Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԼԵՎՍ ՀԱՄԱԼՐՎԱԾ ԵՆ ԲՈԼՈՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ. ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԸ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ



ԱՅԼԵՎՍ ՀԱՄԱԼՐՎԱԾ ԵՆ ԲՈԼՈՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ. ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԸ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆԱյս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, և կարծում եմ, որ այսօրվա հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք արցախյան ամբողջ ճակատում:

Ես իմ երախտիքի խոսքն եմ հղում մեր բոլոր մարտական ընկերներին, բոլոր կամավորականներին: Այդ խոսքերը ոչ միայն ես եմ հղում, այլև, կարծում եմ, ամբողջ ժողովուրդը, մեր ղեկավարությունը, և հատկապես` բանակի ողջ անձնակազմը:

Վտանգի պահին մենք միշտ միասնական ենք եղել: Եվ այս փորձությունն նույն կերպ էլ մենք մեզ վրա վերցրեցինք: Այսպիսի փորձություն մեզ միշտ սպասում է: Սա ուզում եմ ասել այն կամավորականներին, ովքեր եկան, հերթագրվեցին, արտահայտեցին իրենց պատրաստակամությունը, բայց քանի որ պաշտպանության բանակի հրամանատարությունը դիմել է ինձ և իր երախտիքի խոսքերի հետ միասին ասել, որ այլևս համալրված են բոլոր ստորաբաժանումները, մնացածը թող զբաղվեն իրենց մարտական պատրաստությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն Արցախ:

Այս խոսքերն ուզում եմ փոխանցել իմ բոլոր մարտական ընկերներին և ասել, որ երբևիցէ չհուսահատվեք, չընկճվեք: Մեզ անպայման անհրաժեշտ են համարձակ մարտական ընկերներ: Այդ համարձակությունը, զգոնությունը թող միշտ ձեզ հետ լինի, և լինելով այստեղ` Հայաստանում, միշտ պատրաստ եղեք, որովհետև մեր պայքարը մշտական է, անհրաժեշտության դեպքում մենք ձեզ կտեղեկացնենք, և դուք անպայման կմեկնեք Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու:

Մենք, իհարկե, այս օրերին, հաջողությունների հետ մեկտեղ, շատ-շատ զինծառայողների, ազատամարտիկների հարազատների հետ ցավ ենք ապրում, որովհետև նրանք իրենց կյանքը տվել են մեր Հայրենիքի սուրբ հատվածի` Արցախի պաշտպանության համար: Այսօրվա մեր ունեցած հաջողությունները, հաղթանակները մեզ անպայման ստիպում են, որ ցավը շաղախվի մեր հերոսների կատարած սխրանքի հետ և կարծրանա որպես պատասխանատվություն` հետագա մեր գործողությունների համար:

Եվս մեկ անգամ իմ շնորհակալական խոսքն եմ հղում ձեզ բոլորիդ, եղեք համբերատար, և անպայման հաղթանակները կլինեն մեզ հետ:

Խորագիր՝ Նորություններ


07/04/2016