Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է



Բանակի շարքերը մոտակա օրերին կհամալրեն հարյուրավոր նորակոչիկներ: Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ներկայացուցիչները զորակոչի նախաշեմին իրավական իրազեկման միջոցառումներ են անցկացնում մայրաքաղաքում ու մարզերում:  Զինակոչիկների և նրանց ծնողների հետ հանդիպումների ժամանակ հորդորվում է զորակոչի ընթացքում զերծ մնալ անօրինականություններից, զարտուղի գործարքներից, ընդգծվում է, որ ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից:

Զինակոչիկների ծնողներն ու հարազատները հնարավորություն ունեն բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու ստանալու սպառիչ պատասխաններ:

Վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել հունիսի 16-ին Լոռու և Շիրակի մարզերում։ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները տվել են պարզաբանումներ զինակոչիկների առողջական վիճակի հետազոտությունների, կայացվող որոշումների բողոքարկման ընթացակարգի, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության և զինծառայության հետ կապված քաղաքացիներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։

Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարը, որի շրջանակում ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են զորակոչի ամբողջ ընթացքին՝ բուժզննումից մինչև ծառայության վայրի ընտրության վիճակահանություն։

ՌՈ ներկայացուցիչները ծնողներին հորդորել են զարտուղի գործարքների մասին լուրերը հայտնել իրավապահ մարմիններին:

Խորագիր՝ Նորություններ


20/06/2016