Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐ



ՊԱՊՅԱՆՆԵՐ

Իշիմ քաղաքում (ՌԴ Տյումենի մարզ) կանգնեցված է Լեւոն Պոպովի կիսանդրին։ Նա Կարմիր կիսալուսնի համառուսաստանյան ընկերության հիմնադիրներից էր, վերջինիս կոլեգիայի նախագահը։ Մասնագիտությամբ բժիշկ՝ Լեւոն Պոպովը հսկայական գործ է կատարել Առաջին համաշխարհային պատերազմի տարբեր ռազմաճակատներում հոսպիտալների կազմակերպման, համաճարակների կանխման ուղղությամբ։ Նա Կարմիր կիսալուսնի մամուլի կազմակերպիչն ու ղեկավարն էր, ընկերության պաշտոնաթերթի առաջին խմբագիրը։ 1919թ., երբ Ռուսաստանում տարածվեց բծավոր տիֆը, նա ձեռնամուխ եղավ բժշկական ջոկատների կազմակերպման ու ղեկավարման դժվարին աշխատանքին։ Ինքը, որպես Կարմիր կիսալուսնի 42-րդ համաճարակային ջոկատի կոմիսար, մեկնեց Իշիմ, կազմակերպեց հոսպիտալ եւ հարյուրավոր մարդկանց կյանք փրկեց, բայց չկարողացավ փրկել ինքն իրեն՝ վարակվեց տիֆով եւ մահացավ 1919թ. դեկտեմբերի 15-ին։ Հետագայում, ի հավերժացումն նրա հիշատակի, հուշատախտակ փակցվեց այն շենքի պատին, որտեղ աշխատել էր նա, ապա կանգնեցվեց նրա կիսանդրին։
Լեւոն Պոպովը Պապյանների գերդաստանի զավակներից էր, արմատներով Արցախից։
Գերդաստանի ավագը Խաչիկ Պապյանցն էր՝ ծնված Շուշիում, գինեգործի ընտանիքում։ Զբաղվում էր խաղողագործությամբ, լեռնային պայմաններում խաղողի նոր տեսակների աճեցմամբ, բայց խառնակ ժամանակները նրան ստիպեցին տեղափոխվել Օդեսա, որտեղ էլ սկսեց կոչվել Քրիստափոր Պոպով։ 19-րդ դարի կեսերն էին։ 1860թ. հիմնավորվում է Աքերման քաղաքում (ներկայումս՝ Բելգորոդ-Դնեստրովսկ), մեծ հեղինակություն վայելում որպես խաղողագործ, դառնում տեղի հայ համայնքի առաջնորդը։ Նրա տունը հավաքատեղի էր հայերի համար, մայրենիից բացի տիրապետել է ռուսերենին, ուկրաիներենին, մոլդավերենին, ռումիներենին եւ եբրայերենին։ Բազմաթիվ լեզուների էր տիրապետում նաեւ կինը՝ Թագուհի Ետիկյան-Պոպովան։
Բժիշկ եւ իրավաբան էր նրանց առաջնեկը՝ Ալեքսանդրը։ Տարվելով հեղափոխական գաղափարներով՝ նա ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին, քրոջ՝ Ելենայի եւ եղբոր՝ Անդրեյի հետ կազմակերպում գրական-գեղարվեստական խմբակներ, գրում բանաստեղծություններ, կատարում թարգմանություններ, որոնց բնագրերը պահվում են Օդեսայի երկրագիտական թանգարանում։ Հակապատերազմական ցույցերին մասնակցելու համար նա բազմիցս հալածվել է, նետվել բանտ։ Մահացել է 1921 թվականին։
Կարճ կյանք ունեցավ Անդրեյը՝ ապրեց ընդամենը 29 տարի։ Ավարտել էր Նովոռոսիյսկի համալսարանը, ապա, հաստատվելով Օդեսայում, ծավալել ակտիվ հասարակական գործունեություն։ 1905թ. հրեական ջարդերի դեմ ելույթների համար նրան ձերբակալում են սեւհարյուրյակայինները, տանջահար անելով սպանում եւ դիակը նետում ծովը։
Ողբերգական եղավ Ելենայի ճակատագիրը։ Ավարտելով Պետերբուրգի համալսարանը՝ ակտիվորեն մասնակցում է ուսանողական շարժումներին։ Ամուսնացած լինելով հայտնի հեղափոխական Վ. Կլիմինի հետ՝ 1911-ին ընտանիքով ձերբակալվում է եւ աքսորվում Սիբիր, որտեղ կորցնում է ե՛ւ ամուսնուն, ե՛ւ երեխաներին։ Ենիսեյի նահանգում աշխատում է որպես մանկական բժիշկ, ժամանակ անց մեծ դժվարությամբ վերադառնում Մոսկվա եւ շարունակում աշխատել իր մասնագիտությամբ։ Այնուհետեւ Ելենան տեղափոխվում է Բեսարաբիա՝ խնամելու մենակ մնացած հորը, միաժամանակ զբաղվում է բժշկությամբ։
1944թ. մարտին գերմանական ֆաշիստները բռնազավթած Բեսարաբիայից (1940-ին այն միացվել էր ԽՍՀՄ-ին) մեծ թվով բնակիչների տեղահանում եւ ուղարկում են Ռումինիա։ Լինում են չենթարկվողներ, ու դրանց մեջ՝ Ելենան։ Մյուսների հետ նրան նույնպես գնդակահարում են։
Գերդաստանի մյուս զավակը՝ Միհրանը, որը բժիշկ էր, իր եղբայր Լեւոն Պոպովի պես բծավոր տիֆի դեմ մղվող պայքարի օրերին ինքն էլ վարակվում է այդ ախտով եւ մահանում (1910)։
Պապյանները բարի հետք են թողել իրենցից հետո։ Աքերմանի, այժմ Բելգորոդ-Դնեստրովսկի երկրագիտական թանգարանի սրահներից մեկը նվիրված է նրանց գերդաստանին։

ՆՈՐԱՇԽԱՐՀՅԱՆՆԵՐ

Նորաշխարհյանների (թուրքերեն՝ Ենի-Դունյա՝ «նոր աշխարհ» անվանումից) հինավուրց իշխանական տոհմը հիշվում է 10-11-րդ դարերից, երբ, ավանդության համաձայն, Անիից գաղթել են Կիլիկիա։ Մինչեւ 18-րդ դարը կոչվել են Վասիլյաններ, ժառանգաբար եղել Բարձրբերդի, Կապանի, Քեսունի իշխաններ։ Առավել մեծ ազդեցություն են ունեցել Զեյթունում, որտեղ հաստատվել են 16-րդ դարում։ Տիրելով հարստության եւ իշխանության՝ շարժել են մրցակից տոհմերի նախանձն ու ամբաստանվել, որի հետեւանքը եղել է այն, որ Օսմանյան կառավարությունը նրանց աքսորել է Եգիպտոս (1702թ.)։ Ավելի քան 40 տարի անց վերադառնալով աքսորից՝ հալածել են իրենց թշնամիներին եւ վերականգնել Նորաշխարհյանների երբեմնի ազդեցությունը Զեյթունում։
Տոհմը պատմության մեջ մտել է Զեյթունի ազատագրական պայքարում իր խաղացած նշանակալից դերով։ Զեյթունցիների 1862թ. ապստամբության առաջնորդներից է եղել տոհմի ներկայացուցիչ Ասատուր Ենի-Դունյան, որը թաղապետ էր եւ մեծ հեղինակություն էր վայելում ինչպես Զեյթուն քաղաքում, այնպես էլ համանուն գավառում։
Զեյթունցիների 1877-78թթ. ապստամբության ղեկավարը Պապիկ Նորաշխարհյանն էր, որին ժողովուրդը կոչում էր Պապիկ Իշխան։ Նրա կոչով է, որ Զեյթունի ապստամբ բնակիչները գավառից վտարեցին թուրք պաշտոնյաներին եւ մի քանի տարի ապրեցին կիսանկախ վիճակում։ Ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո թուրքական իշխանությունը մեծացրել է ճնշումը զեյթունցիների վրա, բանտարկել եւ խոշտանգել նրանցից շատերին, այդ թվում՝ Պապիկ իշխանի մորը եւ կնոջը։ Կազմակերպելով 400 մարտիկներից բաղկացած ամուր զորախումբ՝ Պապիկ իշխանը կարողացել է ոչ միայն ազատել պատանդներին, այլեւ ստիպել թուրքական իշխանությանը իրեն ճանաչել Զեյթունի քաղաքագլուխ։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչեւ իր մահը (1886)։
Զեյթունցիների 1895թ. ապստամբության ղեկավարը նույնպես Նորաշխարհյանների տոհմից էր՝ Նազարեթը։
Նորաշխարհյանները դեռ երկար ժամանակ՝ մինչեւ Զեյթունից հայերի բռնի տեղահանումը, (1921) պահպանել են իրենց ազդեցիկ դերը տեղի հայերի շրջանում։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Պատմության էջերից


15/06/2011