Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից կանդրադառնանք պահակային ծառայության կազմակերպմանը՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դիտարկում, որոնցով առաջնորդվելու դեպքում կնվազեն պահակային ծառայության ԶԾԱ ռիսկերը:

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՍտորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը հրահանգավորում է պահակային անձնակազմին, ճշտում դաստիարակչական աշխատանքի պլանը և տալիս (բաժանում) մարտական թերթիկների բլանկները: Պարապմունքների վերջում ղեկավարը տեղանքի մանրակերտի և դիդակտիկ նյութերի օգտագործմամբ, հարցման միջոցով համոզվում է, որ անձնակազմը յուրացրել է կանոնագրքի համապատասխան դրույթները, ժամապահների ցերեկային և գիշերային երթուղիները, հրդեհաշիջման, կապի, ազդանշանային միջոցներից օգտվելու կանոնները, պահպանվող օբյեկտների տեղակայման վայրերը, դրանց անվանումները, ինչ կնիքներով (դրոշմներով) են դրանք կնքվում, և քանիսն են դրանք յուրաքանչյուր օբյեկտում, զենքի կիրառման, պահակակետում հրդեհի ծագման, օրինախախտին ձերբակալելիս ժամապահի գործողությունների պահեստային խմբի և հերթապահ ստորաբաժանման հետ փոխգործողությունների, ինչպես նաև պահակապետի հետ կապ պահպանելու կարգը:

Նախապատրաստման երրորդ փուլն անցկացվում է պահակային ավանում, պահակային ծառայության անցնելու օրը` օրվա կարգացուցակով նշված ժամերին:

 

Պահակային ծառայության անցնելու օրը զորամասի շտաբի պետը պահակախմբի և հերթապահ ստորաբաժանման փոխգործողությունները կազմակերպելու համար սահմանված ժամին անձամբ հրահանգավորում է պահակապետին և հերթապահ ստորաբաժանման հրամանատարին, դիտարկում է պահակակետերի տեղեկագիրը և հաստատում մարտական հաշվարկը:

Հերթապահ բժիշկը (բուժակը) պահակախմբի բուժզննում է կատարում. սկզբում զորամասի բուժկետում` պահակախմբերի անձնակազմի բուժզննման հաշվառված մատյանում կատարելով համապատասխան գրանցում, իսկ հետո օրվա վերակարգի փոխարինման ժամանակ` նշում կատարելով պահակակետերի տեղեկագրում:

Պահակային ավանում ստորաբաժանման հրամանատարը պահակային անձնակազմի հետ անցկացնում է զենքով կատարվող գործողություններ, այդ թվում նաև այն լիցքավորելիս և լիցքաթափելիս անվտանգության պահանջների կատարում, հրդեհի մարման, օրինախախտին ձերբակալելու, պահակակետն ընդունելու և հանձնելու ժամանակ ժամապահների գործողությունների, ինչպես նաև ձեռնամարտի վարժաձևերի գործնական պարապմունքներ` զորամասի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետի (հրահանգչի) ղեկավարությամբ: Որպես պարապմունքների ղեկավարներ, ուսումնական տեղերում ստորաբաժանման հրամանատարն ընդգրկում է ստորաբաժանման սպաներին և պահակապետին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում (զորամասի հրամանատարի որոշմամբ) զորատեսակների և ծառայությունների պետերին:

Պահակախումբն իր ենթակայությամբ ընդունելուց հետո պահակապետը վաշտի (գումարտակի) հրամանատարին զեկուցում է պահակախմբի պատրաստականության մասին. պահակախումբը զորամասից նշանակվելու դեպքում ստորաբաժանման հրամանատարի` պահակախմբի (պահակության) կազմակերպման ու նախապատրաստման պարտականություններն ստանձնում է զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը: Պահակախմբի ծառայության կազմակերպման և տեսական ու գործնական նախապատրաստությունը վերահսկում է զորամասի վարչության սպան, օրվա վերակարգի փոխարինման ժամանակ պահակային անձնակազմին հիշեցնում են ժամապահի անձեռնմխելիության, զենքի կիրառման կարգի և ծառայության անվտանգության պահանջների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԿուՊԾ կանոնագրքի դրույթները:

Պահակախմբի հերթափոխից հետո ստորաբաժանում գալուն պես պահակապետը շարում է անձնակազմը և ստորաբաժանման հրամանատարին զեկուցում մարտական խնդրի կատարման մասին. «Պարո՛ն կապիտան, պահակախումբը լրիվ կազմով ներկայացել է, ծառայության ընթացքում պատահարներ չեն եղել (պատահել է այս-այս): Պահակապետ` լեյտենանտ Մկրտչյան»:

Ընդունելով պահակապետի զեկույցը` վաշտի (մարտկոցի) հրամանատարը ծանոթանում է պահակակետերի տեղեկագրում գրանցված բոլոր դիտողություններին: Հաջորդ օրն այն վաշտի (մարտկոցի), որից նշանակված էր պահակախումբը, ամբողջ անձնակազմի հետ անցկացվող պարապմունքի (վարժանքների, տեղեկատվության) ժամերին վերլուծում է կատարված ծառայությունը և պահակակետերի տեղեկագիրը մարտական հաշվարկի հետ ուղարկում գումարտակի (դիվիզիոնի) շտաբ` նշելով դիտողությունների վերաբերյալ ձեռնարկված միջոցները: Գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը (շտաբի պետը) ուսումնասիրում է պահակախմբի ծառայության արդյունքները, գրառում է կատարում պահակակետերի տեղեկագրում ձեռնարկված միջոցների վերաբերյալ և հանձնում այն զորամասի շտաբ: Զորամասի շտաբի պետը երեք օրվա ընթացքում ծանոթանում է պահակակետերի տեղեկագրին և թերությունների առկայության դեպքում պատրաստում առաջարկություններ՝ դրանք վերացնելու համար, զորամասի հրամանատարին է ներկայացնում պահակակետի տեղեկագիրը և իր առաջարկությունները` ծանոթանալու և որոշում ընդունելու համար:

Պահակապետերի և նրանց օգնականների նախապատրաստումը կատարվում է 2-3-օրյա հավաքների ընթացքում, ուսումնական փուլից առաջ` ստուգարքների ընդունմամբ և ծառայության թույլատրելու հրամանի արձակմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս` մարտական խնդրի կատարման առանձնահատկությունների, պարտականությունների ուսուցմանը նվիրված պարապմունքների ընթացքում:

Հրամանատարները և շտաբներն ամիսը մեկ անցկացնում են հերթապահ ուժերի և միջոցների` պահպանվող օբյեկտների վրա հնարավոր հարձակումների ետմղման պարապմունքներ ու վարժանքներ` պահակախմբերի համագործակցությամբ: Պահակախմբի և հերթապահ ստորաբաժանման հետ պարապմունքի համար պատրաստվում է պլան-համառոտագիր: Պահակախմբում նշանակված յուրաքանչյուր զինծառայողի պարբերաբար հայտնվում է զգոնության կորստի հետևանքով կատարված խախտումների, ժամապահի պարտականությունների նկատմամբ քմահաճ վերաբերմունքի պատճառով քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ժամապահների վրա հարձակման և մահվան փաստերի մասին:

Շարունակելի

Գ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

ԿուՊԾ բաժնի պետ

գնդապետ