Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՐԴՈՂԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԻՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ



Ռուս-թուրքական հարաբերություններում վերջին շաբաթվա ընթացքում նկատված ջերմացումը չի կարող էապես փոխել Անկարայի ու Մոսկվայի միջև քաղաքական ուղեծիրը, քանի որ պայմանավորված է հիմնականում թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմամբ և ռազմաքաղաքական ու տնտեսական գործոններով:

 

ԷՐԴՈՂԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԻՐ ՎԱՐԿԱՆԻՇԸՎաշինգտոնում արդեն արձագանքել են Թուրքիայի նախագահի «սփոփիչ» նամակին և ՌԴ նախագահի հետ 40-րոպեանոց հեռախոսազրույցին: Սպիտակ տնից հասկացրել են, որ թույլ չեն տա իրենց հետ խոսել սպառնալիքի լեզվով և Անկարայից հստակ բացատրություններ են պահանջել: Թեև թուրք պաշտոնյաները փորձեցին որոշակի «հստակեցումներ» մտցնել, այնուամենայնիվ, ակնհայտ է՝ Վաշինգտոնում խիստ դժգոհ են ՆԱՏՕ-ի իր դաշնակցից, որը դեռ նոյեմբերին խոցելով ռուսական ինքնաթիռը, Ռուսաստանի հետ բախումնային իրավիճակ ստեղծեց դաշինքի համար, իսկ այսօր անպարկեշտ սեթևեթում է:

Վաղ է խոսել նաև ռուս-թուրքական նոր սկսվող սիրախաղի մասին, քանի որ հեռախոսազրույցը կամ այցելությունը դեռևս չի նշանակում հարաբերությունների բարելավում: Հայաստանի համար մտահոգիչ կարող է լինել այն, որ Ռուսաստանը Թուրքիայում կունենա իր ռազմական կամ տնտեսական  ներկայությունը, ինչը, սակայն, մոտակա տարիներին չի լինի, քանի որ ԱՄՆ-ն ու Եվրոպան դա թույլ չեն տա:

Այժմ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի գործոնով ազդել ԱՄՆ-ի վրա, որը Սիրիայում ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի քրդերին: Թուրքիան ցանկանում է հասնել նրան, որ ԱՄՆ-ն Սիրիայում դառնա ի՛ր դաշնակիցը և ոչ քրդերի: Թուրք վերնախավը փորձեց խաղարկել նաև հունիսի 28-ին Աթաթուրքի անվան օդանավակայանում  տեղի ունեցած ահաբեկչությունը: Նախագահ Էրդողանը գիտեր ահաբեկչությունների նախապատրաստման մասին դրանից 20 օր առաջ, և իրեն խիստ անհրաժեշտ էր նման մի իրավիճակ, որպեսզի աշխարհի ուշադրությունը սևեռի իր երկրի վրա: Փաստացի՝ Անկարան Միացյալ Նահանգներից և Եվրոպայից լուրջ զիջումներ է ակնկալում հիշյալ հարցերում: Լավ առիթ էին նաև Հռոմի պապի այցը Հայաստան և այստեղ արված հայտարարությունները, ինչպես նաև Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեն Մեծ Բրիտանիայում:

Բավական աշխուժացել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վերանայման գործընթացը, ինչի վառ ապացույցն են իր հանգուցալուծմանը հասած թուրք-իսրայելական հաշտեցման գործընթացները: Եվ պատահական չէ, որ Թել Ավիվի հետ հիմնախնդրի վերջնական կարգավորման մասին պաշտոնապես հայտարարվեց ճիշտ նույն օրը, երբ հրապարակվեց Պուտինին հղված Էրդողանի ուղերձը:

Այս երկու համաժամանակյա գործընթացներում առկա է լուրջ տրամաբանական կապ: Ի տարբերություն թուրք-ռուսականի, թուրք-իսրայելական հակամարտությունը տևեց ավելի քան վեց տարի, իսկ դրանց կարգավորման գործընթացը՝ ավելի քան երեք տարի, որի հիմնական ձգձգողը հենց թուրքական կողմն էր: Կարելի է կարծել, որ Թուրքիայի առաջնորդը, երկու հաշտեցման գործընթացները զուգահեռելով, փորձում է հնարավորինս նվազեցնել սեփական հեղինակությանն սպառնացող վնասի չափերը:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ռուսական կողմին նույնպես անհրաժեշտ է շարունակվող ռազմաքաղաքական և տնտեսական շրջափակումը թոթափելու, երկրի ներսում առաջացած տնտեսական խնդիրները հնարավորինս մեղմելու, Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում ստեղծված խնդիրները օգտագործելու և Անկարայի հետ նոր հնարավոր հեռանկարային համագործակցություն ստեղծելու  նպատակով:  Այդ համատեքստում  երկրորդական է դառնում անգամ հարաբերությունների կարգավորման համար Մոսկվայի՝ թուրքական իշխանություններին  ներկայացրած նախապայմանները նման եղանակով իրականացնելու հանգամանքը:

Այսպիսով՝ ռուս-թուրքական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումները միանշանակ փոխշահավետ գործարքի տրամաբանության ծիրում են:

 

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Տարածաշրջան


07/07/2016