Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ



Մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի նպատակային խախտումների դեպքում:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետներից և ականանետներից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև լույս 12-ի գիշերը:

ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Հակառակորդի արձակած կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության նույն օրը՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացրած դիտարկումից ժամեր անց, ինչը վկայում է, որ ադրբեջանական կողմն արհամարհում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը և հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:

 

Խորագիր՝ Նորություններ


12/05/2016