթանակներ կերտած, նոր ժամանակներում արդեն մարտական պատրաստության գործում մեծ առաջընթաց արձանագրած բազում պանծալի զինծառայողների դարբնոց: Անձնակազմը հպարտության մեծ զգացում է ապրում, երբ լսում է զորամասի անցած ուղու մասին, պատասխանատվություն է զգում ձևավորված ավանդույթները շարունակելու և կատարելագործելու առումով:

-Հայ զինվորը ոգով ամուր է, քաջարի, վտանգի պահին առնական ու արի: Վստահորեն կարող եմ ասել, որ ի դեմս 1-ն զորամիավորման հայոց բանակն ունի լավագույն և առաջավոր, փորձառու և հարվածային, կայացած և օրեցօր ամրապնդվող զորական ուժ, որը հակառակորդի սանձազերծ նոր պատերազմի դեպքում իր վերջին ու ջախջախիչ հարվածը կհասցնի թշնամուն, սրբորեն  կկատարի իր բաժին հայրենասիրական առաքելությունը  և բոլոր կարգի մարտական առաջադրանքները,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պարոն նախարար, Ձեր կյանքի մեծ մասը Դուք անցկացրել եք բանակում, նվիրաբերել այն հանուն մեր անկախ Հայաստանի ու հզոր բանակի կայացման ու ամրապնդման: Ձեր ուրույն  մասնակցությունն եք ունեցել ամենատարբեր ռազմաճակատներում մղվող հերոսական մարտական գործողություններին: Այսօր Ձեր հմուտ ղեկավարման շնորհիվ բանակում իրականանում է 21-րդ դարի բանակներին բնորոշ արդիականացված տարրերի ներդրումը և զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մարդակենտրոն բանակի ստեղծման գործընթացը: Ձեր քրտնաջան աշխատանքի և մեծ  համբերության շնորհիվ մենք այսօր ունենք կազմավորված ու կազմակերպ, հզոր ու կայացած կանոնավոր բանակ, որն ի զորու է պատասխանելու ցանկացած ոտնձգությունների, պաշտպանելու իր երկրի խաղաղությունը, սահմանների անառիկությունն ու հայրենի եզերքի անդորրը: Պարոն նախարար, ես անձամբ իմ ու զորամասի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 54-րդ տարեդարձի առթիվ: Բարեմաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հարաճուն հաջողություններ հայոց բանակի ամրապնդման գործում: Չեմ հիշում, որտեղ եմ կարդացել, բայց չեմ կարող երբեք մոռանալ Ձեր այս խոսքերը. «Ես ամեն պահի «զգում եմ» զինվորին, իմ միտքը երբեք չի ազատվում սահմանին կանգնած հայ զինվորի պատկերից:  Այն զինվորը, որը 2 տարի պահում է սահմանը, հետո վերադառնում հասարակություն, իր հետ տանելու է սահմանի ուժը, ոգեղենությունը, սերը, հայրենիքի զգացողությունը… Սահմանի բարոյականությունը… Ու հետզհետե մաքրելու է հասարակությունը խորթ գաղափարներից ու բարքերից»:

Լավագույն մաղթանքներով ու շնորհավորանքներով՝

ԵՐՎԱՆԴ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ջոկի հրամանատար,

կրտսեր սերժանտ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ


07/07/2016