ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Զինվորական ծառայության ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս և ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների և խեղումների պատճառական կապի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո հինգ տարվա ընթացքում, սահմանել է ¥որոշել է) զինվորական ծառայության հետ հաշմանդամության ¥հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ: Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ` մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու ¥որոշելու) ժամկետից: Հաշմանդամության զինվորական կարգ նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից:
3. Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ զինծառայողները հաշմանդամ դառնալու դեպքերում ենթակա են պարտադիր պետական ապահովագրության:
Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը և պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ, ըստ որի վճարվում է`
– առաջին խմբի հաշմանդամներին՝ 500.000 դրամ,
– երկրորդ խմբի հաշմանդամներին՝ 400.000 դրամ,
– երրորդ խմբի հաշմանդամներին՝ 300.000 դրամ։
Միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
4. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման 13.1 կետի և ՀՀ պաշտպանության նախարարի 2014թ. հոկտեմբերի 27-ի N 1260 հրամանով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել 100.000 դրամի չափով միանվագ դրամական օգնություն`
– հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի ամուսնության,
– տարերային աղետի հետևանքով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու,
– հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
– հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
5. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները բժշկական օգնությամբ ապահովվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներով սահմանված կարգով:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում: Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
Օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում: (ՀՀ կառավարության որոշման նախագիծը քննարկման փուլում է):
ՀՀ կառավարության 2016թ. մարտի 17-ի «ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 263-Ն որոշմամբ՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման 1-ին հավելվածը լրացվել է նոր` 25-րդ կետով, ըստ որի` զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից:
6. Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին բնակարան ձեռք բերելու համար տրամադրվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն:
7. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներն օգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:
8. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի «ա)» կետի համաձայն` պետությունը երաշխավորում է ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9. ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման համաձայն` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառով հետագայում մահացած նախկին զինծառայողների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար, նրանց ընտանիքների անդամներին վճարվում է 1.400.000 դրամ:
10. Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի պահանջների և ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ՝ սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների մահվան դեպքում նրանց ընտանիքի անդամներին վճարվում է թաղման նպաստ` 200.000 դրամի չափով: Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
Ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
11. Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն և N 668-Ն որոշումների՝ զինծառայողներին նշանակվում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և ամենամսյա պարգևավճար:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակները հաշվարկվում են հետևյալ կերպ.
– Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը, իսկ կենսաթոշակի չափը կազմում է.
1-ին խումբ` 97.168 դրամ, որտեղ 42.168 դրամը կենսաթոշակն է, իսկ 55.000 դրամը պարգևավճարն է,
2-րդ խումբ` 84.144 դրամ, որտեղ 36.144 դրամը կենսաթոշակն է, իսկ 48.000 դրամը պարգևավճարն է,
3-րդ խումբ` 60.096 դրամ, որտեղ 24.096 դրամը կենսաթոշակն է, իսկ 36.000 դրամը պարգևավճարն է,
– հաշմանդամ դարձած պարտադիր ժամկետային զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը կազմում է.
ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձածներինը.
1-ին խումբ` 91.000 դրամ, որտեղ 36.000 դրամը կենսաթոշակն է, իսկ 55.000 դրամը պարգևավճարն է,
2-րդ խումբ` 74.000 դրամ, որտեղ 26.000 դրամը կենսաթոշակն է, իսկ 48.000 դրամը պարգևավճարն է,
3-րդ խումբ` 54.000 դրամ, որտեղ 18.000 դրամը կենսաթոշակն է, իսկ 36.000 դրամը պարգևավճարն է,
զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձածներինը.
1-ին խումբ` 55.000 դրամ, որտեղ 36.000 դրամը կենսաթոշակն է, իսկ 19.000 դրամը պարգևավճարն է,
2-րդ խումբ` 43.000 դրամ, որտեղ 26.000 դրամը կենսաթոշակն է, իսկ 17.000 դրամը պարգևավճարն է,
3-րդ խումբ` 33.000 դրամ, որտեղ 18.000 դրամը կենսաթոշակն է, իսկ 15.000 դրամը պարգևավճարն է,
– սպայական և ենթասպայական կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողի վերջին զինվորական ծառայության զբաղեցրած պաշտոնը և դրա համար սահմանված անձնական գործակիցը, ինչի արդյունքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը, ներառյալ ամենամսյա պարգևավճարը, կապված հաշմանդամության խմբի, հաշմանդամության հանգամանքի, տատանվում է 40.000 դրամից մինչև 156.000 դրամ:
ՀՀ ՊՆ ԶՍՊՎ
Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Սոցիալ-իրավական