Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳՈՒ ՈՒԺԸ



ՀՀ Նկարիչների միությունում մայիսյան հաղթական օրերին պարբերաբար կազմակերպվում է պատերազմի թոհուբոհն անցած նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Նկարները գույների լեզվով պատմում են պատերազմի, հաղթանակի և խաղաղության մասին: Տարբեր պատկերներ են, սակայն բոլոր կտավներում կա մի ընդհանուր գաղափար` բողոք պատերազմի դեմ:

-Հաղթանակի օրը Նկարիչների միությունում հավաքվում են մեր նկարիչ վետերանները, հիշում Մեծ հայրենականը, հիշում զոհված ընկերներին,- ասում է միության քարտուղար Խաչատուր Ազիզյանը և շարունակում,- ցավոք, այսօր նրանց թիվը շատ է պակասել: Մի առանձնակի ջերմություն ու ակնածանք եմ զգում վետերանների հանդեպ, հորս եմ հիշում` նկարիչ Սուրեն Ազիզյանին, որը ևս անցել էր պատերազմի դժոխքով…

 

ՈԳՈՒ ՈՒԺԸԳեղանկարիչ Սուրեն Ազիզյանը նոր էր ավարտել Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, հազար երազանք ուներ, բայց պայթեց պատերազմը, ու նա էլ իր սերնդակիցների հետ մեկնեց ռազմի դաշտ: Ուկրաինա, Լենինգրադ, Կալինինգրադ… 45 թվականի ապրիլն էր, հայտնի էր` պատերազմը շուտով կավարտվի, ամեն մեկը կվերադառնա հարազատ օջախ, կշարունակի իրականացնել կիսատ մնացած երազանքները: Բայց հանկարծ կրակ տեղաց, մահվան խրախճանք էր: Թշնամին վերջին հուսահատ ճիգերն էր գործադրում: Սուրենը ծանր վիրավորվեց: Դաշտային բուժկետում առաջին օգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին Լենինգրադի զինվորական հոսպիտալ: Մայիսի 9-ը` իր ծննդյան օրն ու Հաղթանակի ցնծությունը դիմավորեց հոսպիտալում` վիրահատական սեղանին` անդամահատում էին ոտքը: Երիտասարդ  զինվորի հոգին ալեկոծ էր, հոգում փոթորիկ էր` չորս տարի անցել էր դժոխքով, ու երբ հաղթանակն այսքան շոշափելի էր, այսքան մոտ… Ռադիոյով Լևիտանը ազդարարում էր պատերազմի ավարտը:

Ավարտվո՞ւմ են արդյոք պատերազմները…

***

Կյանքն աստիճանաբար ընկնում էր հունի մեջ: Մարդիկ ստեղծում էին, արարում, վերականգնում պատերազմի ավերածությունները: Երիտասարդ Սուրենը նամակ է գրում նորաբաց գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր Արա Սարգսյանին. «Մի հույս և լույս է մնում ինձ: Եթե Դուք բարի լինեք և ինձ ընդունեք գեղարվեստի ինստիտուտ, ես կվերադառնամ Երևան, իսկ եթե ոչ` ինձ ինչ ուզում է թող լինի»: Պատասխանը չի ուշանում. «Բոլորս սիրով ու անհամբերությամբ սպասում ենք քո վերադարձին: Ջերմ բարևներով` Արա Սարգսյան»:

***

Դեռ Լենինգրադի զինվորական հոսպիտալում էր: Քույրը Երևանից բերել է տեղափոխվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Ոտքի վերքը փակված չէ. նվացող ոտքը մի կերպ քարշ տալով` գնացքից գնացք տեղափոխվելով, հասնում են Թիֆլիս: Եղբորը թողնելով կառամատույցում` քույրը գնում է կայարանապետի մոտ, որպեսզի բացառության կարգով առաջին իսկ գնացքով Երևան մեկնել թույլատրեն: Զինվորական պայուսակի վրա նստած՝ Սուրենը սպասում է քրոջը, երբ մեկը ձեռքը դնում է ուսին ու ռուսերեն հարցնում` վրացի՞ ես: Պատասխանում է` ո՛չ, հայ եմ, սպասում եմ Երևան գնացող գնացքին: Պարզվում է՝ գեներալ Սարգիս Մարտիրոսյանն է: Նա կանչում է համհարզին, պատվիրում, որ Սուրենին անմիջապես տեղավորեն իրենց վագոնում: Գնացքը հասնում է Երևան: Կայարանում դիմավորողների մի մեծ խումբ է հավաքվել: Իջնում է հենակներով: Սպասողների ծիծաղկոտ, զվարթ դեմքերը մեկեն աղավաղվում են` գիտեին, որ ծանր վիրավորվել է, բայց չգիտեին, որ ոտքը չկա: Ուրախությանը դառնություն է խառնվում:

***

Ոտքի վերքը չի լավանում: Ոսկրախտը սրվում է, կրկին վիրահատություն, բարեբախտաբար` վերջինը:

1946թ. հոկտեմբեր: Երևանի փողոցներով քայլում էր սլացիկ, թավ բեղերով մի երիտասարդ, հենակներով: Սուրեն Ազիզյանն արդեն գեղարվեստի ինստիտուտի ուսանող է: Բանաստեղծուհի Աղավնին մի քանի տող է նվիրել նրան.

Անցնում է ահա կանաչ պուրակով,

Ապոլոնի պես չքնաղ մի տղա,

Անցնում է, սակայն, նա հենակով,

Ափսոս, պատանու մի ոտքը չկա…

***

Ցավի, տառապանքի, փորձության միջով անցած Սուրեն Ազիզյանը ցաված հոգու սպեղանին նկարելու մեջ է գտնում: Նրա գործերում, սակայն, երբեք չեք տեսնի ցավի, տխրության, հոռետեսության կամ հուսահատության գույներ: Տարբեր ժանրերի նրա ստեղծագործություններից լույս է կաթում, լուսերգություն է նրա բարի, գեղեցկապաշտ հոգու ցոլանքը: Նրա ամեն մի ստեղծագործություն մի յուրօրինակ ձոն է կյանքին…

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Հոգևոր-մշակութային


12/05/2016